среда, 28 ноября 2012 г.


Իմ հաղթանակների օրը

նվիրում եմ հրեշտակ դարձած Հայկիս 20 ամյակին




Տիկին Գոհար, փակեք աչքերն ու հաշվե՛ք մինչև տասը:
- Չէ, լա՛վ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

1

- Երազումս մի աղջիկ երեխա էի գրկել, ո՜նց էի սիրում, ո՜նց էի սիրում, ու պատկերացնու՞մ եք, ինքս ինձ բարձրաձայն ասում էի. «ես էս երեխային Աննայի չափ եմ սիրում»,- շոկոլադի սալիկը կոտրատելով պատմում էր Գոհարը՝ ակնարկելով քրոջ աղջկան:
- Երազում երեխան լավ չի,-սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց աշխատակցուհին,- հիվանդություն է:
- Եթե արթնացել ես ու  լավ է եղել, ուրեմն այսօր մի լավ բան կլինի,- Մարիամն էր, Գոհարի ամենամոտ ընկերուհին:
- Տեսնես առավոտվա սուրճից ավելի համեղ բան կա՞...
- Չէ- չկա, առավոտյան սուրճն անմահական է,- միաբերան արտասանեցին աղջիկներն իրենց հնարած կանոնն ու ծիծաղեցին:
- Էսօր երեկոյան մեր տուն կգաս, Ռաֆի ծնունդն է, բայց նվեր չբերես,- հենց մյուս ընկերուհին սենյակից դուրս եկավ, շուտասելուկի պես վրա բերեց Մարիամը:
-Առանց նվեր ծնունդ է լինու՞մ,- ծիծաղեց Գոհարը:
Տուն գնալիս՝ ճանապարհին մտավ խանութ, կոնյակ ու մի երկու քաղցր բան վերցրեց, հո դատարկ ձեռքով չի՞ գնալու:
Հայրը դիմավորեց դռների մեջ:
- Խորովածի լավ միս եմ առել, էսօր խորովե՞մ, թե՞ մնա շաբաթ.
- Պապ ջան, էսօր ծնունդի եմ, թո՛ղ մնա:
Գոհարն արագ հաց սարքեց հոր համար, կարգի բերեց՝ առանց այդ էլ ամեն ինչ իր տեղում բնակարանը:
- Պապ ջան, արի, հացդ կեր,- ու մտավ իր սենյակ՝ զգեստափոխվելու:
Մարիամը դուռը բացեց,
- Արի, սրանք ինչի՞ ես բերել, չասացի՞ չբերես, արի, արի, ֊ առաջնորդեց Գոհարին հյուրասենյակ:
Ա՛յ քեզ բա՜ն, հյուրասենյակում տոնական սեղան չկար դրված, բազմոցին էլ Ռաֆն էր ու Ռուբենը՝ գլխավոր երկրաբանի բաժնի նոր աշխատողը: Տղամարդիկ կանգնեցին, ու դա ավելի շփոթեցրեց Գոհարին:
- Ռուբե՛ն, մենք իրար գիտենք, բայց ուրախ եմ օֆիցիալ ծանոթանալու համար:
Գոհարն այնպես էր ամաչում, որ միայն կարողացավ շշնջալ,- Գոհա՜ր...
- Մարիա՞մ, սա՞ էր Ռաֆի ծնունդը,- ընկերուհու ետևից խոհանոց մտավ Գոհարը.
-Ասաց, չի ուզում աշխատանքի տեղում կամ դրսում հանդիպել, էնպես լա՜վ տղա է , Ռաֆի դասընկերն է, - Մարիամը շարունակեց ինչ-որ բան փնտրել պահարանում՝ խուսափելով ընկերուհու հայացքից:

Ռուբենը հետաքրքիր էր խոսում՝ ռուսերեն շեշտադրությամբ, էնպես էլ անուշ հոտ էր գալիս: Կարծես մի պայմանավորվածություն լիներ. բոլորը խոսում էին իրենց մասին: Գոհարը զարմանում էր ինքն իր վրա, թե ո՞նց այդքան շուտ վերագտավ իրեն ու կարծես թե համաձայն է, ինքն էլ չգիտի թե ինչի՞...
Հրաժեշտ տվեցին տանտերերին ու իջան աստիճաններով: Ռուբենն, իհարկե, չէր թողնի Գոհարին վերադառնալ տուն միայնակ:
-Թույլ տուր ուղեկցեմ,- ասաց:
«Ինչու՞ ոչ»՝ մտածեց Գոհարը և գլխի շարժումով համաձայնության նշան արեց:
-Երևի թե հոգնեցրինք մեր գործերից խոսելով,-նկատեց Ռուբենը փոքր ինչ ժպիտով:
-Ո՜չ, ո՛չ, ամեն ինչ նորմալ է,-Գոհարը դեռ շարունակում էր խուսափել կողքով քայլող տղամարդու հայացքից:
-Դա սովորական է: Տղամարդիկ միշտ էլ սիրում են զրուցել գործերից, նույնիսկ տոնական սեղանի շուրջ:
-Բայց պարզվեց, որ մենք տոնական սեղանի շուրջ չէինք հավաքվել,-քմծիծաղեց Գոհարը:
-Դու սխալվում ես, - Ռուբեն կանգ առավ՝ բռնելով Գոհարի ձեռքը: Այն այնպես տաք էր, ինչ որ ուժ էր գալիս նրանից ու Գոհարն իրեն շատ հանգիստ էր զգում: - Մեր ծանոթանալն արդեն տոն է:
Ռուբենը չէր խուսափում նրանից, նրա հայաքում մի գաղտնիք էր թաքնված, որ ուզում էր դուրս ժայթքել բառերի հետ, բայց դեռ ժամանակը չէր:
-Մի մերժիր ինձ և եկ մի փոքր զբոսնենք,-հնչեց Ռուբենի խոսքը:
Վերջապես Գոհարը բարձրացրեց աչքերը:
-Լավ,-համաձայնեց նա, չփորձելով ետ քաշել ձեռքը Ռուբենի ջերմ ափից:  
Նոյեմբերյան երեկոյի ցուրտն անկարող էր սողոսկել նրանց հագուստից ներս, անգամ քամին չէին զգում, որ նրանց մազերը մեկ-երկու խառնելով հեռացավ ու կորավ մթնշաղում տարուբերվող ծառերի ետևում:

Շատ հաճելի էր Ռուբենի ձայնը՝ հավատ ներշնչող: Ամեն խոսքից Գոհարը մտքում երկար-բարակ մտածում էր, բայց միայն արտաբերում էր այո, կամ … ավելի շատ՝ այո: Երջանկությունը ջերմացրել էր արյունը, դարձել հաճելի խռովք, և ժպիտի ու շիկնանքի ձևով դուրս էր հորդում նրանից:

- Քեզ հավանել եմ առաջին իսկ պահին, որ տեսել եմ, ուզում եմ իմ կինը լինես, հարստություն չեմ խոստանում,աստղեր ու լուսին էլ չէ, բայց սեր ու հավատ՝ վստահեցնում եմ:

Երկար քայլեցին քաղաքի փողոցներով, չնկատելով էլ դրանք ծանո՞թ են, թե ոչ: Իրար ձեռքից բռնած, երբեմն կանգնելով ու իրար աչքերի մեջ նայելով, քայլում էին աղջիկն ու տղան և ծրագրում իրենց ապագան:
Կեսգիշերն անց էր: Մոտեցան Գոհարենց շքամուտքին:
- Երրորդ հարկի այն պատուհանները մերն են:
-Բարձրանա՛նք.

