воскресенье, 20 октября 2013 г.

Արտասուքե աղբյուրը



Ո՜նց չի սիրում այս ընդհանուր լողավազանները. պիտի բոլորի աչքի առաջ մերկանա, բոլորի հետ մտնի նույն ջուրը, մարմինը նախանձով տնտղող հայացքներն էլ չասած: Միակ լավ բանը բուժիչ պղպջակներն են, որ ծակծկում, խուտուտ են տալիս մաշկը, մարմինը ընդարմացնում: Ինքը փակում է աչքերը, մոռանում ամեն ինչ ու բոլորին:
Այստեղից դուրս կգա, կքայլի պուրակում: Կնստի հոր ծանոթ նկարչի կողքին, կզրուցի հետը, ամեն հետաքրքրվողի էլ կաբացատրի, որ նկարների մեջ գերիշխող դեղինը քաղաքին շատ պակասող արևն է: Պատկերացնելով այդ պահին նկարչի հպարտ կեցվածքը, ինքն իրեն ժպտաց:
Մեկ ժամը շատ արագ անցավ:
Ոչ նկարիչն է իր տեղում, ոչ էլ նրա անհասկանալի դեղինով կտավները: Նստեց նստարանին:

Սիրուն քաղաք է Ցխալտուբոն, կանա՜չ-կանա՜չ կիպարիսների մեջ: Բնակիչները սպիտակամաշկ են, գեղեցիկ: Սկզբում զարմացած էր. բոլոր կանայք սևազգեստ են ու սև գլխաշորերով: Իր ենթադրությունը, թե քաղաքը սուգի մեջ է, բարեբախտաբար հերքվեց: Ուղղակի մոդա է սև գույնը:
Անշտապ քայլերով դեպի իրեն է գալիս բարձրահասակ, սիրուն աչք-ունքով մի երիտասարդ: Տեղավորվեց նստարանին ու, ինչպես վաղուցվա ծանոթի, ողջունեց.
-  კომენტარი პირველმა (գամար ջոբա):
- Բարև, здравствуйте:
- Дато, то есть Давид:
- Алла,- ակամայից ասաց անունն ու երկուսով միաժամանակ փռթկացրեցին:
- Армянка, отдыхаете, я из Тбилиси? А где Разо?:
- Его нету, я из Еревана, родители на процедурах,  жду пока придут, - իր նստարանին մենակ նստելը անգիր արածի նման արդարացրեց ու էլի երկուսով ծիծաղեցին:
Դաթոն ճանապարհաշինարար է: Ավարտել է գործերն ու մեկնելուց առաջ որոշել է հրաժեշտ տալ նկարիչ բարեկամին: Դե, քանի որ նա էլ էստեղ չի, իրեն մնում է վեր կենալ ու շարժվել դեպի հայրենի քաղաք, թե՞...
Ալլան մտովի թարգմանում էր Դաթոյի խոսքերը.
- Կուզե՞ս քայլենք մի քիչ, մեքենաս այգու մյուս կողմում է, համ էլ ինձ կճանապարհես:
Դաթոյի ինքնավստահ պահվածքը հավատ  էր ներշնչում: «Այդպես ավելի լավ կլինի»,- մտածեց աղջիկն ու վեր կացավ:
Քայլելով հասան ոլորապտույտ աստիճաններին ու սկսեցին իջնել: Դաթոն սկսեց մի պատմություն:
- Արքայազնը սիրահարված էր մի գեղջկուհու: Ամեն հնարքի դիմում է, որ աղջկա սիրուն արժանանա, սակայն ապարդյուն: Աղջիկը չի սիրում ու չի սիրում նրան: Սիրուց տանջված պատանին գալիս, ծառերի տակ նստում է ու քնով անցնում: Գիշերը շատ ցուրտ է լինում: Առավոտյան պալատականները նրան գտնում են սառած: Աղջիկը լսում է լուրը, գալիս է, ու ի զարմանս ներկաների, այդ պահին տղայի աչքերից արտասուք է հորդում: Աղջիկը համտեսում է արցունքն ու սիրտը ճմլվում է: Նա հասկանում է, որ արդեն սիրում է: Պատանուն այդ վայրում էլ հողին են հանձնում: Որոշ ժամանակ անց գետնի տակից սկսում է ջուր դուրս գալ: Աղբյուրի գերբնական ուժի համբավը տարածվում է ողջ երկրով մեկ ու նրա սահմաններից դուրս: Ժամանակների միջով այն անցել ու մեզ է հասել: Ով խմում է այդ ջրից, սկսում է սիրել:
Բազալտե աստիճանները տարան մի ընդարձակ հրապարակ, ուր մշտադալար թփերի մեջ քարե ցայտաղբյուր է առանձնանում:
- Չե՞ս ուզում փորձել.
- Վախենում եմ:
- Սիրելը վախենալի չէ:
- Շուտ է...

Ինչքա՜ն հաճելի է լռությունը:
Ալլայի աչքերը ժպտում են, Դաթոյի ձեռքերը՝ համոզում, երկուսի շուրթերը՝ դողում...
Ժամանակն է հրաժեշտի: