вторник, 28 ноября 2017 г.

Այսօր իմ անունը ՀԱՅԿ է


Արևը խուտուտ է տալիս աչքերս ու շատ հարազատ շունչ եմ զգում։ Այդպես հուշիկ միայն դու ես մոտենում ինձ։ Արի գրկեմ, անգինս։
Շեկլիկս, թաքունս, գաղտնիքս... Արևոտս...
25 տարեկանդ է այսօր, իմ կորած երազանք...
Վախենում եմ բարձրաձայն ասել (քո մասին երազանքով խոսելիս ինձ սաստում են) երանի տեսնեի ինչ լա՜վ երիտասարդ ես, հպարտանայի՝ «իմ որդին է»,  ամեն աղջկա քեզ հառած երազկոտ հայացքը նկատելիս՝ երանի  սիրեիր ու ինձ պատմեիր էդ մասին, խորհուրդ տայի ամեն ժամադրության գնալիս մի փոքրիկ նվեր տանեիր հետդ...
Տոնական պիտի լիներ մեր սեղանը, ի վերջո այսօր իմ հաղթանակների օրն է։
Ու հիմա, աչքերս  խուտուտ տվող Արևի շող,  ՀԱՅԿՍ, իմ արևավառ ու անկատար երազանք, լի եմ քեզանով...

Լույսը միայն արևից չէ, այն քեզանից էլ է:





29 նոյեմբերի, 2017թ   



Որտեղ էլ խցկես, 
թաքցնես կարոտը, 
կորած ասեղի նման 
մի տեղից ծակելու, դուրս է գալու։ 

Միայն թե չանցնի 
զարկերակիդ, 
արյան հոսքով 
չհասնի սրտիդ... մահաբեր կլինի։ 

28 նոյեմբերի, 2017թ    

понедельник, 27 ноября 2017 г.


Բարի գիշերից առաջ


Երբեմն 
մտքերս թիթեռների նման են՝ 
բազմերանգ, օդում... 
Հիմնականում գիշերային են։ 
Սիրում եմ  
փակել աչքերս ու պատկերացնել .... 
Հանկարծ գաս.

Երազանքներն էլ կամակոր են։
Գոնե երազներում կատարվեն։


28 նոյեմբերի, 2017թ    



суббота, 25 ноября 2017 г.



Որդուս՝ Տիգրանին


Իմ ծիծաղի մեջ 
մի քիչ թախիծ կա, 
մի կաթիլ արցունք, 
բայց՝ լիքը խինդ կա։

Իմ ծիծաղի մեջ 
մայրիկիս ձայնն է, 
հորս՝ խրատը, 
արյանս՝ կանչը։  

Իմ ծիծաղի մեջ 
գարնան կանաչ կա, 
ամառվա՝ արև 
ու աշնան քամի։ 

Իսկ ամենից շատ 
իմ ծիծաղի մեջ՝ 
քեզ ունենալու 
երջանկությունն է։ 

25 նոյեմբերի, 2017թ     



среда, 22 ноября 2017 г.



Սև ֊ սպիտակ 
նկարից ինձ է նայում 
քնքուշ մի էակ՝
Աչքերը մե՜ծ֊մե՜ծ են։

Հանկարծ տեղն եմ բերում. 
ես եմ 
համալսարանական տարիներին. 
Աչքերս մե՞ծ֊մե՞ծ են։ 

Ի՜նչ սիրուն էի... 
հայելին ժպտում է անթաքույց,
    համոզում՝
Աչքերդ էլի մե՜ծ֊մե՛ծ են։

Արտացոլանքիս աչքով եմ անում.
միայն նա գիտի,
որ իմ մեջ  փայփայում եմ
մեծ֊մեծ աչքերով աղջկան։ 

22 նոյեմբերի, 2017թ    



воскресенье, 19 ноября 2017 г.



ՆԵ   և   ՆԱ

Ոնց
բոժոժը պատռած թիթեռ՝
անհոգ մեկ օրվա կյանքով,
ոնց ծիծառ՝
ազատ երկնքում,
այդպիսին է
արարածը ՆԵ։

Կուռ, ամուր՝
հաստատուն պատի պես,
 Անհողդող, սրատես, համարձակ՝
Ինչպես  կանդը օդում ,
ՆԱ՝ 
խոհեմ,  նախապապի գեներով,

Շրջվեցին
ակամա իրարու, 
երբ անցել էին
քայլ առաջ, 

ՆԵ՝ 

սեթևեթ աղջնակ, 

ՆԱ՝ 

վաղուց լուրջ տղամարդ...

ժամանակը
մեկի ուշացել էր,  
իսկ մյուսի համար՝ 
շտապել...



19  նոյեմբերի, 2017թ    



пятница, 17 ноября 2017 г.


Մարմինս երազների մեջ է.


Խլրտում է արյունը 
երակներումս՝
Մատներիդ խաղն է հիշում:
Փոխանցվում է 
պատրանքը
Մարմնիս բոլոր բջիջներին
Ու կենդանանում եմ՝
Ինչպես 
բնությունը գարնանը։

Երբեմն կիսաքուն զգում եմ քեզ։




Չափածոն ծնվեց այս  երգից հետո

18 նոյեմբերի, 2017թ    

среда, 15 ноября 2017 г.



Անահիտ 


Արև դառնամ, 
շողերս տամ գիրկդ,  
որ ջերմանաս, 
ի՛մ անգին։

Ծաղիկ դառնամ , 
գամ նստեմ շուրթիդ, 
որ ժպտա՜ս, 
ի՛մ քնքուշ։

Սյուք դառնամ, 
փարվեմ հոլանի թևերիդ, 
որ կրկին պարե՜ս, 
ի՛մ նազելի։

Շաղիկ դառնամ, 
այտերդ ցողելով լվամ, 
որ շիկնես, 
իմ սիրու՜ն։

Երգ դառնամ, 
անտրտուջ հնչեմ ականջիդ, 
որ դյութեմ, 
ի՛մ անուշ։

Դառնամ՝ բալասան,
Դարմանեմ բոլոր ցավերդ,
Որ ապրե՜ս,
Իմ սիրասու՜ն։

Հարազատս,  արյունս, 
Իմ... 

Սիրելի քույրս










вторник, 14 ноября 2017 г.

Օրագրային՝ երիցուկ



֊ Ի՞նչ ծաղիկ ես սիրում
֊ Դաշտային երիցուկ
֊ Ինչու՞ երիցուկ ու ինչու՞ հենց դաշտային
֊ Ինչո՞ւ երիցուկ, չգիտեմ, մանկուց եմ սիրել, որքան հիշում եմ, բնության գրկում եղած ժամանակ միայն այդ ծաղիկն եմ քաղել, սիրուն պսակներ էի հյուսում
֊ Դաշտային՝ ինչու՞
֊ Ախ, հա՝ որովհետև այդ ծաղիկը չորանալուց հետո դեն չես գցի, կօգտագործես որպես թեյի համեմուք։
֊ Այսի՞նքն
֊ Ես չեմ սիրում ծաղկամանի ծաղիկները դեն գցելու պահը, վատ եմ զգում նրանց փոխարեն, կարծես դավաճանես, էդպիսի զգացում եմ ապրում
֊ Եզակի մարդ ես, բոլոր կանայք սիրում են ծաղիկներ նվեր ստանալ, փաստորեն դու՝ ոչ։ Այդ դեպքում քեզ ի՞նչ պիտի նվիրել...
֊ Մի փունջ ժպիտ։ 💕



суббота, 11 ноября 2017 г.



Սրտիդ մի անկյունում
թաքնվել  է Սերը, 
չես էլ փորձում գտնել։ 
Անտարբերությունն է զգեստդ։ 
Ուզում եմ ճչալ, 
որ ասա՝ չէ՜, ասա՝ մի՜, 
միայն թե, ոչ՝ լավ... 