Բնակարանի դռան մոտ Ռուբենը ձեռքերի մեջ առավ Գոհարի գլուխն ու նայեց աչքերին: Խոսքե՞ր: Արդեն ավելնորդ էին: Լռել էին փողոցի ձայները, որ անդադար սղոցում են մարդու ուղեղը: Ա՜խ, որքա՜ն հաճելի էր ազատվել այդ աղմուկից: Լռության մեջ երկու շնչառություն էին, երկու սրտերի խփոց... Ռուբենը համբուրեց աղջկան...

Գիշերը կրկնվող երազի նման էր: Անընդհատ հիշում էր իրենց զրույցները, Ռուբենի ռուսերեն շեշտադրությունն, օծանելիքի բույրը... իսկ շուրթերը դեռ այրվու՜մ էին, ի՜նչ երանություն ...
Գոհարը շտապ վեր կացավ անկողնուց, առանց հողաթափերի վազեց դեպի գրասեղանը, փոքրիկ օրացույցի վրա կարմիր գրիչով օղակեց նոյեմբերի 29-ը, ժպտաց իր հայտնագործությանն ու հանգիստ մտավ անկողին:

2

-Սրտիկս, ես գնացի,- խելոք կմնաք, շուտ կգամ,- հայացքով շոյելով վերմակի տակից ընդգծված կնոջ փորիկը, հուշիկ համբուրելով ականջի բլթակը՝ շշնջաց Ռուբենն ու ուղղվեց դեպի ննջարանի դուռը:
Գոհարը կիսաքուն երջանիկ ժպտում էր:
- Կսպասենք, դու հանգիստ եղիր,- արտաբերեցին կիսաբաց շուրթերը,- մի ժամ էլ պառկեմ ու վեր կենամ:
Աչքերը բացեց մեջքի սուր ցավից: Անտանելի էր: Վերմակը ետ գցեց, որ վեր կենա, չկարողացավ, ոտքերն ընդարմացել էին, շարժել չէր կարողանում,- Ռուբե՜ն...,- ու այդպես կծկված տապ արեց անկողնում:
Մի քանի վայրկյանից ցավը մեղմացավ, անցավ: Փորձեց, ոտքերի զգացողությունը վերականգնվել էր, վեր կացավ տեղերից ու գնաց խոհանոց: Մի բաժակ ջուր խմեց, ասես ոտքերն էլ ամրապնդվեցին: Մտքում միայն մի հարց էր՝ մի՞թե դա հենց այն է, ինչին սպասում են, պետք է անհապաղ զանգել Ռուբենին:
- Բարև Ձեզ, պարոն Սեդրակյան, Ռուբենին կկանչե՞ք, այո, շնորհակալություն, լավ եմ, լավ ենք…, ա՜խ…
Էլի նույն ցավերը, բժշկուհին ասել էր հենց անծանոթ ցավեր ունենաս, շուտ կգաս հիվանդանոց,- Ռուբե՜ն,- թույլ տնքաց Գոհարն ու ամուր բռնեց սեղանից...
Դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ Ռուբենը:
- Սեդրակյանի մեքենայով եմ, գնում ենք հիվանդանոց ...
Բժշկուհին շփոթված էր: Ցավերի հաճախականությունը մոտ է ծննդաբերության, բայց Գոհարի մարմինը՝ ոչ: Միգուցե կեսարյա՞ն անեն, երեխային կորցնելու վտանգ կա: Զանգեց վիրաբույժին:
- Ուշ է վիրահատության համար, պետք է բնական ճանապարհով ծննդաբերի, ամուսնուն կանչե՛ք, - մտախոհ ասաց վիրաբույժը:
- Գոհարի մոտ խնդիրներ կան, Երեխան արդեն ֆիքսվել է, իսկ համապատասխան չափսեր չկան, պետք է վիրաբուժական միջամտություն, եթե ոչ, երեխային կորցնելու վտանգ կա, ուզում ենք, որ դուք էլ ներկա լինեք:
Ռուբենը լվացվեց, հագավ բուժքրոջ տված խալաթն ու գլխարկը: Շատ մտահոգ էր: Նա ինքն էլ անհանգստանում էր կնոջ ու երեխայի համար, բայց պիտի հավաքվի, որ Գոհարը ոչինչ չզգա: Ո՞վ կպատկերացներ, որ կարող է ներկա գտնվել իր զավակի լույս աշխարհ գալուն: Աչքերը լցվեցին, բայց միայն մի պահ, արագ սթափվեց, ինքը ուժեղ էր պետք Գոհարին:
Կինը ցավերից կծկվել էր ու անձայն տնքում էր, արցունքները գլոր-գլոր հոսում էին աչքերից: Ռուբենին որ տեսավ, ամաչությունից ուզեց վեր կենալ պառկած տեղից.
- Էս ու՞ր, աղջիկ ջան, ամուսնուդ բերել ենք որ քեզ ուժեղ զգաս...
Հայացքը հառեց բժշկուհուն, որտեղ և՛ խնդրանք կար, և՛ պահանջ, և՛ համաձայնություն:
-Գոհար ջան, դու ուշադիր լսիր ինձ, մենք հիմա միասին պիտի օգնենք ձեր բալիկի ծնվելուն :
Ռուբենը բժշկուհու ցուցումով կանգնեց կնոջ գլխավերևում, բռնեց ձեռքերը: Նրա տաք ու հուսադրող, չէ՛, վստահություն փոխանցող ձեռքերնջ ամեն ինչ էին Գոհարի համար: Ու նա ապավինեց դրանց՝ ջանալով ամեն կերպ կատարել դրանցով իրեն հասնող հրահանգները…

- Տղա է, - ուրախ բղավեց Ռուբենը՝ չնկատելով բժշկուհու խեթ հայացքը:
Գոհարը քնքշորեն կրծքին էր սեղմել նորածնին ու երջանկությունից փայլում էր: Հայկը ծնվել էր իր ու Ռուբենի ծանոթության օրը, նոյեմբերի 29-ին՝մեկ տարի անց:

3

Հիվանդասենյակի դուռը ծեծեցին: Ռուբենի «մտե՛ք»-ին պատասխան՝ սենյակ մտավ բուժող բժշկուհին:
- Տիկին Գոհար, վաղը վիրահատվում ենք,- ականջին հաճելի հանգիստ տոնով սկսեց նա,- մենք ուժեղ ենք չէ՞,- ու շոյեց սրսկումից կապտած ձեռքը,- այս պահից ոչինչ չուտեք ու չխմեք, ու՝ հանգիստ եղեք: Նայեք աչքերիս, ամեն ինչ լավ է լինելու, դե՞, դե՞...
Մի ձեռքը բժշկի ափում, մյուսը՝ ամուսնու, արցունքները զսպած կոպերի տակ՝ Գոհարը ժպտում էր անբնական ժպիտով ու չէր զգում թե որքան ամուր է սեղմում Ռուբենի ձեռքը:
- Վաղը սենյակը հանձնելու եք,-դիմեց բժշկուհին Ռուբենին, մի անգամ էլ ժպտաց Գոհարին- բարի մնացեք, մի՛նչ առավոտ:
- Դու մի քիչ ննջիր, ես մի հատ ծխեմ ու գամ,- բժշկուհու հետ դուրս գնաց Ռուբենը:
Գոհարը փորձեց պառկել: Ո՛չ, խառը մտքեր են, անհանգիստ վիճակ, մենակ չի ուզում մնալ:
Միջանցքում միայն հերթապահ քույրն էր ու մի հիվանդապահ: Արդեն քանի անգամ ետ ու առաջ էր անում ողջ երկարությամբ՝ չնկատելով, թե որքան արագ է քայլում:
- Վա՞տ եք զգում...
- Ինձ վաղը վիրահատելու են...
- Գիտեմ, ,- ու ժպտաց, որ նշանակում էր «ոչնչից մի վախեցեք»:
Միջանցքի ծայրից գալիս էր Ռուբենը, օ՜, աստված, Երվանդի հետ է, իր դասընկերոջ:
- Գոհա՜ր...
Միանգամից փլվեց Երվանդի գրկում: Երվանդը հայացքով լռեցրեց Ռուբենին.
- Գնա՛նք, գնանք սենյա՛կ.
- Երվանդ ջան, էս որտեղի՞ց, ո՞նց...
- Ընկերոջս հորն են վիրահատել, սպասասրահում տեսա Ռուբենին... էս ինֆարկտը ո՞նց ես հաջողացրել:
Հարցուփորձ արեց նրա ընտանիքից, հետո անցան իրենց պատանեկությանը, վերհիշեցին դասընկերներին , Երվանդի սերերին (իրեն էլ էր հետամտում անպիտանը), առանց իրար հերթ տալու պատմում էին ու այդ ամենը՝ ընդմիջելով ծիծաղով: Ռուբենը երախտապարտ հայացքով նայում էր Երվանդին. «ինչ լավ մարդ ես դու, աստված քեզ ուղարկեց»:

Հեռուստացույցով Նունե Եսայանն էր երգում, կարծես ձյան մասին էր.
- Ուզում եմ քնել, հոգնեցի, լույսը չանջատես, լա՞վ...
Ռուբենը վաղ առավոտյան գնաց Նորքի եկեղեցում մոմ վառելու՝ ի հաջողություն սպասվող վիրահատության: Երբ վերադարձավ, Գոհարը լվացված, մազերը հարդարած ու նոր խալաթով նստած էր աթոռին:
- Ամեն ինչ հավաքել եմ, - ցույց տվեց դռան անկյունը:
Եկավ բուժքույրը, անվասայլակ էր բերել.
- Չէ, ես ինքս կգնամ,- բռնելով ամուսնու ձեռքը, սենյակից դուրս եկան:
Վիրահատարան տանող վերելակի մոտ ժպտաց ամուսնուն, համբուրեց ձեռքերը...
- Ես չեմ վախենում, չմտածե՛ս...
****

- Տիկի՛ն Գոհար, հաշվե՛ք մինչև տասը.
- Չէ, լավ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

- Գոհա՜ր, Գոհա՜ր,- լսվում էր հեռվից տղամարդու ձայնը:
Մի ծանրություն էր զգում կրծքավանդակում, մտածեց որ իրեն արդեն անզգայացնում են, իսկ ձայնն էլի կանչում էր.
- Գոհա՜ր, բացի՛ր աչքերդ..
Լուսավոր, իրեն անծանոթ սենյակ էր, գլխավերևում տղամարդու դեմք էր, աղոտ նմանեցրեց Հրայրին: Աչքերը չդիմացան վառ լույսին ու նորից փակեց:
- Շնորհավորում եմ նոր սիրտդ, դու հերոսուհի ես,- Տղամարդը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժն էր:
Փորձեց պատասխանել, բայց ինչ.որ բան կոկորդում խանգարում էր խոսելուն:
Մտքում բարձրաձայն արտասանեց. «նոյեմբերի 29, Հրայր, դու էլ Աստվա՜ծ ես» ....

понедельник, 5 ноября 2012 г.


Եկել ես այցի ցերեկով
Երիցուկներ ես բերել դաշտային,
Սիրում եմ - չեմ սիրում ես խաղում
Սավանի վրա Աննայի :

Աշխարհը կիզակետ ունի՝
Ուր Աննան է, դու
Ու թերթիկներն երիցուկների՝
Սիրո աղոթքից մաշված :
........
Ամեն անգամ երազն այս
Աննայով շաղախված մաս-մաս,
Լույսի ու մութի եզերքում՝
Կփնտրես գիշերներում բոլոր...

... Իսկ այգաբացին մի պահ,
Երբ նինջը կհաղթի աչքերիդ,՝
Քամին շուրթերդ կշոյի
Շշունջ համբույրով սավանի:




вторник, 4 сентября 2012 г.

Հավատս





<< Գիշեր >>
կտ.յուղ. 50 х 60
1992թ
յուղանկարը՝  Nver Romia Hayrapetyan



Հավատս մեռել : 
Այսօր է մեռել:
Շուրջ մեկ տարի է` հոգևարքում էր…
Տառապում էի  ողջ ժամանակ ես: 
Քանի՜ անհավանական միջոց եմ փորձել կյանքի կոչելու, բայց...

ՈՒ հիմա՝ մեռել է հավատս:
Հագնում եմ հանդերձն ազատության ու գայլ եմ դառնում…
Լուսինը… նա հաճախ ունկնդիրն է  աղերսներիս, այսօր էլ վերջին մրմունջս կլսի ոռնոցով:
Թաղում եմ հավատս անսահմանության մեջ … ու ոռնում էլի , եթե ո՝չ՝ սիրտս կպատռվի:

Ինչու՞ է հավատս մեռել :
Սպասում, լռություն…կեղծ է, զզվելի, ո՛չ…
Իմ հավատի գերեզմանաթմբին դնում եմ ցուցանակ՝ «Մի ստիր»:

Լուսինը հուսադրող ժպտում է:

Անթարթ նայում եմ: 
Երբ  կձուլվի արևածագի կարմիրին, դուրս կգամ գայլի մորթուց , կդառնամ այն նրբիկ ու թափանցիկ աղջնակն, ում մի օր գեղջուկ կինն իր հոգու ողջ մաքրությամբ համեմատեց. «ինչ սիրուն ի, ոնց որ լուստրա էղնի»:

Իմ հնարած աշխարհում կջնջեմ բոլոր գույներն ու երանգները:
Ես դրանք կտեսնեմ Արևին բաց աչքերով նայելիս:
Ես սիրում եմ ՇԻՏԱԿԸ :
Ես սիրում եմ ԼՈՒՅՍԸ:





воскресенье, 8 июля 2012 г.




