вторник, 18 сентября 2018 г.






Ես՝ սիրո երգիչ,
Դու՝ սիրո գերի։
Սերն  ընդհանուր է։ 

Ես ու Դու 
երկչոտ, 
փակագծից ներս։

Երգչի զիլ ձայնին 
գերին ունկնդիր,  
թողին՝ հեռացան։ 

Արդյունքում  մենք ենք՝ 
սիրով տոչորված 
ու բազմապատիկ։

18 սեպտեմբերի, 2018թ.    

воскресенье, 15 июля 2018 г.



     Ասում են, իբր ծղրիդը երգում է, իբր՝ սերենադ։
     Միգուցե ուրիշ տներում իրոք երգում է:       Մեր տան ծղրիղը ձայն չունի, լսողությունից էլ թույլ է՝ անկապ ծղրտում է։
      Ես մտածում եմ, ինքը ծղրտում է՝ չի թողնում կենտրոնանալ, մտքիս թելը կտրում է։
      Լույսը վառում եմ՝ սսկվում է, անջատում, գնում եմ ձայնի ուղղությամբ՝  լռում է... օֆ, զզվացրեց., գոնե  երաժշտական ռիթմ ունենար, գոնե քայլերգի նման մի բան... հը՞...


(Շարունակելի) 

воскресенье, 10 июня 2018 г.




Հոգումս 
ամբարած պատրանքներին
 ազատ եմ թողնում։ 
Էլ ուժ չունեմ։ 

Արևի շողեր 
փնջեք 
ինձ համար... 
մրսում եմ 

11 հունիսի,  2018թ.      

понедельник, 4 июня 2018 г.



Ու՞ր մնաց ժամանակն այն,  
երբ օտար չէինք... 
Փորձում եմ 
վերհիշել  
քեզ հետ կապող 
բոլոր եզրերը. 

 Աչքերդ կկոցած՝ 
հիպնոս էր, 
ու ես պլշած 
սահում էի գիրկդ։ 
Մատներիցդ   
հորդող էներգետիկ ուժն  
եռք էր տալիս 
արյանս։ 
Շուրթերիդ թրթիռն՝  
երբ ժպտում էիր,  
տակնուվրա էր անում 
հոգիս։ 
Ձայնիդ  բարիտոնը 
շոյում էր ականջս 
Հայդնի սոնատների 
հնչեղությամբ։
Հայացքդ 
համբույր էր անընդմեջ՝
սեթևեթ բառերիս 
պատասխան։  

Ուզում եմ 
ըմբռնել .
 իրակա՞ն է ներկան, 
հիմա՝  ես կա՞մ, թե՞՝  չկամ...

04 հունիսի,  2018թ.           

среда, 18 апреля 2018 г.



Ասում են,  
երբ արևը վառում է 
կծելու աստիճան՝ 
անձրև է գալու... 

Հիմա,  
Երբ  այդքան ջերմ բաներ ես ասում
սիրտներս խոցելով, 
ի՞նչ է սպասվում... 

Մի՛ լացացրու ...

18 ապրիլի,  2018 թիվ.   

вторник, 3 апреля 2018 г.



Հոգսը 
ծանրացել հոգուս, 
հատել է  ուժերս,  
ընկճել՝ հավատս, 
խճճել հոգնության 
լաբիրինթում։

Աստված իմ, 
առ ինձ ափերիդ մեջ՝
ջերմացրու,
գորով տուր, 
կորով տուր՝
որ ապրեմ էլի։ 

04  ապրիլի, 2017 թիվ   



вторник, 20 февраля 2018 г.



Ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն
Հարցերը չկան
Երբ միասին  ենք. 

Դու  

շարունակիր 

լինել իմ մուսան ։


четверг, 15 февраля 2018 г.



Կարոտս մաշվեց,  
խունացավ, 
գունազրկվեց,  
մոռացվեց։

Մի օր 
կարոտն էլ է մեռնում։


16 փետրվարի, 2018թ.          

понедельник, 12 февраля 2018 г.

