среда, 27 декабря 2017 г.



Պաղել է կյանքը. 
Հոսանքազրկված տան նման
 շուրջբոլորը մութ է, 
տաղտուկի չափ գորշ։ 

Վայրենի բան եմ ուզում. 
փոթորկի շրջապտույտ լինի՝ 
ինձ դուրս հանի 
այս տրտում նիրհից։

Կամ էլ  նրբին, եթերային, 
անզուգական վիճակ. 
հեռացնի թախծի շղարշը՝ 
հոգնել եմ անձուկից։

Լավ։ 
Հագնեմ երկնագույն զգեստս, 
բարձր կրունկներս, 
կարմիր շրթներկ քսեմ՝
դուրս գամ փողոց։ 

Եթե ցուցափեղկերի
հայելիները հրճվեն ինձանով, 
համոզեն որ լավն եմ՝ 
ուրեմն դեռ կորած չեմ... 

28 դեկտեմբերի, 2017 թ  






воскресенье, 24 декабря 2017 г.



Եկ, նստիր կողքիս, 
վերհիշենք երգով 
Օրը երեկվա ։

Մեղեդի չկա՞՝ 
բառերով կասենք,
Բառեր է՞լ չկան...

Աչքերը հո կա՜ն, 
Ձեռքերը հո կա՜ն, 
Շուրթերը հո կա՜ն... 

Հայացքով կասենք,
Հպմամբ, 
Համբույրո՝վ...

Եկ, նստիր կողքիս,
Ուզում եմ հիշել
Երգը երեկվա։ 

24 դեկտեմբերի, 2017 թ   

среда, 20 декабря 2017 г.



Օրը բացվել է՝ 
բարին էլ հետը. 
երջանիկ եմ այսօր. 
Եկել ես։ 
Քեզանից 
լույս է ճառագում։ 
Սքանչելի՜ ես:
Ինչ էպիտետ էլ անեմ՝ 
շափյուղա՜, 
սադափե՜, 
հրացո՜լք.... 

Դու ավելի վա՜ռ ես... 



21 դեկտեմբերի, 2017 թ    

воскресенье, 17 декабря 2017 г.



Ամենը, 
որ 
քեզ է հիշեցնում՝ 
կարոտ է: 
Քանի 
դեռ այն կա՝ 
ապրում է սերը։
Առանց 
սիրո նույնն է
թե՝ չկամ։ 
Դու՝
իմ լինելու
կարոտն ես... 

17  դեկտեմբերի, 2017 թ.    





пятница, 8 декабря 2017 г.





Հրաշալի տեսարան՝ Արևը ամպերի միջով


Ագարակ




Մեր հույսը
լույսի պես է,
մեր ուժը՝
լեռների , 
մեր հավատին
քամիներ են պետք,
որ ցրեն ամպերը լացի,
որ կրկին
ժպիտ գա մեր դեմքին
ու երգ՝ շուրթերին....


среда, 6 декабря 2017 г.



Կանգնել եմ 
«չի կարելիի» սահմանին, 
հապաղում եմ անցնել։ 
Ինձ համար 
ոչ մի կանոն չի գործում, 
բայց այս «չի կարելին» 
ըմբոստ է երբևէ եղածներից. 
Մտքերս անհանդուրժող են՝ 
արդեն այն կողմում են։  
Գիտակցությունս՝ 
խոհեմաբար  չի շտապում։ 
Իսկ հոգիս ու սիրտս  
թևանցուկ քայլում են 
սահմանի երկայնքով՝
մի տեղ դուռ գտնելու հույսով։

06 դեկտեմբերի, 2017 թ.    

понедельник, 4 декабря 2017 г.



Սերը
ձյան փաթիլ է, 
ով բռնի՝ նրանն է։ 

Թող 
փաթիլ լինեմ, 
վար իջնեմ հույսով... 

Գտա... 
հասնում եմ , 
պարզիր ձեռքդ.  

Հիմա... 
իջնեմ ափիդ,  
ահա,  ա՛յ՝ այսպե՜ս. 

Տաք
 շնչով ժպտա, 
որ էլի դառնամ Ե՜ս։ 

04 դեկտեմբերի, 2017 թ.  



суббота, 2 декабря 2017 г.




Էմիկը  երեսուն տարեկան է։
Արտաքինից նորմալ, սիրունատես աղջիկ է, միայն տարօրինակ, պարելով քայլվածքն է հուշում, որ մի բան այն  չէ ։ Ամեն տնից դուրս գալիս  դեղին,  խունացած պայուսակ ունի ուսին կախած, բաց շրթներկ՝ շուրթերին, ու միշտ ժպտում է։
Մի օր լսեցինք, որ Էմիկին հարսնատես են եկել։ Հարևանները փսփսում էին, որ փեսացուն էլ երևի Էմիկի նման «մի յանը տարած ա»։
Սեղան էին դրել, խոսք վերցրել, համաձայնության եկել, որ կպայմանավորվեն ու կգան սուս ու փուս տանելու։
Էմիկի ոտքի վրա ոտք էր աճել։ Քայլվածքն ավելի երերուն էր դարձել, ժպիտն՝ ավելի լայնաբերան։
Հաջորդ երկու օրերին թախծոտ հայացքով պատուհանից դուրս էր նայում, տեղի՝ անտեղի ժպտում, անորոշ պատասխաններ տալիս՝ երբ խոսցնում էին։
Օրերն իրար ետևից շաբաթներ դարձան, ամիսն էլ լրացավ...
Էմիկի ժպիտը հետզհետե մարեց, քայլվածքն այլևս շորորուն չէր, ոչ ոքու հետ չէր խոսում։ Միայն հաճախ  հեռախոսն էր ստուգում...
Քույրը բարկացավ վրան, թե՝ ինչու՞ է այդքան նայում հեռախոսին, որ զանգեն, լսվելու է .
Ու  էլ Էմիկին պահել չհաջողվեց...

֊ Մոսոն ասաց գինի ենք խմելու, ֊ ճչում էր մոլագարի նման, ֊ ես կարմիր գինի՜ եմ ուզում...

02 դեկտեմբերի, 2017թ