вторник, 31 октября 2017 г.



Ոչ քնած է, ոչ՝ արթուն...
Այս ի՞նչ   է. 
Ինչ որ մեկը
 Խաղում է մազերի հետ,
Շոյում ճակատը,
Այտերը...
Մատներով եզրագծում  շուրթերը։

Մարմնի բոլոր բջիջները
Սկսեցին թրթռալ,
Խլրտալ,
Շնչառությունն արագացավ,
Թե՞ դանդաղեց... 
Անուժ է ձեռքերը շարժել
Ու ոչ էլ ուզում է... 
Հանկարծ չկորչի պատրանքը:

Զգացողությունների համանվագ է։


01 նոյեմբերի, 2017թ.      


пятница, 27 октября 2017 г.

Օրագրային՝ նախանձ



Պատուհանից աղջամուղջը ներխուժել սենյակ՝ նախանձ էր ձևավորում։
       Զգացողությունը, որ լիովին տեղավորվել էր հոգում, կամաց-կամաց տեղաշարժվում, տարածվում էր դեմքի վրա. առաջին հերթին աչքերը դուրս պրծան, իբր՝ տեսեք-տեսեք ինչքան մեծ են: Դրանից աչքերի տակ առաջացան խոր ու մուգ փոսիկներ, որ ավելի ցայտուն դարձրին առանց այդ էլ երկար ու սուր քիթը: Ատամները սեղմված էին պահում լեզուն՝ դրանից էլ բերանը ծռմռված քառանկյան տեսք ստացավ, այտոսկրերը սրվեցին, իսկ թշերը կախ ընկան՝ ասես ճխլած տանձեր:

Նախանձն այսքան տգեղ է, խորշեք նրանից։ 

вторник, 24 октября 2017 г.

Օրագրային՝ թվեր



Միշտ թվերի հետ խնդիր եմ ունեցել։ Ասեմ։
 Ինչ որ մի թիվ, կապված տարվա, տարիքիս հետ, սահման է եղել ու դա անցնելուց հետո, ասես մի անջրպետ եմ հաղթահարել։
Մամաս արդեն հրեշտակ էր։ Երազում ինձ 31 ռուբլի տվեց (սովետ տարիներն էին) ու ասաց որ սպիտակ սփռոց գնեմ։ Մտածում էի որ այդ տարիքում մի արտասովոր բան կպատահի ու՝ ճանաչեցի Վիգենին, ամուսնացանք։
Հետո, հետո շատ  մեծ դժբախտություն ապրեցինք։ Կորցրեցինք 4 տարին չբոլորած մեր առաջնեկին, ու երբ Տիգրանս էր մեծանում, մինչև 4 տարեկանը լրացավ, նոր կարողացա ազատվել վախից։
  Այնուհետև...  սրտի ծանր վիրահատություն տարա։
Ու  սկսեցի ահով սպասել այն տարիքին, որ մայրս չհասցրեց տոնել։ Միայն դրանից հետո խոր շունչ քաշեցի։
Հիմա էլ օրեր եմ հաշվում մինչև փետրվար... բայց՝ երազանքո՜վ։


💕💕💕💕💕


четверг, 19 октября 2017 г.






Ալիքն ափ նետեց խեցին, 
Ավազը համբուրեց քնքուշ, 
Քամին  շոյեց շոշափով,  
Լուսինը պաղ ժպտաց՝ հպանցիկ։

Արեցաթը դուրս լողաց ջրերից, 
Արևը արձակեց հյուսքերը, 
Ծովը աղեջուր ցողեց, 
Բացվեց պատյանը խեփորի։ 
***
Սևամորթ, ինչպես գիշերն անլուսին, 
Մորեմերկ, կուսական, անպաճույճ, 
Աղջիկը՝ ոտքերը բոբիկ, 
Հետքերն էր թողնում ավազին։ 

Ունկն արած օվկիանի երգերին, 
Հավաքում  էր ալիքի հետ եկած՝
Ալգաե, մեդիաներ ու ոստրե, 
Դարսում զամբյուղում արմավե։

Շողացին աչքերը հանկարծ
Սևաթույր գեղուհու դեմքին, 
Կռացավ, ասես խոնարհվեց
Մարմարիոն խեցու առաջ։  

Մեկնված խոնավ ավազին, 
Սևեռած  աչքերը մարգարտին, 
Չէր ուզում մատներով դիպչել
Փլուզել տեսիլքը սադափի։ 

Լիանայի պալարը ոլորեց, 
Թել հյուսեց ակնին հարմար. 
Ու շողշողաց պարանոցին, 
Հուրհրատեց  ընծան Լուսնի։  

Ստինքները ցցուն,  սեթևեթ, 
Շորորում էր քայլքով  երերուն՝
Դեպ մայրամուտը մոտալուտ
Ու երազանքը գիշերվա:











среда, 18 октября 2017 г.

