понедельник, 30 сентября 2013 г.

Մի բուռ Արև



Աշնան օր է, 
Արև է, տաք:
Այգիներում բերքահավաք, 
Խաղողակութ:

Լավ, վեր կենամ,
Ես էլ գնամ 
Բարկ արևից շողեր քաղեմ
Ու ամբարեմ:

Ու թե հանկարծ
Մեկին պետք գա,
Չեմ վարանի, մի բուռ արև
Սիրով կտամ:


30 սեպտեմբերի, 2013թ

вторник, 17 сентября 2013 г.

Հոգիս է մրսում



Ուզում եմ գրկես ու կրծքիդ հպես,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...

ՈՒ հասկանում եմ. կարոտից է սա,
Իմ ցուրտ օրերի մենակությունից
Հոգի՞ս է մրսում, թե ցուրտ է դրսում...

17.09.2013թ




Ուզում եմ գրկես ու հպես կրծքիդ,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...

կարոտել եմ քեզ ու չեմ հասկանում
հոգի՞ս է մրսում, թե՞ ցուրտ է դրսում...

17.09.2013թ.








воскресенье, 8 сентября 2013 г.

Նանե




Նանեն չէր կարողանում սեղանից օգտվել: Մի զույգ աչքեր դիմացից պլշած իրեն էին նայում, հետո մի զույգը դարձավ երկու, երեք ... շատ: Արդեն իրենց շարքի մարդիկ էլ էին նայում, վա՜յ, ի՜նչ ամոթ է: Ողջ սրահում բվվում էր մի շշուկ-. «ո՞վ է ...», և ես դեռ գրական եմ ասում, Եղեգնաձորի բարբառով հնչում է՝ «վա՞վ ի էդ աղջիկը»:
Հուսահատ ու անզոր հայացքը կախ էր գցել, բան չէր մնում, որ լացեր:
-Հուսիկ եղբայր,- զիլ հնչեց թամադայի ձայնը,- մեզ ներկայացրու էդ խորոտ աղջկան, որ կողիդ ես նստացրել, չե՞ս տենում բոլորին հետաքրքրում է թե վա՞վ ի։
Հորեղբայրը մի ձեռքն առավ գինու բաժակը, մյուսով գրկեց Նանեի ուսերն ու տեղից վեր կացավ:
- Մեր Աշոտի աղջիկն ի, գլուխդ բարձրացրու, Նանե ջան, ընչի՞ կամչնաս:
Խեղճ աղջիկն ավելի ամաչեց, բայց հորեղբոր հուսադրող ձայնն ու իրեն նստարանից վեր հանող ձեռքը ստիպեցին գլուխը բարձրացնել՝ նայել առաջ:
Հաջորդ օրը ողջ քաղաքը ճանաչում էր իրեն:

*******
Ժիրայր

*******
Նոյեմբերյան արևը վերջին ճիգերով իջել էր Կարմիր սարին ու հուրհրատում էր երջանկությունից։ Ներքևում տեղ-տեղ տերևաթափ, դեղին-կարմիր հագած անտառն էր, որ քամուն լռացրել էր, որպեսզի սիրահարներին լսելի ու տեսանելի լինի գետնին թափված տերևների խշխշոցը։ 
    Երկնային մի լույս առաջնորդում էր դեպի եկեղեցի։ 
    Ձեռք֊ձեռքի մտան գավիթ, ապա՝ խորան։  Ակամայից դարձան իրար. Նանեն՝ երկչոտ, արցունքի կաթիլն աչքերին,  Ժիրայրը՝ վստահ,  գորովալից հայացքով։ 
֊ Տե ՞ր ես, 
֊ Տե ՞ր եմ։ 
֊ Հնազա՞նդ ես
֊ Հնազա՜նդ եմ... 
Արցունքի կաթիլը մեծացավ,  ծանրացավ, ցայտեց Նանեի այտին... 

Ծառերը, Ժայռերի կարմիրը, անգամ Արևը՝ ղողանջում էին, ողջունում նորապսակներին...

շարունակելի

пятница, 6 сентября 2013 г.

Ցավը

Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».


- Մի՛ արա մամայիիիս...

- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...


Սեղմած բռունցքներով, արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ: Մտքում հորը պատմում էր, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»