четверг, 31 октября 2019 г.



Ցողն
 արթնացավ
աշնան արևի 
շողի համբույրից 
ու հուրհրատեց  
դեղին տերևի 
նախշուն  մատներին ՝ 
ոնց ադամանդե
ակնը մատանու։

Քամին 
իր խանդի
գագաթնակետին
ուզեց այդ գանձը  
իրենով անել.
գութը կորցրած
զարկեց ճղներին, 
պոկեց տերևը, 
տարավ վեր
ու՝ վար ։

Հեքիաթն ավարտվեց։ 
Արցունքի կաթիլ
դարձավ ցողիկը, 
անզորությունից 
հոսելով դեպ ցած՝
փարվեց մայր հողին։ 
Արևի շողի
համբույր կար շուրթին։ 


Նոյեմբերի 1, 2019 թվական      

четверг, 29 августа 2019 г.



Սպասումն 
Այնքան ծանր էր 
որ կոտրեց թևերը,
Այնքան երկար`
որ մաշեց հավատը, 
Այնքան դաժան` 
որ սպանեց հույսը.. 

Ու հիմա`
Ո՛չ թևել, 
Ո՛չ հավատալ, 
Ո՛չ հուսալ... 

- Գնա, - շշնջում են շուրթերը . 
- Ետ արի, - նվվում է հոգին

25փետրվարի, 2017թիվ       

понедельник, 19 августа 2019 г.




Մտքերս 
ոչ սլանում են, 
ո՛չ  թռչում, 
ո՛չ  վարգում։ 
Անգամ 
չեն դոփում 
տեղում։ 
Ուժասպառ 
ձիու նման 
ծնկել են. 

ընկճախտ է ...

19 օգոստոսի, 2019 թվական     

четверг, 15 августа 2019 г.



Գո՞րշ է ամենը, 
թե՞ մտածմունքս է
 խամրած գույներում։
 Հոգսս շատ է, շա՜տ։  
Երազանքներս 
դեռ անկատար են...

Ապրել  եմ ուզում







15 օգոստոսի 2019 թվական     

среда, 7 августа 2019 г.



Ասում ես 
քեզ համար
առանձնահատուկ եմ։ 
Կարծես թե չունես
 շողոքորթելու 
որևէ միտում։

Բոլոր 
հին հեքիաթները
 վաղուց կարդացել եմ։ 
Նորերը 
մի տեսակ ֆանտաստիկ են՝ 
անհավանական։ 
 
Իմ սերն ՝
իմ դե՞մ... 
ինչու՞ 

07 օգոստոսի, 2019 թվական    


суббота, 20 июля 2019 г.



Սպասումի հիմքում
 ծվարել է հույսը։ 

Թեկուզ անցնեն
 օրեր, ամիս, 
թե՝ տարիներ։

Աղջամուղջից առաջ
 գիշերն է անպատճառ, 
իսկ դրանից հետո՝
 լուսաբաց է, արև։

Այստեղից էլ 
հույսն է  ծնունդ առնում 
ու դառնում՝ ապրելակերպ...

Սպասումը հույս է 
ու  թողեք 
այն ապրի։ 

20 հուլիսի, 2019թիվ               

среда, 10 июля 2019 г.

Կեսգիշերային մտորումներ




Կեսգիշերն անց է։ 
Ամառվա տապը
 այս ժամին անգամ
 Կրակ է թափում ։

Քունս չի տանում։
Շարան են կապել  մտքերն առօրյա,
 բազմաբովանդակ, գունեղ,  պաթետիկ,
 որ երազանք են
 ու միշտ՝ անկատար ...

Տալիս֊առնում եմ. 
 հիշողությանս
 հարցերին բազում. 
 պատասխան չունեմ,
 կամ էլ ուշացած
 արդարացումներ,
 պատճառների դաշտ...

Դուրս գամ պատշգամբ,
 տաս աստղ հաշվեմ,
 ժպտամ լուսինին,
 շարանն մտքերիս ու հիշողությանն
 քամու թևին տամ ։ 

Կեսգիշերն անց է։

11 հուլիսի, 2019թ.         

суббота, 29 июня 2019 г.