Դյուրին չէ ապրել
գիտակցությամբ՝
որ մեղավոր ես։  
Ամոթահար լինելու աստիճան 
մերկ ես զգում... 

Հիմարություն է։ 
Քեզանից հետոյի երգերս,
որոնք դեռ մեղեդի չունեն՝ 
էլի քո մասին են։ 


11 նոյեմբերի, 2017թ    

среда, 8 ноября 2017 г.



    Շուշանը մի կեպ իրեն գցեց ավտոբուս, առաջ  անցավ, ձեռքը մեկնեց վերևի ձողին ու բռնեց, որ հավասարակշռությունը չկորցնի։  Երբ շունչն եկավ տեղը, մտածեց՝ էս ինչ հարմարավետ ավտոբուս էր, հեչ չձգվեց։
    Կողքին մի  երիտասարդ էր կանգնած, որ զարմացած իրեն էր նայում ու երբ հայացքը հանդիպեց, ժպիտով հարցրեց.
֊ Էդպես Ձեզ հարմա՞ր է
֊ Այո,֊ ուշադրությունից զգացված պատասխանեց Շուշանը,֊ շնորհակալություն։
֊ Խնդրեմ, ֊ ասաց երիտասարդը, ֊ ե՞րբ եք պատրաստվում իջնել.
_ Մանկավարժականի կանգառում, ֊ ստիպված պատասխանեց ու ինքն իրեն մտածեց, ֊  ի՞նչ է կպել իրենից, ու պայուսակն ավելի պինդ սեղմեց կոնքին։
    Քիչ հեռվում երկու աղջիկ նայում էին իրեն ու ծիծաղելով իրար ականջի փսփսում.
«Սրանց ի՞նչ եղավ», ֊շարունակեց մտածել Շուշանն ու դիմեց կողքի երիտասարդին, ֊ ի՞նչ կլինի, մի քիչ հեռու կանգնեք.
֊ Ձեզ հարմար չի լինի, ֊ նույն ժպիտով պատասխանեց տղան, ֊ համ էլ հասնում ենք կանգառ։
     Շուշանը ո՛չ այն է խոսեր, ո՛չ այն է լռեր. որոշեց ինքը մի քիչ կողք կանգնել, նայեց վերև, որ ձեոքը ձողի վրայով սահեցնի ու հասկացավ հարմարավետ ձողի, երիտասարդի արտասովոր ուշադրության, կողքի աղջիկների փսփսոցի պատճառը։
֊ Վա՜յ, կներեք, ֊ շվար գույն՝ տվեց, գույն՝ առավ,   ու ներողություն հայցող հայացքով նայեց երիտասարդին
֊ Ոչինչ, բռնեք թևքս, չընկնեք հանկարծ, ֊ ավելի լայն ժպտաց տղան, ֊ շատ հաճելի է լինել հենարան նման սիրուն աղջկա համար։
    Որքան էլ անհարմար էր զգում, պիտի դիմանար։ Նայեց տղային, ժպտաց, ակնթարթների ընթացքում հազար ու մի բան մտածեց, թե ինչպես հայտնի շնորհակալությունը։
    Ծիծաղելով իջան կանգառում։
֊ Արամ
֊ Շուշան, ֊ պիտի վազեմ՝ դասից չուշանամ
֊ Երբ ավարտես դասերդ, միասին սուրճ խմե՞նք
     Շուշանը պայուսակից թուղթ հանեց,  գրեց հեռախոսահամարն  ու մեկնեց Արամին,


(շարունակելի) 

понедельник, 6 ноября 2017 г.


Գիժ՝ աշնանային


Երեկվա արևն 
ու այսօրվա անձրևը 
ծայրահեղ տարբեր են, 
ինձ նման՝ 
անբացատրելի, 
գիժ ՝ բայց լավ, 
դրական. 
որ կարող է վազվզել 
խաշամի վրայով, 
լսել նրա
«եկա՜ր՝  բարև՜»֊ը։ 
Նաև
առանց անձրևանոցի,
հերարձակ, 
գլուխը բարձր... 
... որ շուրթերը  շրշա՜ն
«ուզու՜մ եմ, անձրև, որ չդադարես...»
ու՝ թացանա՜ն... 

Սիրահարվա՞ծ եմ... 
ինչ որ մեկի՞ն՝ ամենևի՜ն. 
Ես  սիրահար եմ 
դեղինի, կարմիրի... գույների, 
զրուցող խաշամի, 
  համբուրող անձրևի...
Աշնա՜ն. 

Երեկ Արև էր, 
այսօր՝ անձրև. 
ու ես գիժ֊գիժ 
տրվել եմ մտքերիս, 
որ 
ինձանից 
ավելի գի՜ժ են։ 

Նվիրում եմ իմ սիրելի Անուշ Բարսեղյանին



четверг, 2 ноября 2017 г.

Եթե ուզում ես ապրեմ






Վերադարձրու
Ճայթող
Ժպիտդ.
Եթե, իհարկե, ուզում ես... 

       Տղամարդը ծխում էր։
       Կինն աչքերը հառել գետնին,
զգում էր ծուխը, որ դուրս էր գալիս նրա ռունգերից։ Նախանձեց այդ սիգարետին։ Մարմնով դող է անցնում, երբ պատկերացնում է, որ իրեն կարող է համբուրեն սիգարետի համով այդ շուրթերը։ Խելագարվելու բան է։
Տղամարդը վերադարձավ սենյակ, մոտեցավ կնոջը, վեր հանեց բազմոցից՝ գրկեց։
Համբույրը կլանեց նրանց։ Կինը համբույրի հետ շնչում էր սիգարետի հոտը, որ արտաշնչելիս խուլ հևոցի էր վերածվում։ Դրանից տղամարդն ավելի էր ցանկանում կնոջը :

       Անկառավարելի է դարձել: Պատճառը կես գավաթ օղին է, որ պարպեց մի շնչում:
      ֊ Գևորգ-շշնջում են շուրթերը, Գևորգ - հևում է սիրտը, Գևորգ - ճչում է հոգին, Գևորգ- գալարվում է մարմինը...  մթագնել է ուղեղն ու միայն՝ Գևո՜րգ, Գևո՜րգ... դու չգիտե՜ս...

       - Գ՞ամ ետևիցդ
       - Մերոնց ի՞նչ ասեմ, էն էլ էս ժամին.
       - Մի բան մտածիր...

         Անզոր է այս ձայնին դիմակայել։
        Շտապ֊շտապ հագավ ջինսե տաբատը, վրան գցեց դեղին բլուզը, վերցրեց մեքենայի բանալիներն ու դուրս վազեց։
        Դռան ուժգին խփոցից մայրը տեղից վեր թռավ, ասես գլխին հարվածեցին, բայց մնաց նստած։