Խոսքդ ականջիս 

Հնչում է
Ինչպես մեղեդի:
Բառեր չկան.
Հնչյուններ են,
Որ շոյում են
Լսողությունս:
Մեղեդին այս
Ուզում եմ
Շուրթերիս զգալ:
...Երեկվա
Երկնքից ընկնող
Աստղն է էլի
Մեղավոր…


07.07.2012թ.        13.17

среда, 4 июля 2012 г.


Արդեն քանի օր ինձ հյուր են եկել
Միայնությունն ու տխրությունը.
Վախ ու ձանձրույթ են հետները բերել
Ու տիրություն են անում իմ տանը:

Վարագուրել են պատուհաններս
Թանձր ու անթափանց մշուշե քողով,
Հպարտ զավթել են միակ բազմոցս ՝
Կոշտ ու անհարմար տձև բարձերով:

Իսկ ես, որ առաջ խելք էի դնում,
թե դուռ չեն բացի օտարի առաջ
ու ամենալավ տեղը տանը մէջ
նրան չեն զիջի, խեղճացել եմ խիստ:

Կամակատար եմ դարձել ես հլու,
Ժպիտը դեմքիս կորցրել իսպառ,
Հոգուս կրակը թաղել դժգույնում,
Երազանքներս մոռացել համառ:

Այդքանն էլ քիչ էր՝ տխրությունն այսօր
Գոտի է դարձել, մեջքս է բոլորել,
Միայնությունն էլ խոստանում է, որ
մանյակ պիտ դառնա իմ պարանոցին:

Ու զարմանում եմ անցնող-դարձողից
Որ միաբերան նույն բանն են ասում.-
«Ինչ գեղեցիկ ես  այս քանի օրը,
Դալուկը դեմքիդ շատ-շա՜տ է սազում…»

Տեղս շա՜տ է նեղ… ես Լու՜յս եմ ուզում

14.06.2012թ,


вторник, 26 июня 2012 г.

KLAK - կիսատ-պռատ ու անիմաստ - Hayland.am




Ձեզ եմ ներկայացնում ՏԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ (KLAK) անունով երիրտասարդ մի տղայի ստեղծագործությունները: Ես համբուրում եմ նրա ճակատը իր խոհեմ մտածելակերպի համար, իր տարիքում նա երկու ու ավելի անգամ խելացի է քան, այդ թվաբանական տարիքն ունեցող հազարավոր այրեր:

Հիշե՛ք նրա անունը:-------------------------------




Մի պատմություն պատմեմ:Չգիտեմ երազում եմ տեսել,թե՞ իրական էր,գո՞ւցե հորինել եմ,դատեք ինքներդ:

Պատառոտված զգեստով մի մարդ էր՝մոտ քառասուն տարեկան:Շատ բան էր տեսել,սովորել էր,հիմա նույնիսկ կարող էր սովորեցնել:Անակնկալ կերպով այս մարդը հայտնվում է Աստծո մոտ,շատ է զարմանում:Հրաշք է,թե ինչ չի հասկանում:Աստված սկսում է խոսել՝ խոսում է դանդաղ,հստակ,խորհրդավոր,ամեն ինչ կար այդ խոսքում:Խոսքը լսելով՝ մարդն արդեն երանության մեջ էր:

Աստված առաջարկում է.-Զավակս մի առաջարկ եմ քեզ անելու:Դու խելացի մարդ ես,քեզ առաջարկում եմ,վերցրու կամ այս խելքը,որ ավելի խելոքանաս,կամ այս գումարը,որ վերջապես հարստանաս:

Մարդը մտածում է,և վերցնում է խելքը:

Արդեն իրական կյանքում,նորից սկսում է մտածել.- Ախր,երբ խելքն էի ընտրում,ինչու չմտածեցի,որ այդ գումարը կարող է բաժին հասնել մի անարժանի,որն էլի կգա ու մեր կյանքը կուտի,ինչու վնասեցի և ինձ և ազգին:

Բայց քանի որ շատ խելացի էր,կարողանում է իր ուժերով հարստանալ,անարժաններին իրենց տեղը ցույց տալ և հասկանում է,որ ճիշտ վարվեց:

Գուցե երա՞զ էր,գուցե իրական,
Թե՞ սուտ էր սա մի դիվական,
Մոլորեցո՞ւմ էր մի անիմաստ,
Թե՞ հեքիաթ էր մի բարիմաստ...

Գուցե ոչինչ էր,
Անհետաքրքիր ու ծեծված էր,
Սրա ոչ սիրտն ունեյիր,
Ոչ էլ ժամանակն էր...

Մեկ է կասեմ չեմ լռի,
Ինձնից վնաս չես կրի,
Սուտ խոսքեր քեզ չեմ ասի,
Կասեմ այն ինչ սիրտս կասի...

Իսկ մեր սրտերը երազ են ուզում,
Մեր սրտերը հեքիաթ են տենչում,
Մեր սրտերը զարկել են ուզում,
Մեր սրտերը սեր են երազում ...

Թեկուզ կիսատ-պռատ է հեքիաթն իմ,
Բայց սիրով լի է մարդիկ սիրելի,
Լի է կարոտով այն միակի՝
Վճռին որի երկար կսպասենք էլի...





*******************************************


Թերթում եմ էջն այս գեղեցիկ,
Որն ինձ համար դարձել է բացիկ,
Որի հետ խոսեցի կարծես,
Որի հետ կապվել եմ այնպես...

Այն ինչ սկիզբ ունի՝
ՈՒնի նաև վերջ,
Այդպես է եղել անվերջ,
Կմնա այդպես հավերժ...

Գիտեմ՝ տխրելու եմ,կարոտելու,
Ոչինչ հետ չի դառնալու,
Իմ լքված հուշերը
Խոցելու են,այրելու...

Է՜հ ինչ արած,
այդպես եմ ստեղծված,
Ինքս ինձ չբացահայտած,
Մոլորյալ մի ցնորված...

Ձեզ ասում եմ ես հաջող,
Խոսքն ընտրեցի անհաջող,
Մնաք բարյավ բարեկամներ,
Դուք ինձ տվիք անգին հուշեր... 





******************************************* 



Քո աչքերին եմ նայում,
Զմայլվում եմ,խենթանում,
Այս անարդար աշխարհում,
Քո աչքերում եմ փնտրում
Մխիթարում ու փրկում...

Ո՛չ,ես չեմ հասկանում,
Ի՞նչ է հոգումս կատարվում,
Ինքս ինձ խաբում եմ,խաբում,
Բայց,թե ինչում եմ խաբվում,
Նույնիսկ դա չեմ հասկանում...

Բայց աչքերիդ կայծերում,
Անվերջ կրակ եմ տեսնում,
Ո՞Ւմ համար ես դու այրվում,
Ո՞Ւմ աչքերին ես նայում,
Կրկին ես չեմ հասկանում...