Լուսոն




      Լուսոն նստած տաբուրեդկին, կորոլյոկ էր քչևում ու քթի տակ մռթմռթում.
֊ 100 շար անեմ, էս տարվա համար բոլ ա։
֊ Մաամ, սարոչկաս հարդուկե՞լ ես, ֊ ձեն տվեց Հարութը
֊ Հա, աթոռի գլխով գցած ա,֊ պատասխանեց Լուսոն ու շարունակեց մտորել, ֊ էս տարի ոչ մեկին էլ չեմ բաժանելու, դրանց մի տեսեք, հանցա իրանք քաղաքացի են, ես՝ գեղացի... ուղիղ շուկա եմ տանելու։
     Հարութը հագած֊կապած, մազերը թեք սանրած՝ իջավ աստիճաններով։ Լուսոյի աչքերը փայլեցին.
-  Վա՜խ, պատկերդ պաչեմ.
-  Համով բան կեփես, կարող ա մենակ չգամ տուն, ֊ հեռախոսից չկտրվելով, կողքովն անցավ որդին, ֊ էդ շորերդ էլ կփոխես, ֊ ավելացրեց վերջում։
֊ Գնա է, իսկական հորդ կտորն ես, ֊ սիրտը կոտրված մտքում ասաց Լուսոն ու գլուխը կախ շարունակեց գործը։
      Ամեն ձմեռ, Նոր տարվա բերան, բերքը տանում էր Երևան։ Իջնում էր ամուսնու ողորմածիկ եղբոր տանը։ Հարևանները գիտեին արդեն, գալիս՝ առնում էին, էլ շուկա չէր հասնում։
      Տեգոր կինը՝ Ռուզանը, իրան պահում էր տանը, ինքը գնում աշխատանքի։ Իրիկունը գալիս էր, տեսնում տունը՝ մաքուր, ամանները՝ լվացած, ճաշը՝ տաք֊տաք  պատրաստ։ Հաց էին ուտում, սերիալները հերթով նայում, սկի խոսալու ժամանակ չէր մնում։ Լուսոյին միշտ թվում էր, որ Ռուզանը իրան վերևից ա նայում։ Մոռացել ա որ նույն դասարանցի են եղել, դպրոցում իրա շարադրությունները Լուսոն էր գրում, քաղաքացի ա դառել, պադումա՜եշ...
Հարութի համար սվիտեր էր առել, բերել տուն, ասաց՝ «գյուղում էդ բաց գույնի  սվիտերը որտե՞ղ պիտի հագնի, դա տուր Սևակին, ես դրա տեղը երկու ուրիշը կտամ, տար, թող հագնի՝ մաշի...»։ Ինքը գնաց նորից նույնիցը առավ, բերեց ճամպրուկի մեջ թաքցրեց. «Էդ էր պակաս Հարութս Սևակի հագած շորով ուրախանա...» ։
      Աչքերը թրջվեցին, թևքովը մաքրեց... Սառեց մի պահ. հագին Ռուզանի տված ժակետն էր։
       Սուս ու փուս վեր կացավ, գնաց մրգով լիքը կողովների կողմը, սկսեց մեծերը ջոկել.
֊ 5 շար Ռուզանիս համար քչևեմ, նոր գնամ խանութ։

18 հոկտեմբերի, 2017թիվ    



вторник, 17 октября 2017 г.

Օրագրային՝ հոռետեսական



Ինչու՞ երբեմն 
Մտածում  ես մեռնելու մասին, 
Երբ ավելի շատ 
Ապրելու պետք ունես։

Ուզում ես՝ մտածիր,
Ուզում ես՝  խորհիր, 
Ուզում ես՝  տուր ու առ... 
Ուզում ես՝  հիմարաբար ժպտա... 

Ուզում ես երգիր,
Պարիր, ասմունքիր՝
Դիմացինն այդպես էլ տեսնում է, ընկալում, 
Դու ես քեզ խաբում... 

Այսօր շատ մեծ վախ եմ ապրել, 
Այնքան մեծ, որ 
Ինքս ինձանից դուրս եմ եկել, 
Ու... հիմարություն էր՝ բայց արել եմ...

Մարդ ինքն իրենից 
Ներողություն 
Խնդրել֊հայցել֊պահանջե՜լ
Կարո՞ղ է... 

Արտասվում եմ, 
Չէ, լացում եմ, 
Իսկական, գլոր֊գլոր
Արցունքներով...


Ինձ 
Մի քիչ 
Լավատեսություն 
Նվիրեք... 



17 հոկտեմբերի, 2017 թիվ   

пятница, 13 октября 2017 г.



Ինչ որ բան այն չէ
Այս քանի օրը.

Այտերդ են վառվում,
Թլպատ է լեզուդ
Ու շատ ես խոսում։
Չէ՜, դու չես քայլում ՝
Ճախրու՜մ ես, թևու՜մ,
Անվերջ ծիծաղու՜մ ...

- Գինո՞վ ես էլի...
- Չէէ՝ սիրահարվա՜ծ...


🎶🎺🎻🎷🌠🎊💝💫💞

         13 հոկտեմբերի, 2017 թիվ     


вторник, 10 октября 2017 г.

Այլակերպում



Սկզբում սպասեցի,
Հետո՝ անհանգստացա, 
Հետո՝ վախեցա, 
Հետո աչքերս թրջվեցին֊չորացան՝ խամրեցին, 
Հետո ձայնս կերկերաց֊երերաց՝ խզվեց, 
Հետո հոգիս հուզվեց֊տխրեց՝ ճնշվեց... 
Հետո ուսերս ծանրացան֊ճկվեցին՝ կորացան. 
 Հետո... 
Հետո ես ծերացա... 100 տարով։

***

Արև մի օր դաշտում
Աշխետ  երիվար ես տեսա։
Տրտնգի էր տալիս,
Վազում այս կողմ՝ այն կողմ։
Ծածանում էր քամին
Բաշը նրա ոսկե... 
Ու խարտյաշ էր օդը, 
Ու խարտյաշ էր օրը,
Ու խարտյաշ էր ոգին
Վարգում նրա վայրի, 
Որ գալիս էր հեռու
Հեռու տափաստանից, 
Հեռու անտառներից, 
Հեռու մութ լեռներից՝
Ուր կանաչն է զմրուխտ, 
Ուր ծաղիկն է կապույտ, 
Ուր քարերն են մամռոտ
Ուր  բուրում է օդը երնջակով։ 

***
Ու արթնացավ հոգիս
Հարյուրամյա նիրհից,
Թոթափեց ուսերիցս
Ծանրությունը հոգսի,
Արցունքը վայր ընկավ՝
Աչքերիս փայլ տվեց։
Շիկնանք իջավ այտիս, 
Ժպիտ նստեց շուրթիս, 
Ելևեջը ձայնիս
Դյութիչ երանգ առավ։ 
Երջանկացավ օրս։
 Տարիքն արհեստածին
Հոդս ցնդեց մեկեն։ 

Կրկին դարձա պոետ





Էսպիսի խենթ ու խելառ
«խարտյաշ իմպրովիզ»

       10 հոկտեմբերի, 2017 թվական   




понедельник, 2 октября 2017 г.

Գիշերային իմպրովիզ



Գիշերն
Իջել  քաղաքին՝
Տիրակալ է իրեն հռչակել։

Լուսինն
Առել աստղերին՝
Այսօր հանգստի են գնացել։

Քամին՝
Ոնց հարբած շրջմոլիկ,
Ծառերը գրկել՝ ողբում է։

Անձրևը
Շաչում ասֆալտին՝
Օրն է լվանում երեկվա։

... ու սիրահար մի զույգ՝
Տիրակալ գիշերվա խավարում,
Անտեղյակ լուսնից, աստղերից,
Անտեսած քամուն, անձրևին,
Թումանյան֊Աբովյան  անկյունում՝
Տրվել է սիրո համբույրին։

03 հոկտեմբերի, 2017թ.