воскресенье, 24 ноября 2013 г.

Ես քայլող սեր եմ



Քեզ ճանաչելուց ի վեր աշխարհն ուրիշ է... ուրիշ... 

Ո՞նց եմ ապրել  կյանքում առանց քեզ:
Սա հարց չէ, սա  անհասկանալի ու անբացատրելի մտորում է,... 
Ամեն վայրկյան, պահի, քնած թե արթմնի՝  անունդ շուրթերիս է, դու ես մտքումս,
Սրտումս ու հոգումս այնքա՜ն խանդաղատանք կա: 
Այն բաժանում եմ  ամենքին ու ամենուր: 
Ժպիտովս եմ բաժանում... 
Ես քայլող սեր եմ, քայլող ժպիտ, քայլող գունավոր ստվեր: 
Ո՞վ կվերծանի գունավոր ստվեր երևույթն , ո՞վ: 

Ես այլևս ես չեմ, ... արդեն մենք ենք:


суббота, 16 ноября 2013 г.

Երազանքի օդապարիկներ


Ճախրում է խատուտիկի թերթիկը, բոլոր ծաղկաթերթերրից անկշիռն ու միակ թռչել կարողացողը: Նրա սպիտակ, թափանցիկ օդապարիկները քամու թևով տարածվում են ամենուր: ՈՒ մարդիկ, ում բակում կամ տանը  հայտնվում են, հրճվանքից բացականչում են՝ «նամա՜կ ունենք ստանալու..»

Ուզում եմ լինել այս օդապարիկի ուղևոր, որ  ինձ տանի դեպի վեր, ամպերից էլ վեր, տանի բոլոր այն վայրերը, ուր միշտ երազել եմ լինել, տանի նրա մոտ, ում անունը վաղուց իրավունք չունեմ տալու... միայն վերադարձի պայմանով...

կարոտել եմ Հայկիս...


воскресенье, 10 ноября 2013 г.

Սպասում...














Տիրոջ
անտարբեր հայացքը սահելով եկավ , բևեռվեց կատվի վրա, որ չգիտես ցրտի՞ց, թե՞ վախից կծկվել,  միալար մլավում էր:
Փիսոն այդ հայացքից սթափվեց, ցատկեց տեղից,  դուրս փախավ քամու հարվածներից բացուխուփ անող դռնից:

Անկողնուց վեր կենալուց ետ սպասում ունի: Արդեն երկու ժամ հագնվել, նստել է պատշգամբի ճոճաթոռին:

Կողքի փոքրիկ սեղանին սպասուհին մաքրած մանդարին, կաթով սուրճ, դառը շոկոլադե սալիկ, տորթի մի կտոր է դրել: Ոչնչի ձեռք չի տվել: Մատների մեջ խաղացնելով rothmans-ի գլանակն ակնդետ նայում է դարպասին... սպասում է....
« Պիտի որ գան, այսօր կիրակի է, - մտորում է անձայն:

 Փիսոն վերադարձավ, կրկին տեղավորվեց իր կարպետին: Զգում է, որ լավ բան չի սպասվում այդ տեղատարափից, շրխկոցների շառաչյունից:

Տիրոջ մթագնած մտքերն ունակ չէին ընկալելու ոչինչ։ Նա այդպես էլ, ամեն ինչին անտարբեր, շարունակեց նստած մնալ ճոճաթոռին՝ իբրև ժամանակի ուրվական


воскресенье, 20 октября 2013 г.

Արտասուքե աղբյուրը



Ո՜նց չի սիրում այս ընդհանուր լողավազանները. պիտի բոլորի աչքի առաջ մերկանա, բոլորի հետ մտնի նույն ջուրը, մարմինը նախանձով տնտղող հայացքներն էլ չասած: Միակ լավ բանը բուժիչ պղպջակներն են, որ ծակծկում, խուտուտ են տալիս մաշկը, մարմինը ընդարմացնում: Ինքը փակում է աչքերը, մոռանում ամեն ինչ ու բոլորին:
Այստեղից դուրս կգա, կքայլի պուրակում: Կնստի հոր ծանոթ նկարչի կողքին, կզրուցի հետը, ամեն հետաքրքրվողի էլ կաբացատրի, որ նկարների մեջ գերիշխող դեղինը քաղաքին շատ պակասող արևն է: Պատկերացնելով այդ պահին նկարչի հպարտ կեցվածքը, ինքն իրեն ժպտաց:
Մեկ ժամը շատ արագ անցավ:
Ոչ նկարիչն է իր տեղում, ոչ էլ նրա անհասկանալի դեղինով կտավները: Նստեց նստարանին:

Սիրուն քաղաք է Ցխալտուբոն, կանա՜չ-կանա՜չ կիպարիսների մեջ: Բնակիչները սպիտակամաշկ են, գեղեցիկ: Սկզբում զարմացած էր. բոլոր կանայք սևազգեստ են ու սև գլխաշորերով: Իր ենթադրությունը, թե քաղաքը սուգի մեջ է, բարեբախտաբար հերքվեց: Ուղղակի մոդա է սև գույնը:
Անշտապ քայլերով դեպի իրեն է գալիս բարձրահասակ, սիրուն աչք-ունքով մի երիտասարդ: Տեղավորվեց նստարանին ու, ինչպես վաղուցվա ծանոթի, ողջունեց.
-  კომენტარი პირველმა (գամար ջոբա):
- Բարև, здравствуйте:
- Дато, то есть Давид:
- Алла,- ակամայից ասաց անունն ու երկուսով միաժամանակ փռթկացրեցին:
- Армянка, отдыхаете, я из Тбилиси? А где Разо?:
- Его нету, я из Еревана, родители на процедурах,  жду пока придут, - իր նստարանին մենակ նստելը անգիր արածի նման արդարացրեց ու էլի երկուսով ծիծաղեցին:
Դաթոն ճանապարհաշինարար է: Ավարտել է գործերն ու մեկնելուց առաջ որոշել է հրաժեշտ տալ նկարիչ բարեկամին: Դե, քանի որ նա էլ էստեղ չի, իրեն մնում է վեր կենալ ու շարժվել դեպի հայրենի քաղաք, թե՞...
Ալլան մտովի թարգմանում էր Դաթոյի խոսքերը.
- Կուզե՞ս քայլենք մի քիչ, մեքենաս այգու մյուս կողմում է, համ էլ ինձ կճանապարհես:
Դաթոյի ինքնավստահ պահվածքը հավատ  էր ներշնչում: «Այդպես ավելի լավ կլինի»,- մտածեց աղջիկն ու վեր կացավ:
Քայլելով հասան ոլորապտույտ աստիճաններին ու սկսեցին իջնել: Դաթոն սկսեց մի պատմություն:
- Արքայազնը սիրահարված էր մի գեղջկուհու: Ամեն հնարքի դիմում է, որ աղջկա սիրուն արժանանա, սակայն ապարդյուն: Աղջիկը չի սիրում ու չի սիրում նրան: Սիրուց տանջված պատանին գալիս, ծառերի տակ նստում է ու քնով անցնում: Գիշերը շատ ցուրտ է լինում: Առավոտյան պալատականները նրան գտնում են սառած: Աղջիկը լսում է լուրը, գալիս է, ու ի զարմանս ներկաների, այդ պահին տղայի աչքերից արտասուք է հորդում: Աղջիկը համտեսում է արցունքն ու սիրտը ճմլվում է: Նա հասկանում է, որ արդեն սիրում է: Պատանուն այդ վայրում էլ հողին են հանձնում: Որոշ ժամանակ անց գետնի տակից սկսում է ջուր դուրս գալ: Աղբյուրի գերբնական ուժի համբավը տարածվում է ողջ երկրով մեկ ու նրա սահմաններից դուրս: Ժամանակների միջով այն անցել ու մեզ է հասել: Ով խմում է այդ ջրից, սկսում է սիրել:
Բազալտե աստիճանները տարան մի ընդարձակ հրապարակ, ուր մշտադալար թփերի մեջ քարե ցայտաղբյուր է առանձնանում:
- Չե՞ս ուզում փորձել.
- Վախենում եմ:
- Սիրելը վախենալի չէ:
- Շուտ է...

Ինչքա՜ն հաճելի է լռությունը:
Ալլայի աչքերը ժպտում են, Դաթոյի ձեռքերը՝ համոզում, երկուսի շուրթերը՝ դողում...
Ժամանակն է հրաժեշտի:






понедельник, 30 сентября 2013 г.

Մի բուռ Արև



Աշնան օր է, 
Արև է, տաք:
Այգիներում բերքահավաք, 
Խաղողակութ:

Լավ, վեր կենամ,
Ես էլ գնամ 
Բարկ արևից շողեր քաղեմ
Ու ամբարեմ:

Ու թե հանկարծ
Մեկին պետք գա,
Չեմ վարանի, մի բուռ արև
Սիրով կտամ:


30 սեպտեմբերի, 2013թ

вторник, 17 сентября 2013 г.

Հոգիս է մրսում



Ուզում եմ գրկես ու կրծքիդ հպես,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...

ՈՒ հասկանում եմ. կարոտից է սա,
Իմ ցուրտ օրերի մենակությունից
Հոգի՞ս է մրսում, թե ցուրտ է դրսում...

17.09.2013թ




Ուզում եմ գրկես ու հպես կրծքիդ,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...

կարոտել եմ քեզ ու չեմ հասկանում
հոգի՞ս է մրսում, թե՞ ցուրտ է դրսում...

17.09.2013թ.








воскресенье, 8 сентября 2013 г.

Նանե




Նանեն չէր կարողանում սեղանից օգտվել: Մի զույգ աչքեր դիմացից պլշած իրեն էին նայում, հետո մի զույգը դարձավ երկու, երեք ... շատ: Արդեն իրենց շարքի մարդիկ էլ էին նայում, վա՜յ, ի՜նչ ամոթ է: Ողջ սրահում բվվում էր մի շշուկ-. «ո՞վ է ...», և ես դեռ գրական եմ ասում, Եղեգնաձորի բարբառով հնչում է՝ «վա՞վ ի էդ աղջիկը»:
Հուսահատ ու անզոր հայացքը կախ էր գցել, բան չէր մնում, որ լացեր:
-Հուսիկ եղբայր,- զիլ հնչեց թամադայի ձայնը,- մեզ ներկայացրու էդ խորոտ աղջկան, որ կողիդ ես նստացրել, չե՞ս տենում բոլորին հետաքրքրում է թե վա՞վ ի։
Հորեղբայրը մի ձեռքն առավ գինու բաժակը, մյուսով գրկեց Նանեի ուսերն ու տեղից վեր կացավ:
- Մեր Աշոտի աղջիկն ի, գլուխդ բարձրացրու, Նանե ջան, ընչի՞ կամչնաս:
Խեղճ աղջիկն ավելի ամաչեց, բայց հորեղբոր հուսադրող ձայնն ու իրեն նստարանից վեր հանող ձեռքը ստիպեցին գլուխը բարձրացնել՝ նայել առաջ:
Հաջորդ օրը ողջ քաղաքը ճանաչում էր իրեն:

*******
Ժիրայր

*******
Նոյեմբերյան արևը վերջին ճիգերով իջել էր Կարմիր սարին ու հուրհրատում էր երջանկությունից։ Ներքևում տեղ-տեղ տերևաթափ, դեղին-կարմիր հագած անտառն էր, որ քամուն լռացրել էր, որպեսզի սիրահարներին լսելի ու տեսանելի լինի գետնին թափված տերևների խշխշոցը։ 
    Երկնային մի լույս առաջնորդում էր դեպի եկեղեցի։ 
    Ձեռք֊ձեռքի մտան գավիթ, ապա՝ խորան։  Ակամայից դարձան իրար. Նանեն՝ երկչոտ, արցունքի կաթիլն աչքերին,  Ժիրայրը՝ վստահ,  գորովալից հայացքով։ 
֊ Տե ՞ր ես, 
֊ Տե ՞ր եմ։ 
֊ Հնազա՞նդ ես
֊ Հնազա՜նդ եմ... 
Արցունքի կաթիլը մեծացավ,  ծանրացավ, ցայտեց Նանեի այտին... 

Ծառերը, Ժայռերի կարմիրը, անգամ Արևը՝ ղողանջում էին, ողջունում նորապսակներին...

շարունակելի

пятница, 6 сентября 2013 г.

Ցավը

Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».


- Մի՛ արա մամայիիիս...

- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...


Սեղմած բռունցքներով, արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ: Մտքում հորը պատմում էր, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»


среда, 28 августа 2013 г.

Լիլոն

   Լիլոն առաջին անգամ գնացել է հանդիպման։ Սահակի հետ երկար զրուցել են, սուրճ խմել բացօթյաա սրճարանում, ձեռք-ձեռքի քայլել երևանյան փողոցներով, միասին երգել «Երևանի գիշերներում Լուսնի ափսեն է գլորվում Ու հեռավոր արվարձանում Արծաթե հետքն է իր թողնում...»
Լիլոն ակնդետ նայում էր Սահակի աչքերին, կարևոր չէր որ մութ էր.
Լիլոն ուզում էր երեկոն գիշեր չդառնար.
Լիլոն ուզում էր... չէր ուզում տուն գնալ.
Լիլոն ուզում էր ....
Սահակը համբուրեց Լիլոյի դողացող շուրթերը...