Գնալուցդ հետո 
ես փակել եմ դուռը,
 ո՛չ հրիր,
 ո՛չ ծեծիր, 
ո՛չ զանգը տուր, 
սողնակն էլ եմ քաշել։
Մոռացածդ խոզանակը 
դեն եմ գցել, 
 թե միայն դա ունեիր՝ 
 նորը գնիր։ 
Ըստ իս, 
եթե սիրում ես, 
պիտի տաս, տաս, տաս՝
չսպասելով  վերադարձի։ 
Ավելին՝ 
սերը 
փողով չի գնվում։ 

Ավել֊պակաս՝ ներիր։

29 հունիսի, 2019թիվ    






среда, 9 января 2019 г.

Մոնթե Մելքոնյան մարդ֊երևույթի մասին պատմում են բազմազան  պատմություններ ու աչքերիս առջև հառնում է  մի կերպար, որ ապրում, կռվում, սիրում ու երազում էր ինչպես զինվոր։
Զինվոր կոչումը նրա էությունն էր. «Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդուն, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»։
Ինձ՝ Հայոց բանակի զինվորիս պարտավորեցնում են այս խոսքերը։ Նրան նմանվելու միտում չունեմ , նպատակս է նրանից սովորել ճիշտ զինվոր լինել ու զորացրվելուց հետո էլ միշտ մնալ հայրենիքի սիրով տոգորված զինվոր։
Ես մեղրեցի եմ։ Ծնվել եմ նրա չլինելուց հետո։  Գիտեմ որ պանծալի հերոսամարտիկ է եղել, ազգանվեր հայ։ Այս ամենից զատ նա նաև զուսպ ու համեստ է եղել։ Երբեք  իրեն ցուցադրելու, մեծամտանալու նպատակ չի ունեցել։
Այս մասին լսել եմ պապիկիցս։
1991 թվականին Մոնթեն, Սեդան ու ամերիկահայ մի  երիտասարդ Ռոբերտ անունով գալիս են Մեղրի ու հյուրընկալվում մի ընտանիքում, որտեղ երեք տղաներ են մեծանում։ Ողջ գիշեր նա երեխաներին պատմում է ազգայնանվեր հերոսների, ԱՍԱԼԱ կազմակերպության,  հայաստանյան կարոտի  ու իր մասին միայն անունը՝ Մոնթե։  Առավոտյան շրջում է Մեղրիի սարերում, մագլցում ժայռերի կատարները, բարձրանում հին բուրջերը ու ամբողջ ժամանակ հրճվալից բացականչություններ է անում։
Մեղրի գետի հունով  իջնում է մինչև սահման, կանգնում կամրջին, որի տակով  ջրերը գնում,  խառնվում են Արաքսին։ Երկար, սևեռուն նայում է մայր գետին ու բարձրաձայն արտասանում Ռաֆայել Պատկանյանի «Արաքսի արտասունքը».

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին֊հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պտրում եմ...

Հետզհետե ձայնն ավելի հուժկու է հնչում ու հաստատակամ։
«Կգա ժամանակ, որ փշալարը Արաքսի այն ափին կլինի», ֊ դիմում է իր ուղեկիցներին։
Երեկոյան հրավիրվում են հարսանիքի, որտեղ բաժակ է բարձրացնում ու  ասում , որ մեծ երազանք ունի՝ քայլել Հայաստանի ողջ սահմանով, տեսնել բոլոր գետերը, ոտքերով զգալ նրանց սառնությունն ու հոսքի ուժը, ճանաչել հայաստանաբնակ հային ու նրա ոգին։ Ու այդ ամենը ուզում է  վերցնի, որ միշտ հայ մնա ու գեներով փոխանցի իր զավակներին։
Ու այդ ընթացքում , երբ նա խոսել է, սրահում խիստ լռություն է տիրել։ Հարսանքավորները ոտընկայս ծափահարել են։
Որոշ ժամանակ անց, թերթերում նրա նկարը տեսնելուց հետո են միայն  մարդիկ իմանում, որ իրենց այդ օրերի հյուրը եղել է Մոնթե Մելքոնյանը։
Այսպիսին եմ ես ճանաչում Մոնթե Մելքոնյանին. ազգասեր, հայրենասեր, անաչառ, հանդուգն , անկոտրուն, խելացի, սիրող, զուսպ, համեստ, օրինակելի...
Եթե մեզանից յուրաքանչյուրը իր մեջ կրի նրա զինվոր տեսակը, մեր միտքը ավելի հեռուն կգնա, բազուկը՝ կուռ կլինի, ազգը՝ հաղթական, բանակը՝ հզոր։