Իմ աչքերի հայելում,
Քո անունն եմ ես գրում,
Իսկ տառերը չեն ջնջվում,
Քանզի տխուր իմ հոգում
Սեր է կարծես նշմարվում...

******************************************* 


Կա՛ր,իհարկե կա՛ր այդ փողոցը,
Որտեղ ծանոթ էին դեմքերը,
Որտեղ անցավ իմ մանկությունը,
ՈՒր լիքն էին ժպիտները...

Կային,իհարկե կային այդ այգիները,
Որտեղ առատ բերք էին տալիս ծառերը,
Որտեղ չէինք էլ սպասում,

որ հասնեին պտուղները,
Բայց սիրում էին մեզ ծառերը...

Կային,իհարկե կային այդ աչքերը,
Որոնցից մնացել է կարոտը,
Որոնց նվիրում եմ այս տողերը,
ՈՒ իրոք ծանր էր բաժանումը...

Երազ չէ՛ր,իհարկե երազ չէ՛ր այդ ամենը,
Երբ հիշում եմ այդ անցյալը,
Տատանվում է իմ սիրտը,
Մտածում է արդյո՞ք տա նորից զարկը...
ՏԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ 
KLAK - կիսատ-պռատ ու անիմաստ - Hayland.am


суббота, 23 июня 2012 г.




Վախենում եմ քնելուց, վախենում եմ գիշերից,
Սարսափում եմ քնի- արթունի անցման եզրից,
..............................................................................
Bella Hakobyan


Հոգիդ ճչում է,
Ու գիշերն է լուռ ունկնդիրը նրա...
Բաց պատուհանից մութը ներխուժել,
Համառ խռովել  մտքերդ մոլոր,
Որ քնի-արթունի եզրին են արդեն...

Ծվենները բյուր թելերն են մտքիդ,
Որ քարի նման կարծրացել հոգուդ, 

Քնի-արթունի սահմանին հակվել,
Գորշ երազների խոստում են տալիս...

Վե՛ր կաց անկողնուց.
Պատուհանից դուրս` անծիր մութի մեջ
Ա՛ստղ դու փնտրիր, որ Լուսնին մոտ է...
Հիմա համարձակ ժպտա’ լուռ նրանց,
Քանզի հաղթել ես դու մղձավանջին …




լուսանկարը՝ Ли Дˈарк

четверг, 21 июня 2012 г.



Եթե սպասում էիր ու չեկա, ներիր` ճպռոտ էի......   
................................................................................Դօրիան .



Ես սպասում էի, դու չեկար... 
Տխուր էր իմ հոգին ու ամոքող չկար...
Օրակարգիդ ծխախոտն ու մտքերը բորբոքուն
Զուր վատնումն էին ժամանակի անվերադարձ...

Թէ՛ չասված խոսքերիցդ հորդող ցասումը,
Թէ՛ ցերեկներդ գիշերների պես սևոտ մթում.
Թե՛ աչքերիդ ճպռոտության պատճառաբանությունը՝
Օրակարգիդ հնարված արդարացումն են զուր...

Բացի՛ր փեղկերը պատուհանիդ, որ գոցված են վաղու՛ց.
Բացվել է նոր օրը ու արևն է վաղուց զենիթում ծվարել,
Օրակարգիդ բոլոր կետերը պիտ ջնջե՛ս
ՈՒ նոր տողից գրես, - արի, նոր կահույք եմ գնել...








среда, 20 июня 2012 г.

Անթառամի փայլը շքեղ ու բույրն անուշ
Տարածվել է իմ սենյակում...
Ինձ տանում է հեռու-հեռու՜
հիշողության լաբիրինթում...


Ամառ, անտառ ու մի բացատ,
Փթթուն տարիք, ու Ես և Նա...
Իմ ձեռքերում անթառամի այսպիսի փունջ՝
մի շունչ, մի հևք... ուրիշ ոչինչ, ուրիշ ոչինչ...










                                      սիրով նվիրում եմ Nelli Martirosyan -ին

вторник, 19 июня 2012 г.








Անապատի ջերմ
Ավազը ճեղքել՝
Մոլորված մի սերմ
Ծիլ է արձակել:

Ծիլն էլ իր հերթին
Ցողուն է դարձել.
Ծաղիկ ու կոկոն
Սիրով արարել:


Ծաղիկը մայրն է,
Կոկոնը՝ որդին,
Ու ամեն մեկը
Նայում է անդին:

- Արևն այս կողմն է,
Այդ ու՞ր ես ձգտում,-
Հարցրեց մայրը
Իր կոկոն որդուն:

- Ընկեր եմ ուզում,
Մայրիկ սիրելի,-
Մոլորված խոսեց
Որդին սիրասուն:

Այսպես է կյանքում.
Մայրը՝ զավակին,
Իսկ նա իր սիրուն
Միշտ պիտի ձգտի: 






                                                                                                                                             









четверг, 14 июня 2012 г.


Այս էլ արդեն քանի անգամ
Հարց ես տալիս,-
-Սիրու՞մ եմ քեզ,-
Ու ես ամեն, ամեն անգամ
Ասում եմ, որ էլ չեմ սիրում...
Այդ դու ինչու՞
Ինձ հավատալ չես կամենում.
Մի՞թե այլ են ասում քեզ
Իմ բաց աչքերը...
Նրանք գիտեն,
Որ վաղ թե ուշ քեզ չեն տեսնի,
Ու նայում են, նայում այդպես
Քեզ հիշելու անափ տենչով...
Դու չգիտես,
Որ պետք ես ինձ
Ո՛չ թէ նրա համար՛, որ սիրում եմ.
Այլ, իմացի՜ր, նրա համա՜ր,
Որ մենա՜կ եմ, մենակ եմ մի՜շտ...
Թեկուզ, փողոցով քայլելիս,
Երբ լսում եմ ձանձրանալի՝
«Սիրում եմ քեզ...»





ոչինչ փոփոխել չեմ ուզում այս եթերային աղջկա մտքերից, որ ....տարիներ առաջ ես եմ եղել

пятница, 8 июня 2012 г.

           ԸԴՎԶՈՒՄՆԵՐ

                       *******

Այդ ինչի՞ց է , որ՝ դարեր շարունակ
Ոսոխին հաղթած ու գոյատևած
Ազգը մեր հայոց այսօր պառակտվել
Ու կորցրել է դեմքը երբեմնի հայրենասերի...

Վարկաբեկում են ու իրար ատում,
Փառաբանելն ու հպարտանալը ազգի հերոսով
ՈՒ նահատակով՝  համարում իզուր,
Այն ել օտարի լեզվով ու գրով... օ՜, մեղա քեզ, Տե՜ր...
04.06-2012թ.


                     *******


Երբ ուժ ու կորով ունեն մարմնում
ԵՐԿԻՐՆ են լքում...
Իսկ երբ զգում են մահվան տեսիլը
Գլխավերևում՝
Վախենում են, որ իրենց շիրիմը
Անտեր կմնա ուրիշի հողում:
Ու Վերադարձի ճամփան են բռնում՝
Ամփոփվելու Սուրբ հողում հայրենյաց...
Ցավալի է խիստ ու տխուր է անչափ...

