воскресенье, 24 ноября 2013 г.

Ես քայլող սեր եմ



Քեզ ճանաչելուց ի վեր աշխարհն ուրիշ է... ուրիշ... 

Ո՞նց եմ ապրել  կյանքում առանց քեզ:
Սա հարց չէ, սա  անհասկանալի ու անբացատրելի մտորում է,... 
Ամեն վայրկյան, պահի, քնած թե արթմնի՝  անունդ շուրթերիս է, դու ես մտքումս,
Սրտումս ու հոգումս այնքա՜ն խանդաղատանք կա: 
Այն բաժանում եմ  ամենքին ու ամենուր: 
Ժպիտովս եմ բաժանում... 
Ես քայլող սեր եմ, քայլող ժպիտ, քայլող գունավոր ստվեր: 
Ո՞վ կվերծանի գունավոր ստվեր երևույթն , ո՞վ: 

Ես այլևս ես չեմ, ... արդեն մենք ենք:


суббота, 16 ноября 2013 г.

Երազանքի օդապարիկներ


Ճախրում է խատուտիկի թերթիկը, բոլոր ծաղկաթերթերրից անկշիռն ու միակ թռչել կարողացողը: Նրա սպիտակ, թափանցիկ օդապարիկները քամու թևով տարածվում են ամենուր: ՈՒ մարդիկ, ում բակում կամ տանը  հայտնվում են, հրճվանքից բացականչում են՝ «նամա՜կ ունենք ստանալու..»

Ուզում եմ լինել այս օդապարիկի ուղևոր, որ  ինձ տանի դեպի վեր, ամպերից էլ վեր, տանի բոլոր այն վայրերը, ուր միշտ երազել եմ լինել, տանի նրա մոտ, ում անունը վաղուց իրավունք չունեմ տալու... միայն վերադարձի պայմանով...

կարոտել եմ Հայկիս...


воскресенье, 10 ноября 2013 г.

Սպասում...














Տիրոջ
անտարբեր հայացքը սահելով եկավ , բևեռվեց կատվի վրա, որ չգիտես ցրտի՞ց, թե՞ վախից կծկվել,  միալար մլավում էր:
Փիսոն այդ հայացքից սթափվեց, ցատկեց տեղից,  դուրս փախավ քամու հարվածներից բացուխուփ անող դռնից:

Անկողնուց վեր կենալուց ետ սպասում ունի: Արդեն երկու ժամ հագնվել, նստել է պատշգամբի ճոճաթոռին:

Կողքի փոքրիկ սեղանին սպասուհին մաքրած մանդարին, կաթով սուրճ, դառը շոկոլադե սալիկ, տորթի մի կտոր է դրել: Ոչնչի ձեռք չի տվել: Մատների մեջ խաղացնելով rothmans-ի գլանակն ակնդետ նայում է դարպասին... սպասում է....
« Պիտի որ գան, այսօր կիրակի է, - մտորում է անձայն:

 Փիսոն վերադարձավ, կրկին տեղավորվեց իր կարպետին: Զգում է, որ լավ բան չի սպասվում այդ տեղատարափից, շրխկոցների շառաչյունից:

Տիրոջ մթագնած մտքերն ունակ չէին ընկալելու ոչինչ։ Նա այդպես էլ, ամեն ինչին անտարբեր, շարունակեց նստած մնալ ճոճաթոռին՝ իբրև ժամանակի ուրվական