суббота, 13 декабря 2025 г.


Երեկ, տուն վերադարձիս, 

էլեկտրասյանը հենված

Տոնածառ նկատեցի։ 

Սկզբում մտածեցի ՝

հա, ինչ անենք, 

երևի փոքր էր՝ նորն են գնել։ 

Հետո, ողջ երեկո 

հավասարակշռությունը կորցրած 

այդ տոնածառի հետ էի,

որովհետև զանգուլակները կախ էին 

ու լույսերն էլ՝ վրան ։

Ինչու՞, դեռ ամանոր էլ չէ, 

Ինչո՞ւ... 

Իմ երազներում 

միշտ հնչում է 

խորապես հուզիչ

նույն մեղեդին, 

ուր անբառ երգվում է 

դեռ չիրականացած սիրո մասին, 

պատմվում է , 

որ մենք կարող ենք

գրկել մեկին, 

համբուրել, 

զգալ մարնինների դող, 

բայց միևնույն ժամանակ 

իրար չհպվել։ 

Սա անհասանելիության 

զգացողություն է,

ու մեզ իր նուրբ, 

անբառ նոտաներով տանում է 

աներևույթ սահմանագիծ, 

ուր դու ինձ հետ ես, 

ուր կարոտի, 

սիրո հավերժության 

փոխանցումն է 

առավոտյան իրականություն , 

որ  միայն 

մեր երազներում է։ 

Բացում եմ աչքերս , 

ու այս ապրումների կողքին 

տեղավորում եմ 

երեկ երեկոյան 

տունդարձին նկատածս 

միայնակ տոնածառն

ու վառում եմ լույսերը։ 

Տաք սուրճի հետ 

վայելում եմ երազիս պատմությունն 

ու ժպտում պատուհանից թարթող 

նեոնային լապտերին, 

որի մասին մոռացել են 

էլեկտրիկները։ 

Կյանքը հիասքանչ է։ 


Արաքս Հակոբյսն

13 դեկտեմբերի, 2025 թ

четверг, 5 сентября 2024 г.

 Անձրև է մեղմ, միալար...

Դու անձրևը պատուհանի ետևի՞ց ես սիրում, թե՞, երբ քայլում ես նրա տակ, անձրևանոցով, կամ գլխաբաց... 


☔☔☔☔☔☔☔☔☔☔☔

Հիշում եմ, ամռան վերջին օրերն էին, Ծաղկաձորից պետք է վերադառնայի ու որոշել էի որոշ նվերներ գնել։  

Վարար անձրև էր, բայց անելիք ունեի ու հյուրատնից դուրս եկա։ 

Արագ֊արագ քայլեցի դեպի հուշանվերներ վաճառողների հրապարակ։ Ոչ ոք չկար ճանապարհին ինձանից բացի, միայն հատուկենտ մեքենաներ էին, որ  ցեխաջրերը դեսուդեն ցայտեցնելով սուրում էին։ 

Ա՛յ քեզ բան, հրապարակը դատարկ էր։ 

Հուսահատ ետ քայլեցի եկածս ճանապարհով։ 

Անձրևանոցն արդեն թաց էր,  ես՝ ոտքից գլուխ ջուր։ Իսկ ինչո՞ւ եմ պահել գլխավերևում , մտածեցի, փակեցի այն, ու շարունակեցի ճանապարհս։

Սուրացող մեքենաները մերթ ընդ մերթ դանդաղեցնում էին ընթացքը, առաջարկում տեղ հասցնել։ 

Անփույթ քայլում էի, ժպտում, ու փույթ չէր որ ցուրտ էր, քամի ու հեղեղի նման անձրև։ 

Այդժամ ես բացահայտեցի, որ սիրում եմ անձրևը, երբ այն թափվում է անպաշտպան մարմնիս, ու դեռ լվանում է բոլոր անպետք մտքերը գլխիցս.. 

Փողոցն էր, անձրևն ու ես։ 

☔☔☔☔☔☔☔☔☔☔

суббота, 20 июля 2024 г.

 


Ժպիտդ 

ճախրելու 

պատրաստ է , 

սլաքները 

թող գնացքներին, 

վեր նայիր,

ապավինիր ձեռքերիդ,

ու՝ դեպ երկինք,

այնտեղ երազանքներն

իրականանում են

💕💕💕

20 հուլիսի, 2024թ.         

пятница, 14 июня 2024 г.

 

Ինձ կպատմե՞ս
քո  անցյալի երազանքից,
որ հասկանամ
ո՞վ ես եղել,
ի՞նչ ես ուզել։

Ինձ կպատմե՞ս
քո հետոյի երազանքից,
որ իմանամ
ո՞րն է տենչդ
ու ձգտումդ։

Ինձ դու պատմիր
քո այսօրվա երազանքից,
որ ընկալեմ 
ու՞ր ես հասել,
ու՞ր ես գնում։

Այս ամենը
նրա համար,
որ ըմբռնեմ
իմ լինելու գոյությունը
երազանքիդ էտապներում։


15 հունիսի, 2024թ.           


вторник, 12 декабря 2023 г.

 Մի լավ օր 

իմ բոլոր֊բոլոր 

չափածո մտքերն 

ու արձակ զեղումները 

ի մի կբերվեն

ու դրա անունը կլինի 

Արաքս Հակոբյանի 

«Աննոտա երգերը»։

Այդպես կծնվի 

իմ նոր զավակը։

Հեռու ու մոտ 

ինձ համակրող մարդիկ 

կկարդան. 

գուցե՝ ժպտան, 

գուցե՝ հուզվեն, 

գուցե սիրելու բանաձևը գտնեն...

Պատկերացնելը 

գունավոր երազի նման  է, 

մնում է այն իրականացնել...




воскресенье, 20 августа 2023 г.



Սիրտս 

ասում է արի՛, 

միտքս՝ դեմ է։

Սիրտս 

դող է ընկել,

միտքս՝ լուռ է։

Սիրտս 

նեղսրտել է, 

միտքս՝ անդրդվելի...

Հիմա 

ես ո՞նց անեմ

💖

20 օգոստոսի, 2023թ     

воскресенье, 23 июля 2023 г.



Քանի՜ 

տարի է անցել։ 

Պատահաբար տեսա... 

Նույնն ես, 

չես փոխվել։ 

Միայն  ճերմակել ես։ 

Այսօր ուրիշն է ինձ հետ, 

ուրիշն է  քո կողքին։ 

Մեղավոր չենք, 

ո՛չ մեկս։ 

Դու իմն ես եղել  

ժամանակներ առաջ։ 

Հիմա ՝

Ժպտուն հիշողությունս ես։ 

23 հուլիսի, 2023թվական