        «Դուրս արի բակ, գալիս եմ» հաղորդագրություն գրեց ու միացրեց մեքենայի շարժիչը։
        Օղին իր գործն անում էր։
        Լիանայի աչքերի առջև շարժվող լույսեր էին, ականջներում ազդանշաններ ու այդ ամենի միջև Գևորգը՝ մազերը ետ սանրած, կարմիր պոլոյով՝ քիչ անփույթ իջած ջինսերին, իբր անտարբեր, բայց քննախույզ՝ մինչև ոսկորները թափանցող հայացքով, պարտադրող հարցական ժպիտո՜վ... Օ՜ֆֆֆ... ու՝  «Եկել եմ»...
Եվս մի շրջադարձ՝ տեղ կհասնի...
       Շրջանը մեծ վերցրեց, որպեսզի չհարվածի դիմացի ծառին,  ղեկը թեքեց, ու...
Գևորգը իջել  բակ՝ ծխում էր։ Քայլելով հասավ փողոցի սկզբնամաս ու տեսավ, թե ինչպես  սպիտակ Audi֊ն հարվածեց  մայթեզրին։
Վազելով հասավ մեքենային, ամբողջ ուժով պոկեց դուռը,  բացված բարձիկների միջից դուրս հանեց աղջկան...
      Գրկեց ու կանչում էր.
      ֊Լիան, Լիանա, Լիի, բացի՜ր աչքերդ, խնդրում եմ...
      Շուրջբոլորը մարդիկ էին՝ վախեցած , կարեկցող,  անհանգիստ,...
      Ինչ որ տեղից հայտնվեց շտապ օգնության մեքենան։ Աղջկան տեղավորեցին  պատգարակին, Գևորգը բժշկի սաստող ձայնին անհնազանդ նստեց կողքին, բռնեց ձեռքը
      ֊Գևո՜րգ, ֊ հազիվ լսելի կանչեց աղջիկը, ֊ Գև՜...սիրում եմ... քեզ ու ...
      - Ես էլ քեզ եմ սիրում, Լիան ջան, ամեն ինչ լավ կլինի, հիմա կհասնենք...

       Արդեն քանի ժամ է։ Որերորդ գլանակն է ծխում, ետ ու առաջ քայլում երկար միջանցքով։
       Վիրահատարանի դուռը բացվեց, դուրս եկավ վիրաբույժը. 
       ֊ Եկեք ինձ հետ, ֊ դիմեց Գևորգին։
       ֊ Եթե ուժեղ լինի՝ կապրի, ֊ասաց, ֊ գանգային ներքին տրավմաներ ունի։  Երբ բերեն հիվանդասենյակ, թույլ կտան այցելեք։
       Գևորգը վերադարձավ միջանցք, գլխիկոր նստեց նստարանին։

       Երեք տարի առաջ էր, որ ծանոթացան։ Ինքը սուպերմարքեթի դռների մոտ տեսավ մի քանի տոպրակներով բեռնված երիտասարդ կնոջն ու ակամայից ժպտաց։
       ֊ Կուզե՞ք օգնեմ։
       ֊ Ձեռքիս ամբողջ գումարը ծախսեցի, տաքսիի փող չմնաց, ֊մեղավոր ժպտաց կինը։
       ֊ Ուրեմն իսկապես պետք է օգնել, ֊ ծանր տոպրակները վերցնելով ինքն առաջ անցավ, ֊ եկե՛ք, ձեզ տեղ կհասցնեմ։
        Ողջ ճանապարհին կինը լուռ ժպտում էր։ Շքամուտքի մոտ, երբ ինքը տոպրակներն էր իջեցում, խոստացավ սուրճ հյուրասիրել, եթե վերև բարձրանա։


       Կոկիկ, հարդարված բնակարան էր։ Հանդիպակած  պատերին Պիկասոյի երկուական գծանկարներ էին, մի անկյունում PETROFF դաշնամուր, մյուսում՝ բարձր պատվանդանով ժամացույց, հնաոճ փափուկ կահույք, սպասքով ու գրքերով ծանրաբեռնված պահարաններ։
Մինչ ուսումնասիրում էր գրքերը, կինը սուրճ պատրաստեց, միրգ, շոկոլադ դրեց սեղանին։
       ֊ Լիանա է անունս, մայրիկիս հետ եմ ապրում։ Երեկ գյուղ է  գնացել, ֊ ու երկչոտ ավելացրեց, ֊ ամուսինս քանի տարի է դրսում է...
       ֊ Ես էլ Գևորգն եմ, Մյունխենում եմ ապրում, եկել եմ ծնողներիս տեսության։
       ֊ Գինի՞, կոնյա՞կ...
        - Գարեջուր, եթե կա...        
        Դուքից՝ դուի անցումը հեշտ եղավ։ Խոսեցին, ավելի մտերմիկ զրուցեցին՝ ասես վաղուցվա ծանոթներ։
         ֊ Ես դուրս գամ պատշգամբ, ֊ սիգարետի տուփը հանեց գրպանից, հարցական նայեց ու տեղից վեր կացավ։
          Լիանան մեղմ ժպտաց, որ և՛ ամոթխած էր, և՛ սպասողական, և՛ կանչող։
         Հետո եղավ համբույր, հետո...

          Գևորգը մտավ հիվանդասենյակ, կանգնեց Լիանայի կողքին, բռնեց ձեռքը։
          ֊ Այստեղ եմ, զգու՞մ ես։ Պետք է չկանչեի քեզ էս կեսգիշերին...
          Շնչող ապարատը ֆսսում էր, դիմագծի ոչ մի շարժ, ասես անհաղորդ ամենին, միայն մոնիտորի գրաֆիկական հաճախականությունն էր հուշում,  որ միատոն շնչում է։
         Գևորգը մոտ քաշեց աթոռը, նստեց, ու սկսեց հիշեցնել իրենց ծանոթությունից, պատմեց, որ վերադարձել է ընդմիշտ, որ իր հետագա ծրագրերում Լիանան տեղ ունի։
        Թե՞ օրվա ծանրությունից, թե՞ ապրումներից, չզգաց, ինչպես քնով անցավ։

       ֊ Քնացրու ինձ, հիշու՞մ ես ինչպես.
       - Ըհը, շրջվիր ինձ մեջքով, միայն վախենամ քեզ դիպչելու  գայթակղությանը չդիմանալ...
       - էլ միի, պինդ գրկիր ինձ, ավելի պինդ, ցավացնելու աստիճան:
      Գրկեց Լիանայի մեջքը, կիպ սեղմեց իրեն, այնպես, որ իրենց միջև տարածության չմնաց։

       Արթնացավ բարձր ձայներից։ Սենյակում իրարանցում էր։ Իրեն դուրս հրավիրեցին, դուռը վրա բերեցին։
       Միջանցքում  մի կին լուռ արտասվում էր։  Կողքին փոքրիկ, մոտ երկու տարեկան աղջնակ կար՝ տիկնիկը գրկին։
      ֊ Մի լացիր, տատիկ, ֊ լսվեց  մանկան թոթովախոս ձայնը։
      Հայացքը սահեց, կանգ առավ երեխայի վրա։ Ծանոթ, շատ ծանոթ դիմագծեր էին, իր մանկության ալբոմի հիշողություններից։





Նկարները՝ Ալիկ Ասատրյանի

03 նոյեմբերի, 2017թիվ         




Արի, 
 ինչպես կարող ես. 
Ժպիտով ֊ անժպիտ, 
հանդարտ քայլքով, 
կամ՝ վազքով, 
սիրուն շորերով
կամ պատառոտված ջինսերով, 
մեկ է, մոդա է,
թեկուզ՝ չուզենալով։

Ծաղիկ մի բեր՝
ամեն անգամ
դրանք գցելիս վատ եմ զգում,
ա՛յ, շոկոլադ սիրում եմ, 
բոլորը չէ, 
բայց՝ սիրում եմ...

Չէ, չեմ մոռացել՝
 տարեդարձ է...
Արդեն եկել եմ։
դու միայն ընդառաջ արի,
նվեր ունեմ.
նյութական չի...
Ահհ... 
Չէ, ուրիշ սպասելիք չունեմ,
պետք չէ  այլևս,
միայն նվերը հանձնեմ,
ու...
Ասա ինձ՝
«ներիր, ստել եմ. 
 ստիպված,
հարկադրված, 
պատճառաբանված, 
... ելք էր» ...

Լավ չէ 
սպասեցնելը... 
կարծես մրսեցի, 
վերջիվերջո նոյեմբեր է, 
ցուրտ է... 
Դե՞... 

02 նոյեմբերի, 2017 թ.