Լիլոն որոշեց, բայց քանի որ 16 տարեկան էր, կարծեց թե որոշելը նույնն է՝ ինչ սիրելը:



воскресенье, 7 июля 2013 г.

Աչքերս հառել եմ երկնքին՝




Աչքերս հառել եմ երկնքին՝
Վայր ընկնող աստղ եմ որոնում.
Երազանք եմ պահել մտքումս՝
ուր էր թե իրոք կատարվի:

07.07.2013
Արաքս

пятница, 17 мая 2013 г.


ՆՎԵՐ ՌՈՄԻԱ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ



«Խնձորենի», կտ.յուղ.75x100, 2013թ.

«Եղիպատրուշի Աստվածածին եկեղեցին», կտ.յուղ 55 x 80, 2013թ 














«Ծաղկաթափ», կտ.յուղ. 70 x 100, 2013թ.



«Խատուտիկներ», կտ.յուղ. 30x 35, 2013թ.




«Խոստովանություն», կտ.յուղ 100x 150, 2012թ




«Նկարիչը» 2, թուղթ.ջր. 50 x 60,1990թ



« Արևածաղիկներ», կտ. յուղ. 75 х 75, 2006թ





«Օծում»,կտ.յուղ. 100 x 120, 2013թ


«Գիշեր.կնոջ երազներ», կտ.յուղ. 100 x 120,2012թ

«Պառկած կինը», կտ.յուղ 50 x 100, 2013թ

«Դաննայա», կտ. յուղ. 100 х 115, 2010թ

«Թիկնած կինը»,կտ.յուղ. 90 х 100, 2010թ

«Քնած կինը», կտ. յուղ. 100 х 100, 2011թ

«Գարուն», կտ.յուղ.80x100

«Յասամաններ», կտ.յուղ. 20 x 100, 

суббота, 27 апреля 2013 г.

Քեզ ունենալու երազ պատրանքով
Կուզեի այնքան մոտիկ լինեիր.
ՈՒ համբուրեի անմեղ շուրթերդ՝
Սերդ պահելու հույսի տենչանքով.
02.02.2012





մի թաքուն հույս է ծվարել
կոպերիս արցունքի տեսքով...
թեկուզ վատ, բայց երազ թող լինի
այս գիշերն օրը ցերեկով..

05.03.2012



Գժվել է քամին իրավ ...
ու վարակել է
իր գժությամբ ինձ.

երկու գժերով
վազում ենք անվերջ.
քամին ամպերին հասնելու համար,
ես` երազանքիս:
24.03.2012


пятница, 22 марта 2013 г.





ԱՆՆԱՆ ՄԻԱՅՆ ՍԻՐԵԼ ԳԻՏԵՐ...


Ասում են սիրուց ատելություն՝ մեկ քայլ է:
Աշխարհին կարող ես համոզել, միայն` ոչ Աննային: Նրա սիրտը միայն սիրում էր:
Գիշերները կանգնում էր պատուհանի մոտ, մտքով անցնում հազարավոր կիլոմետրեր, համբուրում քնած ամուսնուն ու ետ գալիս:
* * *
Ամուսնությունից մեկ տարի անց Արմենը մեկնեց Մոսկվա: Ընկերներն այնտեղ էին, կանչել էին աշխատելու: Երկար չմտածեց. անգործ էր, ընտանիքը ծանր նյութական վիճակում:
- Ան ջան, չմտածես, լավ կլինի, տեղավորվեմ՝ քեզ էլ կտանեմ, երեխան ենտեղ կծնվի,- խոստացավ մեկնելուց առաջ:
- Շուտ-շուտ կզանգես,-իրենց ննջարանում խնդրում էր Աննան:
- Կզանգեմ, չես հասցնի կարոտել, հենց հասնեմ տեղ՝ կզանգեմ- ժպտաց Արմենը, գրկեց, համբուրեց Աննային, միջանցքում էլ հրաժեշտ տվեց հորն ու մորը,վերցրեց ճամպրուկն ու դուրս եկավ:
Օդանավակայան Աննան չգնաց, ընկերն իր ավտոմեքենայով տարավ, ճանապարհեց:
Նրա գնալուց հետո տունը դատարկվեց:
Երբեք չէր կարող պատկերացնել, որ իրենց տանը այդքան ազատ տարածություն կա ու այդքան՝ թթվածնի պակաս:
* * *

Երկար գիշեր էր:
Աչքերը բաց պառկել էր, քնել չէր կարողանում, սպասում էր. եթե խոստացել է՝ անպայման կզանգի: Լուսադեմին ինչպես էր քնով անցել, չէր զգացել: Արթնացավ Արմենի մոր գոռգոռոցից.
- Հարսա կոչվում, տղես ոտը տնից քաշեց, արխայնացելա, քնելա մինչև կեսօր, կարողա՞ սուրճն էլ անկողնում մատուցե՞մ:
Աչքը ընկավ ժամացույցին՝ ինն անց քառասունհինգ րոպե էր:
- Ե՞րբ հասցրեցի այսքան քնել-վախեցած արագ վեր կացավ անկողնուց, հագնվեց, հավաքեց մահճակալն ու դուրս եկավ ննջարանից:
- Որ էդքան քնում ես, մեր տան գործերն ո՞վ ա անելու, աղջիկ ջան,հ՞ը,- Աննայի ճանապարհին էր կանգնել սկեսուրը:
- Հիմա մտնեմ լվացվեմ, դուրս գամ՝ կանեմ, մա,-մեղավորի նման ցածր ձայնով պատասխանեց Աննան:
Լոգարանից նոր էր դուրս եկել, հեռախոսը զանգեց: Վազելով հասավ հեռախոսին, վերցրեց լսափողը.
- Ալլո...
- Ան, բարև,-Արմենն էր:
- Բարև, Արմեն, - ուզում էր ավելացնել ջան, բայց Արմենի մայրն արդեն կողքին կանգնած էր,- ո՞նց հասար:
- Լավ կյանքս, էսօր հանգստանամ ճանապարհից, վաղվանից գնամ ծանոթանամ գործին:
- Ի՞նչ ես հիսուն ժամ խոսում,-լսափողը Աննայի ձեռքից խլեց սկեսուրը, - բալես, ո՞նց տեղ հասար: Մենք լավ ենք, Աննան ի՞նչ, խանում-խաթուն քնել էր, նորա արթնացել... Լավ բալես, մեկել ե՞րբ կզանգես ... Լավ,հաջողություն, - Աննայի մեկնած ձեռքն օդում պահելով լսափողը տեղը դրեց իրենից միշտ դժգոհ սկեսուրը:
Աննայի ականջներում դեռ լսվում էր Արմենի ձայնը, որը կարծես մի քիչ թլիկ հնչեց: Այդպես էր լինում երբ ամուսինը մի երկու բաժակ խմում էր ... ու հանկարծ ... հեռվից կանացի ձայներ էլ կային, մտաբերեց Աննան:
Քանի Արմենը զանգում էր, Աննային չէր հաջողվում ազատ խոսել, մայրը խանգարում էր, ձեռքից լսափողը խլում էր, ինքն էր խոսում, ու անջատում էր:
* * *
Անցան ժամանակներ:
Աննայի ուշադրությունը հեռախոսն էր, մոտից չէր հեռանում, միշտ սպասում էր: Ամեն զանգի հետ սիրտը տրոփում էր, վազելով հասնում էր, վերցնում էր լսափողը, բայց Արմենը չէր: Նրանից այդքան սպասված զանգը չկար:
Կարոտը խեղդում էր, տանն ամեն անկյուն նրա ներկայությունն էր հիշեցնում: Առավոտյան սուրճ եփելիս ջուրը լցնում էր չորս բաժակի համար, հետո մեկ բաժակինը դատարկում: Ամեն դատարկելիս էլ ասես կյանքից մի մասնիկ կորցնում էր...
Աննան հույս ուներ, որ մինչև երեխայի ծնվելը Արմենը տանը կլիներ: Նա շատ էր սպասում իրենց փոքրիկին: Այս մասին ամեն անգամ հիշելիս երջանկությունից ժպտում էր:
Երեխան ծնվեց՝ Արմենից ոչ մի լուր: Ոչ զանգում էր, ոչ նամակ գրում, ոչ էլ գումար ուղարկում:
Նրա ծնողների վերաբերմունքը Աննայի նկատմամբ օրեցօր վատանում էր, ու մի օր էլ սկեսրայրը պոռթկաց.
- Ինչ ես եկել, նստել մեր վզին, գնա, մարդդ կգա՝ կգաս:
Աննան այս վիրավորանքը չկարողացավ անտեսել մյուսների նման, հավաքեց երեխայի եղածը, իրեն մի երկու բան ու տանից դուրս եկավ: Գնում էր՝ լուռ, դառը կսկիծը կուլ տալով, փոքրիկին ամուր գրկած, երկու մեծ տոպրակներն էլ ձեռքերից կախ: Միակ մտավախությունն էր վայր չընկնելը, փոքրիկին չվնասելը:
Ծնողներն ընդունեցին իրենց աղջկան ու թոռնիկին, լաչառ սկեսուրից ազատվելն էլ փրկություն համարեցին:
նցավ առաջին տարին, հետո երկրորդը, երրորդը... Աննան չէր դադարում սպասելուց: Արմենը մեզ չի կարող մոռանալ, ինքն իրեն համոզում էր Աննան: Երևի զանգում է, ինձ չեն ասում, այսպես հույս էր տալիս իրեն, ու ապրում՝ սպասելով, միաժամանակ ետ վանելով «հանկարծ վատ բան պատահած չլինի՞» միտքը:
* * *
Գիշերը գրեթե չէր քնել,երեխան ջերմում էր: Հեռախոսի ձայնից արթնացավ:
- Ալլո,- վերցրեց հեռախոսափողը Աննան:
- Արմենից նամակ ունես, արի վերցրու,- Արմենի մայրն էր:
Լուրն այնքան ուրախացրեց Աննային, որ նույնիսկ չնեղացավ նրա սառը տոնից,մոռացավ իրեն հասցրած վիրավորանքները, ու իր երդումը՝ երբեք այդ տուն ոտք չդնելը:
Երեխային թողեց մոր մոտ, ինքը վազեց կիսուրի տուն: Վերցրեց փակ ծրարն ու առանձնացավ արդեն իրենց նախկին ննջարանում: Ծրարը հաստ ու ծանր թվաց Աննային,-Այս ինչքան էլ գրել է,- ժպտաց,արագ բացեց նամակն ու ... նկարներում Արմենն էր մի շեկ աղջկա ու նորածին երեխայի հետ: Աչքերի առջև սևացավ, գլուխը պտտվեց, հենվեց մահճակալին, որ չընկնի: Մի կերպ տիրապետեց իրեն, որ նամակը կարդա «Մամ ջան բարև: Ես լավ եմ, նկարում Նինանա, պստլո Ռիտան, քո անունն եմ դրել...» Նամակը շատ երկար էր, բայց Աննան էլ չկարդաց, նայեց նկարից իրեն նայող Արմենի աչքերին, ուրիշ էին, օտար ... Ինչ-որ բան ներսում կոտրվեց, պահարանի մեծ հայելու մեջ տեսավ իր անգույն դեմքը...
Վերջին անգամ հայացքով անցավ իրենց երբեմնի ննջարանի բոլոր անկյուններով, ասես բան էր փնտրում, նամակը դրեց Արմենի մահճակալին ու դուրս եկավ:
Ականջին հասավ Արմենի մոր բղավոցը.
-Ախչի, տղաս ի՜նչ էր գրել....



Լուսինե Լուսնթագ







вторник, 5 марта 2013 г.

Ժպիտներս



Հայելուն եմ տալիս ժպիտներս,
Որ կրկնապատկվե՜ն, շատանա՜ն,
Որ անդրադարձումից տաքանա սիրտս ,

Որ թրթիռներն մտածումներիս
Լուռ ձուլվեն հայելուն.... 


ՈՒ մի օր քեզ պատմեն իմ մասին...

05 մարտի, 2013թ
նկարը՝ https://www.facebook.com/sam.carlo1


Գիշերն էլ դարի հետ փոխվել է ...
Քնելն ու սիրելը՝ դարձել սովորական,
համակարգիչը խլել է մարդու հանգիստը...
Դարի պահա՞նջն է, թէ՞ պարտադրանքը:


23 փետրվարի, 2013թ

вторник, 1 января 2013 г.



Որքան էլ կյանքը պարտադրի իր գորշ գույներն ու դու չունես ներկապնակ՝ դիմիր ԱՐԵՎԻՆ, նա կտա քեզ գույներ...
Ու ամեն մեկս պիտի ընտրենք ու լցնենք մեզ տրված կյանքի գծանկարն այդ գույներով, արդյունքում՝ մեր տխուր ու ուրախ կյանքը: