Լիանա




Վերադարձրու ճայթող ժպիտդ, եթե ուզում ես ապրեմ


***
Արի ինչպես կարող ես.
Ժպիտով֊անժպիտ,
հանդարտ քայլքով
Կամ՝ վազքով,
սիրուն շորերով կամ պատառոտված ջինսերով,
մեկա՝ մոդայա,
թեկուզ՝ չուզենալով,
ծաղիկ մի բեր՝
ամեն անգամ դրանք գցելիս
վատ եմ զգում,
Ա՛յ, շոկոլադ սիրում եմ,
բոլորը չէ,
Բայց՝ սիրում եմ...
Չէ, չեմ մոռացել՝
տարեդարձ է...
արդեն եկել եմ։
Դու միայն ընդառաջ արի,
նվեր ունեմ.
նյութական չի...
Ահհ...
Չէ, ուրիշ սպասելիք չունեմ,
Պետք չի այլևս,
Եկել եմ նվերս հանձնեմ ու...
Ու լսեմ «ներիր, ստել եմ»
թեկուզ՝ ստիպված,
հարկադրված,
պատճառաբանված,
Կամ՝ «ելք էր» ...

Լավ չի
սպասեցնելը...
կարծես մրսեցի,
վերջիվերջո նոյեմբեր է,
ցուրտ է...
Դե՝...


*****

Ուղերձ՝ առ երկինք



    Ես էի օգնել,  որ դու քեզ հնարեիր։   
    Քո օգնությամբ էլ ես ինձ հնարեցի։
    Սիրում էինք...
    Մեր հեքիաթը տևեց ութ ամիս. սկզբում՝ ուղղակի, հետո՝ իմիջիայլոց, հետո՝ բուռն, հետո... հետո մեզանից մեկը սայթաքեց։ Մյուսի մեկնած ձեռքն ամուր չբռնեց...  սահեց դեպի անդու՞նդ, թե՞ հոդս ցնդեց հեքիաթը:
    ՈՒ՝ չկաս ԴՈւ։
    Այս ընթացքում ամեն կերպ փորձել եմ պատասխանել ինձ տանջող «ինչու՞ներին», հասկանալ։ Հիմա գիտեմ ու չեմ բարձրաձայնի։
   Կարևորը՝ մեր հնարած կերպարներն անխոս հասկանում էին իրար։ Մեկի լինելը  պայմանավորված  էր մյուսի գոյությամբ։
   Այսօր երկու ամիս է՝ չկաս։ ՈՒ հիմա ես իմ  մեջ արդարացնում եմ քո չլինելը։
   Ես քեզ ազատում եմ ինձանից։     
   Թևածի՜ր ...

26 սեպտեմբերի, 2017 թ.   

*****

Հիմա եկել՝
Հիշողություններս ես
Մաս֊մաս թարմացնում։
Հավաքում եմ բոլորը,
Շարում ժամանակի
Իրենց տեղերում.
Մեկը խունացած է,
Մեկը՝ փոշոտ,
Մյուսը՝ ճաք տված...

Սոսնձած ոչինչ չեմ սիրում։
Չստացվեց... 

04 սեպտեմբերի, 2017թ.   

*****

Կարոտ


Դու՛՝ գիտե՞ս,
ի՞նչ ասել է «կարոտ ».

Երբ ամեն բջիջդ տենչում է
Ու ունայնություն է ապարդյուն...
Երբ մատներդ փնտրում են
Ու չեն գտնում հպվելու համար...
Երբ լեզուդ նվվում է անունը
Ու արձագանք՝ չկա։
Երբ աչքերիցդ կաթող արտասուքը
Լվանում է տեսիլքը...
Երբ մի օր իրականությանը խոստովանում ես որ պարտվել ես
Ու մահանում է հավատդ։

Ա՛յ, սա է «կարոտը»։
Իմ սպասումը հոգնել է արդեն ՝
Ե՛տ արի... 

01 սեպտեմբերի, 2017թ.

*****

Իմ երազներում
Ինչ որ լինում է՝
Իմ ուզելով է։

Ուրեմն այսօր,
Ճիշտ կեսգիշերին՝
Երազիս՝ արի։

30 օգօստոսի, 2017թ.   

*****

Գնա՜


Իմ անցած ժամանակում
Ես պահ եմ տալիս
Միայն ժպիտը,
Ասած ջերմ խոսքը,
Սիրով համբույրը,
Մատների խաղը դողով մարմնական...,
Աչքերի փայլը,
Ու այն ամենը՝
Ինչի մեջ լույս կա ...

Իսկ սպասումը... այն ժամանակի Կորուստ է իզուր։
Գնա՜...
Ետ առ ամեն ցավացրածդ րոպեն
Ու հետդ տա՜ր  ...

24 օգոստոսի, 2017թ.   

*****

Այնքան իրական


Մեր զրույցների
Ընդմիջումերում՝
Համբույր էր,
Գգվանք,
Մատների խաղ էր,
Արյան եռք էր, կիրք...

Այնքան իրական,
Այնքա՜ն իրական...

23 օգոստոսի, 2017թ.   

*****

Գիշերային


Գիշերն
Ակնկալում էր
Սիրո շշունջներ՝
Երբ եկավ իմ տուն։

Տեսավ մենակ եմ,
Պինդ գրկեց  մեջքս
Ու տարավ երկինք՝
Աստղեր հաշվելու...

Խո՜ր շնչեցի...
Փակեցի աչքերս,
Փարվեցի կրծքին
Ու անխոս տրվեցի մթությանը...

18 օգոստոսի, 2017  

*****

Լուռ գնացել ես


Մի «մնաս բարով»
Ասելն ի՞նչ է,
Դժվա՞ր էր միթե...

Իսկ ես՝ հիմարս,
Ամեն անկյունում
Ստվերդ եմ փնտրում:

13 սեպտեմբերի, 2017թ.   

*****

Սրտեր չեմ ուզում,
Ծաղիկներ՝ նույնպես:
Ստել չեմ սիրում,
Խաբվել՝ հատկապես....

Չլինի տարիք,
Անուն, ինքնություն,
Չի կարելիի
Ոչ մի բռնություն...

Հավատա՜լ, գրկե՜լ,
Նվիրե՜լ, տրվե՜լ...
Խենթացած ժպտա՜լ...
Սիրե՜լ եմ ուզում...

Կարոտել եմ ...
Ու չգիտեմ թե ու՞մ...

11 սեպտեմբերի, 2017թ.   

*****

Այնպես քնքուշ էր հայացքդ երեկ,
Որ ես հալվել եմ, դարձել եմ շաղիկ:

Տե՛ս, կանէանամ, կկորչեմ հավետ,
Թե՝ խաբվել եմ զուր ...

08 սեպտեմբերի, 2017թ.   

*****

Ժամանակը՝ տնքում է անդուլ,
Ժամերը՝ հևում են դողեդող,
Հիշողությունը՝ կիրք է ճառագում ...

Շուրթերին՝ համն է հաճույքի...

01 հուլիսի, 2017թ.


*****

Մտքերս


Մտքերս ինձանից նեղացել՝
Մտքերս խռով են այսօր:
Մտքերս՝ ցաքուցիր, ամենուր,
Մտքերս ցրիվ են այսօր:

Մտքերս պիտի հավաքեմ,
Մտքերս շարեմ կողք՝ կողքի,
Մտքերս հոգուս հետ հաշտեցեմ,
Մտքերս ետ տամ հավատիս:


23 մայիսի, 2017թ.   


Комментариев нет:

Отправить комментарий