воскресенье, 31 мая 2020 г.



Հուզմունք, 
թրթիռ՝
հրճվանք,
Ժպիտ, 
ծիծաղ՝ 
ցնծում, 
ուժ ու եռանդ՝ 
ձգտում։
հույս, 
սպասում՝
հավատ...

03 հունիսի, 2020թվական            


пятница, 29 мая 2020 г.



Այսօր 
ինքս՝ ինձ
հյուր էի եկել։
Սուրճը 
սառած էր, 
դեռ՝ առավոտից։ 
Թերթեցի
պահոցի
արձակն
ու չափածոն։ 
Հուզվեցի. 
տարիներ, 
տարիներ, 
տարիներ...
Ինձ
չեք փոխել
բնավ։ 
Նույն
սիրահարվածն եմ
ու մի քիչ խելառը։
Հյուր
լինելը լավ է, 
բայց պիտի
գնալ։ 
Շնորհակալ եմ
ինքս՝ ինձ
հիշողությունների,
վերապրումների, 
նախընտրածս
սառած, 
դառը սուրճի, 
տրամադրության
համար։ 



30 մայիսի, 2020թվական         

четверг, 28 мая 2020 г.


Արև ֊արև, ե՛կ, ե՛կ.
Հոգնել եմ անձրևի
Թաց կաթկթոցից, 
Ամպերի գոռոցից,
Կայծակի ճայթյունից։

Արև֊արև, ե՛կ, ե՛կ 
Քամին էլ է հոգնել
Դես ու դեն ընկնելուց, 
Կորցրել է խեղճը
Ուղղությունն ընթացքի։

Արև֊արև, ե՛կ, ե՛կ.
Օրը կարոտել է
Ժպտուն մարդու քայլին,
Մանուկների խաղին, 
Բակերի աղմուկին։ 

Արև֊արև, ե՛կ, ե՛կ.
Ամառվա տապը բեր
Կրակ թափիր վերից, 
Քո հույսին ենք միայն՝
Այս վարակը վառիր։ 



29 մայիսի, 2020թվական   
    

вторник, 26 мая 2020 г.



Արևն 
այնքան համբուրեց 
անձրևի շիթերը, 
որ երկնակամարը 
ժպտում է 
յոթ գույնով ։
Ասում են 
ծիածանը հրաշագործ է, 
տարիները 
ետ է բերում։ 
Տեսնես որ վազեմ, 
կհասնե՞մ ։

27 մայիսի, 2020թ.          



Հորինել 
քո մասին
չափածո կամ արձակ
զորու չեմ։ ​
Երազներս անգամ
երազելու
քեզ տեսնել՝
չեն հանդնգնում։​
Գիտակցելով
գտածս
ու կորցրածս՝
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ։

26 մայիսի, 2020թվական       

воскресенье, 24 мая 2020 г.



Ամեն 
վարար անձրևի հետ 
հիշում է
անցածում թողած
առաջին սերը... 
Կրկին
 արթնանում են
16 տարեկանի 
անձրևոտ գիշերվա
խենթությունները ։
Դա սեր  էր, 
ինքը ճիշտ էր զգացել:

հիմա է՛լ սիրում է անձրև ...






Վարար անձրև է, 
երկար, սպասված, 
ցանկալի ... 
ու կարծես  ծեծում, 
բախում է 
պատուհանիս ապակին,
թե՝ 
֊դուրս արի, 
քեզ համար եմ գալիս, 
արի լվանամ 
հոգուդ իջած մռինջը, 
հատու շիթերով 
սանրեմ վարսերդ, 
խաղաղություն 
բերեմ մտքերիդ... 

լուռ պատասխանում եմ՝  

֊եթե դուրս գամ, 
մարդիկ կասեն 
որ գիժ եմ...
իսկ ես 
հենց ԳԻ՜Ժ եմ
գալի՜ս եմ...

суббота, 16 мая 2020 г.

Պեսիմիստական

Ցավին

Դու
ինձ հետ ապրիր.
քայլիր ու սնվիր,
քնիր, արթնացիր
որքան ուզում ես։ 

Ուժեղ լինելդ
մի կերպ կտանեմ
դեղ ու դարմանով,
նվնվոցով լուռ,
արցունքոտ աչքով,
սեղմած ատամով...

Միայն թե՝ հանկարծ
Ինձանից առաջ
չընկնես երբևէ.
որքան էլ տանջես՝
հետդ չտանե՛ս...

17 մայիսի 2020թ

воскресенье, 10 мая 2020 г.

Երբևէ հիշու՞մ ես ինձ



     Մառախուղ էր, 
միասին բարձրացանք բլուր. 
 հիշում եմ ամպը։ 
Եռանդուն շարժումներով 
չոր փայտերով 
փոքրիկ խարույկ վառեցիր. 
 հիշում եմ հևքդ։ 
Գրկեցիր մեջքս 
ու նստեցինք քարին. 
հիշում եմ տրոփը սրտիդ ։ 
Փչում էիր մազերիս 
ու աննկատ համբուրում. 
 հիշում եմ շունչդ ։ 
Ձեռքերս առար 
քո ավելի մեծ ձեռքերով 
ու պարզեցիր կրակին. 
 հիշում եմ ջերմությունդ։
Շշնջում էիր, 
սովոր, հազար անգամ լսած, 
շատ ծանոթ խոսքեր էին. 
 զգում էի բառերդ։ 



   Հիշեցրու 
ի՞նչ էիր ասում, 
շատ կարևոր է, 
չէ՞ որ միասին էինք երազում։ 

          10 մայիսի 2020թ.      

суббота, 2 мая 2020 г.



Մի հեզիկ աղջիկ
դողում է հրճվանքից. 
 Հաուզերի աղեղը
քամում է մեղեդին
թավջութակի լարերից՝
շոյում ունկը նրա։

  Հանդիպելու՞ է սիրելիին։ 
Անցած կյանքում
այսօրը
ժամադրություն են նշանակել։



02 մայիսի, 2020թ.