ԺԱՅՌԸ 

Ժայռը  բազուկների մեջ էր առել ծաղկած մասրենուն ու աչքերը փակ ըմբոշխնում էր նրա բույրը,  որը և՛ նուրբ էր, և՛ վայրի,  և՛ անզուգական։ Ամեն շնչելիս ծաղկաթերթերը ճկվում էին դեպի նա,  հա֊հա ծիծաղում ու սիրով աչքով անում  կոշտ քարին,  որ զարմանալի նրբությամբ գրկել էր Մայր թփին իր հուժկու ամրությամբ։ 
Հանկարծ անդորրը խախտվեց։ 
Որտեղից֊որտեղ  ժայռն ի վեր մագլցում  էր հերարձակ մազերով մի կին,  որ ավելի շատ գժի էր նման։  
Հասավ կինը մասրենուն ու սկսեց ճամպռելով քաղել ծաղկաթերթերը, լցնել կողովի մեջ։ 
Մինչ Ժայռը կսթափվեր,  կինն արդեն արել էր իր սև գործն ու փորձում էր ետ դառնսլ։ 
Փոթորկվեց Ժայռի հոգին, մոլեգնեց, սասանեց իրեն ու  ցած գլորեց դիվահար կնոջը։ 
Կինը մի կերպ հասավ ձորակին,  լվացվեց սառը գետակում,   կողովն առավ կռնատակին ու շտապ֊շտապ բռնեց քաղաքի ճամփան։ 
Ժայռը՝ խռոված,  Ժայռը՝ հուսաբեկ,  խնդրանքով դիմեց ծերպում ապրող վհուկին,  որ գիշերն իրեն մարդակեպ դարձնի։ 
Եկավ սպասված ժամն ու Ժայռը մարդու տեսք ստացավ ։ Քամու ցույց տված ճանապարհով գնաց֊գնաց,  հասավ այն տանը,  որտեղ ապրում էր կինը։ 
Դռան մոտ  Ժայռը շուչ առավ,  զգաց իրեն ծանոթ ու սիրելի  բույրը։   Ներսի լույսից ստվերը երկարեց,  մեծացավ ու Ժայռը չկարողացավ ներս մտնել։ Բայց ,  քանի որ դուռը կրնկի վրա բաց էր,  նա տեսավ ամեն ինչ։ 
Սենյակում  մահճակալ կար,  որին  մի սիրուն,  շատ֊շատ սիրուն աղջիկ էր պառկած։ Մայրը երեխային թուրմ էր տալիս,  որի գոլորշին գալիս ֊ հասնում էր  Ժայռին,  խուտուտ տալիս ռունգերը։ Կինն այլևս դիվահարի տեսք չուներ.  մազերը կոկիկ սանրած,  հավաքած էր ծոծրակին,  հագին գեղեցիկ զգեստ էր։ 
Ժայռի սիրտը փափկեց,  
Իրականում ինքը բարի էր։ 
ՈԻ ինչպես եկել էր, այդպես էլ ետ դարձավ,  իր հետ տանելով տձև ստվերը, քանի որ միայն երեք ժամով էր մարդակերպ առել։

12 փետրվարի,  2018թ.      

пятница, 9 февраля 2018 г.


Երկար ժամանակ է
 քեզ չեմ տեսնում,
 չեմ լսում,
  չեմ կարդում։ 

Լռությունը փոշոտել է 
տարածությունը,  
ժամանակը,  
հիշողությունը։ 

Որպեսզի չսպասեմ,  
մի օր հասցեդ ջնջեցի. 
ու հիմա այն  կորցրել եմ։ 
Չգիտեմ  ...

09 փետրվարի,  2018թ.      

пятница, 2 февраля 2018 г.



Նինջ վիճակում եմ. 
երազներիս 
գույներում խառը ՝
հուշիկ թակոց է 
իմ  պատուհանին։ 
Վախենամ հանկարծ 
քամին է էլի 
խուլ հեծեծանքով 
խփվում ապակուն։

Թաքուն հույս ունեմ. 

պատուհանիս տակ՝ 
դու լինես կանգնած։ 

02 փետրվարի, 2018թ    


пятница, 26 января 2018 г.



Մանչուկը ձեռքն առաջ մեկնած
վազվզում է ու բան չի մնում
հուսահատությունից արտասվի,
քանի որ ձյան փաթիլը
ափին չհասած՝ հալչում է։

 Եղևնին ժպտում է
ճյուղերին ապաստանած
սպիտակ շերտին
ու վախենում,
որ քամին ուր որ է կգա՝
անխնա կթափահարի իրեն։

Քամին  լուռ ու մունջ

ծվարել է ձորում, 
հոգնած նայում է
գետակի ջրերին,
որ ձյան փաթիլների
ամեն հպումից
սառցե վերմակ են երազում։

Ընկճվել է օրը թացությունից։


суббота, 20 января 2018 г.




Դու 
լուսնայի՞ն ես, թե՞ լուսային...

Հոգուդ բարությունը, 
սրտիդ ջերմությունը, 
քեզ առաջնորդող սերը վառ է, 
ասել է թե ՝ ԼՈՒՅՍ ես։

Հոգուդ թախիծը, 
սրտիդ տվայտանքը, 
քեզանից հորդող ժպիտը 
եթերային է, իսկը՝ ԼՈՒՍԻՆ ես։

Վառ լույսի 
ու 
պաղ Լուսնի թագակիր՝ 

ԼՈՒՍՆԹԱԳ։


21 հունվարի, 2018թ      
Արաքս


Տարեդարձ է այսօր









понедельник, 15 января 2018 г.

Օրագրային՝ ԴՐԱԽՏ գնալիս



    Առաջին անգամ այդ թունելն անցնելիս սպիտակ սքեմ հագած չորս հոգի էին առաջնորդում։
    Դեպի լույն էինք գնում։
    Այդքան տաք, այդքան լա՜վ, այդքան հաճելի... անասելի հաճելի, բառի գերադրական աստիճանով հաճելի զգացում երբևէ չեմ ապրել...
   
      Երկրորդ անգամ նրանք երկուսն էին՝ սպիտակ սքեմավորները. թևանցուկ երկու կողմից ու էլի դեպի լույսն էինք գնում, լավի ու հաճելիի զգացողությունները նույնն էին։

       Երրորդ անգամ՝ մենակ էի...               
       Ուղեկցողի կարիք չունեի։ 

      Ճանապարհն արդեն գիտեի:

        15 հունվարի, 2018թ          

воскресенье, 14 января 2018 г.


Պարզկա գիշեր է. 
աստղաշատ երկինք, 
մի ամբողջ լուսին, 
օդի   դողդոջում, քամու շվշվոց։ 

Պատուհանից ներս՝  
մատների գգվանք, 
շուրթերի հպում,  
մարմինների պար, սավանի սվվոց:

Անդորրի գրկում՝ կրքի ճառագում... 


14 հունվարի, 2018թ   


четверг, 11 января 2018 г.




Դու 
ինձ մի փնտրիր 
խուլ հեռուներում, 
մութ անկյուններում. 

որտեղ որ լույս կա, 
ես միշտ այնտեղ եմ։

11 հունվարի, 2018թ  





понедельник, 8 января 2018 г.



Բողբոջել է 
եղրևանին անժամանակ 
ու չունի պչրանքն  երբեմնի ։
Ցավով եմ նայում 
դողդոջուն հուրաններին...
Գունատ են, նվաստ, որբուկ։
Ձմե՛ռ, 
խեղճին խաբե՛լ ես. 
քո արևն այնքան ուժ չունի 
որ բացվեն ծաղկաբույլերը:
Հիշիր
թե որտե՞ղ ես հարբել 
ու մոռացել ձյունը ։
Եթե 
ծաղիկ ես ուզում, 
ապա վար բեր փաթիլներիդ  
ու թույլ տուր ճախրեն։ 

08 հունվարի, 2018թ    









вторник, 2 января 2018 г.



Էքսպրոմտ՝ Ամանորյա


Ես 
շատ եմ սիրում 
Նոր տարվա տոնը 
ու 
մանկան նման հավատում եմ, 
որ՝ հրաշք պիտ լինի։ 

Տոնածառ ունեմ, 
որի ճյուղերին 
զանգուլակներ են, 
վետվետուն լույսեր 
տարբեր գույների։ 

Սեղան եմ դրել.  
Խորտիկներ, հյութեր։ 
Ես եմ պատրաստել։ 

Ճիշտ է, չեմ խմում, 
բայց իմ գավաթում 
մի քիչ կոնյակ կա 
կենացի համար։
Դե՞, 
ո՞վ է գալիս 
նշենք միասին.

Թո՛ղ որ ես ասեմ 
կենացն առաջին՝
հուշելու կարգով. 
Խաղաղություն ողջ աշխարհին, 
Հայրենիքին մեր սիրասուն, 
Հայ զինվորին՝ կորով, ավյուն, 
Հայ մայրերին՝ բերկրալի լուր, 
բոլոր մարդկանց՝ 
սեր ու հավատ, 
առողջություն 
ու ժպիտներ բազում֊բազում... 
Շփոթվեցի։
Էհ, ո՞ր օրվա 
բաժակաճառ ասողն եմ ես, 
ցանկություն էր, ասի՝ պրծա։

Շնորհավոր֊շնորհավոր...


  02 հունվարի , 2018 թիվ