06.06-2012թ.


              
                    *******



Իննսուն տարի ու յոթն ավելի
Հայի աչքերից արցունք է հոսում՝
Ցավի, կորստի դառնաղի արցունք:

Իննսուն տարի ու յոթն ավելի
Դավադիր միտքը իր եղեռնական
թուրքը չի զղջում՝ բիրտ է հիրավի:

Իննսուն տարի ու յոթն ավելի
Հայն իր սրտում մի երազ ունի՝
Աշխարհը թուրքին՝ ծնկի իջեցնի:
22.04.2012  






понедельник, 7 мая 2012 г.

Կարոտները հայոց հողի ես հավաքեմ՝
Արարատի ձյունի՛ն խառնեմ,
Երևանյան արևները ծիրանագույն՝
Սևանի ջինջ ջրու՛մ սուզեմ,
Ժիր մանչուկի ձայնը զվարթ՝
Կոմիտասի երգո՛վ լսեմ,
Ալագյազի անթառամից փնջեր անեմ
Նորահարսի գլխին հարմար պսա՛կ հյուսեմ,
Զանգեզուրյան ապառաժի ամրությունը
Հայ զինվորի բազկի՛ն ձուլեմ,
Սիրահարի համբույրը հեգ՝
Խենթ Չարենցի շուրթո՛վ հպեմ...

Իմ ժպիտն էլ միացնելով սիրով լեցուն այս տողերին
Ես ամփոփեմ ու քե՛զ ձոնեմ՝ ի՛մ ՀԱՅՐԵՆԻՔ...

Բոլորը քե՜զ..., բոլորը քե՛զ








Շնորհակալ եմ Դավիթ Հակոբյանին: Այս տողերը գրել եմ իր նախաձեռնության շրջանակում, ուր պետք է շարունակվեր «Բոլորը քե՜զ» չարենցյան բանաստեղծության պաթոսը

суббота, 5 мая 2012 г.

Մամայի հոտ ա գալիս



Կինը անտրամադիր մտավ աշխատասենյակ:Գնաց դեպի իր գրասեղանը, պայուսակը կախեց աթոռից: Դարակից հանեց գրանցամատյանը, բացեց, բայց արագ վեր կացավ.
- Սուրճ կուզե՞ք, - դիմեց բաժնի վարիչին
- Հա,- գլուխը տմ
տմբացրեց Սարգսյանը: Ուզեց հարցնել ու՞ր էր, բայց գերադասեց լռել՝ իմանալով որ անտեղի կլինի,- իմը շաքարավազով կանես:
Սուրճը տաք էր ու հաճելի դառը: Առավոտից բան չէր դրել բերանը, մտածում էր պիտի անալիզ հանձներ, էն էլ… է՜հ, մարդ պիտի բախտ ունենա, բա՜խտ…
- Լալա, քեզ են ուզում,- մի բան գտածի նման ասաց Սարգսյանը, նրան մեկնելով լսափողը.
- Մերսի:
Սրճեփն անջատեց,- նախանձ, մի ապարատի եղածն ի՞նչ ա, որ չես ուզում իմ համար բերել տալ, կարծես քո գրպանից ես վճարելու,- մտածելով,հեռախոսին մոտեցավ կինը.

- Ո՞նց ես, գնացի՞ր հիվանդանոց,- մորաքույրն էր:
- Ոչ մի բան էլ չկար, - ու էլ չկարողացավ շարունակել,  փղձկաց…
- Ի՞նչ եղավ, ո՞վ էր… զանգե՞մ Վահանին,- հարցրեց Սարգսյանը .

- Չէ, ջուր տվեք,- մի կերպ ասաց կինը,-
Սարգսյանը վերցրեց ձեռքից տու-տու անող լսափողն ու դրեց տեղը.

Ջուրը խմեց, հավաքեց իրեն ու նստեց տեղը.
- Կարո՞ղ ա ճնշումդ ա, գնա՞մ ջերմուկ բերեմ.
- Եթե դժվար չի,- ասաց կինն ու ուրախացավ իր՝ սենյակում մենակ մնալու մտքից.
Ինքը երազում տեսել էր, որ երկու ոտքով կանգնած էր ձմերուկի մեջ, հավատում էր, դրա համար գնաց  բժշկուհու մոտ: Թեսթ արեցին, մի գիծ էր, - «է՜, բա գլուխս ինչո՞ւ է հաճախ պտտում» ...

Սարգսյանը ներս մտավ, ետևից էլ Վահանը.
- Աստծո սիրուն, Լալային տիրություն արա, տուն տար.
Կինը մի կերպ ժպտաց ամուսնուն, որ նշանակում էր «բան չի պատահել»:

Վահանը մտավ հյուրասենյակ:
- Դե ասա տեսնեմ ինչ է եղել.
- Ծաղիկի մոտ էի, կասկածներս սխալ դուրս եկան.
- Դու հանգստացի, ամեն ինչ լավ կլինի, թեյ բերե՞մ, թե՞ սուրճ, - համբուրեց կնոջն ու գլխով ցույց տվեց բազմոցը.
- Չէ, ուզում եմ քնել:
Անցան ննջարան: Կինը հանվեց, մտավ անկողին: Վահանը ծածկեց ուսերը վերմակով,
- Դու քնիր, ես գնամ մի քիչ աշխատեմ, վաղը գծագրերը պիտի հանձնեմ:

Կարծես թե մեկը մտավ վերմակի տակ ու քնքուշ փաթաթվեց իրեն .
-Հայկ ջա՞ն, եկա՞ր ,մամայի բալա, - ու ամուր գրկեց իր առաջնեկին...: 
 
Երբ  մենակ էր լինում ննջարանում, Հայկը գալիս էր մոտը, խաղում էր իր Տիմոշա արջուկով, լսում հերթական հեքիաթն ու ամեն անգամ պինդ գրկելով մորը, խորը շնչում էր ու ասում՝ «ինչ լավ ա, մամայի հոտ ա գալիս»...
Վախենում էր աչքերը բացել:
Ամուր գրկեց երեխային որ զգա նրա ներկայությունը, որ հավատա ուրիշներին անտեսանելի ու անհավատալի իր իրականութանը:
- համովս, սիրտս, անուշս, կյանքս, բալե՜ս… մի քիչ խաղանք, հետո հեքիաթը, հա՞...

- Չէ, մամ ջան, էսօր հեքիաթ մի պատմիր, ես քեզ կարևոր բան եմ ասելու, ես ապերիկ եմ ունենալու, ուզում եմ որ անունը Տիգրան լինի:
- Է՜, Հայկ ջան,- հառաչեց կինը.
- Հա՜, ճիչտ եմ ասում, հավատա, ու ես էսօր վերջին անգամ եմ եկել, դու էլ ինձ չսպասես, ես հետո կգամ Տիգրանի հետ ու միշտ իրեն կպաշտպանեմ:
- Մի՜… մի գնա, ես քեզ թաքուն կպահեմ, ոչ մեկը չի իմանա քո մասին, մնա հետս էլի, մի՜…,- թախանձում էր կինը արցունքների միջից.
- Լալա,- Վահանն էր դռան ետևից.
Հայկը ամուր սեղմվեց մորը, մեկ անգամ էլ շնչեց նրա բույրը, համբուրեց ու ինչպես հուշիկ մտել էր անկողին, այնպես էլ դուրս սահեց
, գնաց դեպի պատն ու անէացավ:

- Բժշկուհի Ծաղիկն է զանգում,- զգուշորեն դուռը բացելով կանչեց Վահանը,- ասում է շատ կարևոր է.
- Հիմա,- արագ հագնելով հողաթափերն ու վերցնելով խալաթը՝ դեպի հյուրասենյակ շտապեց կինը
- Լալա ջան, մաղարիչ ունենք,- նոր գրասեղանս հավաքելիս նայեցի թեստին, երկրորդ գիծն էլ ա երևում, աննշմար ա, բայց ես տեսնում եմ…
Էլ ոչինչ չէր լսում…
Մի կում հեղձուկ էր կանգնել կոկորդում- : Մի կերպ հենվեց բազմոցի թևքին.... « երկու գի՜ծ…»
երկու գի՜ծ ա,- ու փլվեց ամուսնու գրկում .
… Կինը վերջին վեց ամսվա մեջ առաջին անգամ երջանկությունից էր լացում..
- Երկու գիծը գիտե՞ս ինչ ա, Վահան, երեխա՜ …

... Մամայի հոտ ա գալիս...




ՀԱՅԿՍ








пятница, 4 мая 2012 г.

ՄԱՐԻԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾ ՁԵՌԱԳՈՐԾ ԳՈԲԵԼԵՆՆԵՐԸ ...


Հրեշտակները հովիվներին հայտնում են Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին 100x180)սմ




Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ (44x61)սմ



Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսի հետ (իր նկարածը)(47x81)սմ


Ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը(38x52)սմ


Տանելով իր խաչը... (62x86)սմ




Հրաշք ծառ (27x41)սմ




Կարճևան (42x52)սմ




Նատյուրմորտ «խորդենի» (42x74)սմ




четверг, 3 мая 2012 г.




Այսօր երազում ես քեզ եմ տեսել...
հետաքրքիր է, ի˚նչ ես մտածում հիմա իմ մասին.
երևի սիրում, բայց էլ չեմ գալիս
որ հեռու˚ ես դու...
- Օ՜, ո՜չ, սիրելի՜ս,
հոգնել եմ քեզնից.
քո տեսքից, ձայնից, նույնիսկ նայվածքից...
չեմ ուզում լինել
քեզ համար տիկնիկ...
ուզում եմ ապրել ուրիշ մի կյանքով,
ուրիշին սիրել, ուրիշով տարվել
ու քեզ մոռանա՜լ, մոռանա՜լ ընդմիշտ...
բայց ու˚ր է ուրիշն, ուրիշը չկա...
ուրիշն ուրի՛շ է, հարազատ չէ՛ նա...
մնում ես դու իմ հիշողության մեջ,
բայց դու անցյալ ես, հեռավո՜ր, անդա՜րձ...

Այսօր երազում ես քեզ եմ տեսել.
սակայն դու չգաս... ես քեզ չեմ ուզում...















ապրիլ, 1980թ.

— իմ առաջին չափածո տողերից. ոչինչ փոխել չեմ ուզում




понедельник, 30 апреля 2012 г.

ՀԱՍՄԻԿԸ, ՎԱՀՐԱՄՆ ու...


-Հանգիստ թող իմ տղային, նա վաղը չի գա Երևան:
     Հասմիկը հավաքեց Վահրամի համարը, այնտեղից հնչող ձայնն ասաց. -Բաժանորդը անջատել է հեռախոսը… միացրեց համակարգիչը, մտավ հայլանդ, Վահրամը կայքում էր, ուզեց գրել , սակայն նա իրեն սև ցուցակում էր առել:
     Ամեն պատրանք, ամեն երազանք, ամե՛ն, ամե՛ն ինչ հոդս ցնդեց,,, մնաց մի տարածություն, ուր անհասկանալի լռություն էր, ունայնություն ,...
    Անգամ արտասուքն էր սառել... ինչու˚... ինչու˚... ինչու˚ հենց իր հետ... միթե կարող էր Վահրամը թույլ տալ այսպիսի վերջ... ա՛յն Վահրամը, ով արդեն երեխաների անուններ էր որոշում, իրենց բնակարանն էր կահավորում... ինչու˚... ինչու˚... չէ, դա անհնար է, իրեն մի ձայն ասում է որ Վահրամը ...
- Ո՛չ, սա Վահրամը չէ, ո՛չ... Վահրամը չի կարող այսպիսի բան անել,- արտասվում էր Հասմիկը, - նա ինձ կասեր , մի բան կասեր, ինչո˚ւ պետք է երեկ պայմանավորվեր, իսկ հիմա հրաժարվեր,,,, սև ցուցա՜կ, ինքը սև ցուցակու՜մ է.. իսկ նա անվրդով՝ դեռ Հայլանդում ակտիվ է--- ինչպե˚ս կարող է...
   Սիգարետ սիգարետի ետևից վառում էր ու խոհանոցի երկարությամբ քայլում, առանց հողաթափերի, ոտաբոբիկ՝ չզգալով հախճապակյա գետնի սառնությունը...
    Ռեքսը զգում էր Հասմիկի հոգու խռովքը, ամեն կերպ ուզում էր օգնել ու հանգստացնել նրան. Մերթ հոտոտում էր ձեռքերը, մերթ ոտնաթաթերին բարձրանալով լիզում էր դեմքը,
    Տեսնելով որ ոչնչի հասնում, ետ քաշվեց իր գորգի վրա ու մեղավոր սսկվեց...
    Իսկ ինքը նոր զգեստ է գնել, պայմանավորվել մազահարդարի հետ,
- Աստված, օգնիր ինձ... օգնիր ապրել այս գիշերը... (ցուրտ է, մտնեմ տեղերս...), գոնե կարողանամ քնել ...
    Արցունքներն ինքնահոս իջնում էին բարձին...
- Վահրա՛մ- դու այդպիսին չես, դու չես կարող ինձ հետ այդպես վարվել... ես չեմ ուզում դու այդպիսին լինես...
    Արևի մի չարաճճի շող անտեղյակ Հասմիկի ապրումներից, խաղում էր նրա արտևանունքների հետ, խուտուտ տալիս փոքրիկ քիթը։
    Հասմիկը բացեց աչքերը.
   Օրը կեսօր էր, մի ժամից պէտք է կայանար ժամադրությունը...
   Զարմանալիորեն հանգիստ էր... գիշերվա տրամադրությունը տեղի էր տվել... հագավ հողաթափերն ու գնաց լոգարան
- Հիմա ցնցուղ կընդունեմ ու Վահրամ,մտքիցս կլվանամ քեզ ու քո հետ կապված բոլոր երազանքները... էլ չեմ լացելու, երբե՛ք...
   Թաց մազերը ուսերին, ոտքը ոտքին, ձախ ձեռքը հենարան արած աջին՝ ծխում էր Virginia Slims-ի հերթական գլանակն ու նայում ժամացույցին, որ անխնա իրենց չկայացած հանդիպման ժամն էր ցույց տալիս...
   Հանկարծ մի բան գտածի նման վեր թռավ տեղից... մոտեցավ պահարանին, անսովոր առույգությամբ հանեց երեկվա գնած զգեստն ու հագավ այն...
   Հայելուց իրեն էր նայում մի ուրիշ Հասմիկ. Նրա աչքերում նախկին ինքնավստահությունը չէր,.. հաստատակամություն կար այս Հասմիկի աչքերում, իսկ թաց մազերը ավելի վճռական տեսք էին տալիս հայացքին...
  Հեռախոսը երգում էր. իզուր... իրեն զանգող չկա էլ....
   Ռեքսը, որ մինչ այդ ֆսսացնելով քնած էր ձևանում իր գորգին, սկսեց հաչել, ասես Հասմիկի հետ հաշտվելու ու նրան ուրախացնելու առիթ գտավ,
- Լռի՛ր, լռի՛ր ,- վերցրեց Հասմիկը հեռախոսն որ անջատի... նայեց համարին,- սա ի˚նչ անծանոթ համար է,- ու ակամայից սեղմեց պատասխանելու սեղմակին...
- ՀԱՍՄԻ՜Կ, 32 րոպէ է սպասում եմ, մի˚թե չես գալիս,- Վահրամն էր....

- Մայրս զանգել է...,- մոտենալով սեղանին մտածում էր Վահրամը,- ու այդ զանգից հետո ինձ չմերժելը մեծահոգությանդ մասին է խոսում,- ամեն կերպ մոր արարքը փորձելով . արդարացնել.,- համ էլ ի˚նչ բացատրություն, մոր սերը մոլեռանդ պաշտամունքի է վերածվել, նա ամեն կերպ իրեն ուզում է ետ պահել ուրիշ կնոջ հետ կիսելու մտքից... նա Հասմիկի դեմ ոչինչ չունի... թէ˚ ունի... դա իր համար արդեն կարևոր չէ...
   Պատուհանից դուրս հունվարյան արևոտ օր էր։ Արևի մի շող ապակյա սեղանին ճառագում էր ոնց հաստատում այդ մտքերին.
-Հասմիկը պետք է ըմբռնումով մոտենա այդ զանգին...
   Ճանապարհի հոգնածությունը ընդարմացրել էր մարմինը ու նա փակեց աչքերը...  Մարտինի բյակոյի ու մեղրի համադիր համը շատ հաճելի էր...
  Հասմիկը նստեց դիմացի աթոռին ու նայում էր ննջող տղամարդուն, որ իր Վահրամն էր... Ի՛ր Վահրամը...
- Վահրա՜մ,- մատներով շոյելով Վահրամ ձեռքը,- զգուշորեն կանչեց Հասմիկը,- եկե՜լ եմ,- հայացքով կասեցրեց իրենց մոտեցող մատուցողին ու նորից՝,- Վահրա՜մ....
  Վահրամը բացեց աչքերը, ժպտաց աղջկան ու նորից փակեց, այս անգամ ըմբոշխնելով Հասմիկի մատների զգացողությունն ու ձայնի երգեցիկ հնչերանգը...
  Բռնելով աղջկա ձեռքը Վահրամը այնպես ժպտաց, ու Հասմիկը մոռացավ գիշերվա զանգը, տխուր ապրումները...
   Նրանք նայում էին իրար ու չկար էլ ոչ ոք... ... մատները իրենց զգացողությունների մասին խոսում էին սեղմումներով...
   Աշխարհի կենտրոնը Երևանն էր, հետո այս սրճարանն, այս սեղանն ու արևի շողը,
- Արի գնանք,ես ոչինչ չեմ ուզում,- ասաց Հասմիկը,-..
  Այնքան գեղեցիկ էր Հասմիկը... ալիքավոր երկար մազեր՝ անփույթ իջած ուսերին, բաց շագանակագույն աչքեր, մաքուր լայն ճակատ, նրբիկ քիթիկ, իսկ շուրթերը՜... ոնց է ցանկանում համբուրե՜լ...
- Գնանք ,- լուռ արտաբերեց Վահրամը, - արի ...


четверг, 19 апреля 2012 г.




Ես երջանիկ եմ


Ես երջանիկ եմ,
երջանիկ այնքան,
որ բառերն իրենք
գալիս են շուրթիս
ու երգ են դառնում:

вторник, 17 апреля 2012 г.



Թեկուզ ժպիտս արցունքախառն է
ու կարոտով լի,
Ես նախընտրում եմ ապրել ու լինել
միայն քո կողքին





Գիշերվա երկնի անծիր մութերում,
անթիվ-անհամար աստղերի բույլում
մեկին եմ փնտրում, իմ ԼՈՒՍԱՏՈՒԻՆ.
Իմ Լուսատուին ես կորցրել եմ
արդեն քանի՜ օր... աստված իմ,
գուցե նա վա՞յր է ընկել... 

Միայն թե, ո՛չ դա...

воскресенье, 15 апреля 2012 г.

вторник, 3 апреля 2012 г.

տարեդարձի նվեր Լուսինից




ԳԱՐՈՒՆ-ԿԻՆ



ՄԵՂՄԻԿ ԳԱՐՈՒՆ



Գարուն է եկել ու չի հեռանում,
Այնքան սիրուն է Գարունն այդ մեղմ,
Որ աչքերն իմ չեն ուզում փակվել,
ՈՒ նայում են աշխարհին այլ կերպ...

Թեպետ սիրուն է,
Բայց տարօրինակ բան կա նրանում,
Առեղծվածային շղարշն է պատել
Գարնանն այս սիրուն...

Բայց առեղծվածն այս 
Չեմ հասկանում ես,
Չեմ էլ ցանկանում հասկանալ գուցե,
Քանզի չքնաղ է Գարունն այս մեղմիկ

Տարոն Սարգսյան








ԺՊՏԱ


Դե ժպտա Արև, որ ես էլ ժպտամ,
Շողերով ոսկի այցի եկ նորից,
Խինդով ու երգով Աշխարհը լցրու,
Քո լույսով հոգիս ջեմացրու կրկին…

Դե ժպտա երկինք Արևի լույսով
Թող ծաղկեն ծառերը կրկին,
Դաշտերը թող պատվեն ծաղկունքով
Ու բույրով լցվի աշխարհն ամենուր…

Դե ժպտա դու ինձ, որ ես էլ ժպտամ,
Որ նորից սիրեմ ու լույսը զգամ,
Թող սիրտս նորից զարկի քարացած
Քո ոսկի շողից աչքերս ՝ բանամ…

Ժպտացեք մարդիկ միմյանց դուք հաճախ
Ու ձեզ էլ կժպտան բոլորը`
Երկինքը, Արևը, մարդիկ
Ու Բնությունը իր ողջ էությամբ՝'
Գարնան ժպիտով: 

Արմեն Մխեյան

քո անունը