четверг, 23 октября 2014 г.

էլ...



Իմ բոլոր հույզերի մասին դու գիտեիր ու խրախուսում էիր, եթե անգամ հետո պիտի հանդիմանեիր (այդ պահին չէիր թողնում ընկճվեի):
Այսօր առավոտից քեզ պատմում եմ, պատմում... անօգուտ է ...

էլ չկաս.
Ինձ համար չկաս...

среда, 18 июня 2014 г.

Անի





Անին մի կերպ հասավ տուն:
Հանեց զգեստն ու կոշիկները, գնաց  լոգարան: Հենց այդպես, կիսահանված կանգնեց ցնցուղի տակ: Սառը ջուրը թափվում էր գլխին, ուսերին...  լվանում էր տարիները՝ քսան, քսաներեք ...

Յոթ տարեկան...

-Անի, ու՞ր եիր,-խոհանոցից ձայն տվեց մայրիկը:
- Մամ, Ալիկի հետ սիրած-սիրած էինք խաղում:

-Դա ո՞րն է Անի ջան,- սենյակ մտավ մայրը:

Անիի հագուստը փոշոտ էր, ժապավենը քանդված, վերնաշապիկի կոճակներն էլ թարս ու շիտակ: Մայրը գունատվեց:
-Արի մոտ ու պատմիր:
-Էնպես լավ էր, ես ու Ալիկը պինդ-պինդ կպել էինք իրար, Ալիկն ինձ էր պաչում, ես էլ իրեն:

Առավոտյան մամայի հետ գնացին հիվանդանոց: Միայն հիշում է, որ շատ լացեց, իսկ մաման իրեն գրկել ու համբուրում էր, պինդ-պինդ, Ալիկի նման....


среда, 28 мая 2014 г.

Ալիս




Ալիսը գլուխը հենել էր Հրայրի կրծքին, լուռ լսում էր սրտի զարկերը. սկզբում հևոցով էր ու արագ, հետո քիչ-քիչ հանդարտվեց, հիմա՝ հանգիստ՝ մեկ-մեկ,մեկ... Քնած է:
Ինչպե՞ս ստացվեց որ օտար տղամարդը դարձավ այսքան հարազատ, ցանկալի: Իր համար Հայաստանի մի ծայրից կտրել, հասել է Երևան: ՈՒ հիմա հյուրանոցի համարում պառկած են նույն անկողնում:
Հեռախոսը երգելով հաղորդագրության մուտք ազդարարեց: Պետրոսն է. «երկու ժամից միստր Մունի հետ տանը կլինենք, սեղանը պատրաստիր...»
Ալիսը զգույշ դուրս սահեց Հրայրի գրկից: Տաքսի պատվիրեց ու մտավ լոգարան:
Առաջվա սիրով լի իր խաղաղ ընտանիքը փլուզվում է: Բայց ինքն իրեն մեղավոր չի զգում: Դա ավելի վաղ է սկսվել: Պետրոսն էլ մեծ դեր ունի այստեղ: Երկար ժամանկ չէր աշխատում, մեծ-մեծ պահանջում էր, ողջ օրն էլ բազմոցին: 

Հրայրն էլ այստեղ մեղավորություն չունի: ՈՒղղակի Հրայրին ճանաչելուց ի վեր Պետրոսն ավելի է օտարացել: Առանց այդ էլ վաղուց չէին հասկանում իրար: Անգամ անկողինն էր անհետաքրքիր,  ինտիմի մասին էլ խոսք չկա, չի հասկանում ի՞նչ, ինչու՞, մի կերպ... Օֆֆֆ, սրան վերջ կգա՞.
Լավ է աշխատանք ունի: Օրվա կեսն այնտեղ է անցկացնում, հետո երեխաներին սպորտդպրոց ու երաժշտական է տանում ՝ ետ բերում, հետո՝ խոհանոց...
Վարորդին խնդրեց բանջարեղենի կրպակի մոտ կանգնէլ: Կանաչ լոբի  կար: Մեկ կգ վերցրեց՝ «Պետրոսը շատ է սիրում».... մի տեսակ մեղավոր զգաց իրեն, դավաճան, բայց միայն մի պահ,:
Հրայր-Պետրոս, Պետրոս-Հրայր մտածումներով կերակուր պատրաստեց, լոբին  էլ տապակեց Պետրոսի սիրած ձևով (նորից իրեն բռնեց այդ մտքում), կտրատեց բանջարեղենը, սիրուն-սիրուն սեղանը դասավորեց ու նստեց բազմոցին:
ՀՐԱ՜ՅՐ: «Տեսնես Հրայրն արթնացա՞վ, կարդա՞ց անձեռոցիկին թողած իր հապճեպ գրությունը»: Ու զգաց, որ դեռ համբույրներից ու հպումներից հուզված ու խոնջացած է մարմինը... Իրեն վերջապես կին է զգում: Դա դավաճանություն չէ, դա ՍԵՐ է...
Պետրոսն եկավ միստր Մունի հետ: Համբուրեց իրեն: Շատ է ոգևորված:
Ալիսը տաք կերակուրը դրեց սեղանին:
Պետրոսն իրեն սիրում է,: Բայց իրեն այդ սերն այլևս խանգարում է:
«Մի՛ սիրիր ինձ Պետրոս», լացակումած աչքերը խոնարհելով խոհանոց մտավ Ալիսը...

Ինչու՞, սիրելի Ալիս, ինչու՞ դու երջանիկ չես, միգուցե վերանայե՞ս կյանքդ, փորձես կրկին սիրե՞լ ամուսնուդ, երեխաներիդ խղճա՞ս, չգիտեմ ...




понедельник, 17 марта 2014 г.

Հայրս՝ Աշոտ Հակոբյան



Հայրս՝ Աշոտ Հակոբյան, ծնունդով Եղեգնաձորի շրջանի Այար (այժմ՝ Ագարակաձոր) գյուղից:
Ճակատագրի բերումով մեծացել է մանկատանը:
1949 թվականին իր նման շատ երիտասարդների հետ եկել է Մեղրի, ու ջանասիրաբար մասնակցել մեր` Ագարակ քաղաքի շինարարությանը: Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատի շահագործման օրը նրան շնորհվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան:
Հայրս սիրում էր թատրոն: Նրան անվանում էին դերասան Աշոտ: Մայրս պատմել է, որ հյուրախաղերի եկած Հրաչյա Ներսիսյանը հայրիկիս հրավիրել է Երևան գնալ, բայց նա իր աշխատանքին նվիրյալ է եղել:
Նրան անվանում էին նաև Կոլոտ Աշոտ՝ ընկերների համեմատ իր ցածրահասակ լինելու պատճառով (առաջ շաաատ էի նեղվում այս ածականից): Բայց, հավատացեք, իր խելացիությամբ, ազնվությամբ ու շնորհքներով շատերից մի գլուխ բարձր էր:
Նա ինձ համար միշտ տղամարդու իդեալ է եղել:

Այսօր հայրս կլիներ 85 տարեկան:
Պապ ջան, ծնունդդ շնորհավոր: Ես հիմա էլ քեզ շատ-շատ, անչափ սիրում եմ:


пятница, 7 марта 2014 г.

ՄԱՄ ՋԱՆ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ



Տարիներ առաջ, երբ ուսանող էի, մայրս ավելի երիտասարդ էր, քան՝ հիմա ես:
Քրոջս հետ Երևանում ուսանում էինք: Մայրս մի անգամ եկել էր մեզ տեսության: Քույրիկիս հետ իրեն դիմավորեցինք երկաթուղային կայարանում (Այն ժամանակ Երևան-Կապան երկաթուղագիծն աշխատում էր (երանի՝ ժամանակներ էր...),ու «Իկարուս»-ով գնում ենք մեր վարձով բնակարանը: Մայրս այնպիսի սիրով է նայում ինձ ու քրոջս, այնքա՜ն սեր, խանդաղատանք ու հպարտություն կար հայացքում, որ իր շրջապատի մարդկանց ժպտացնում էր: Այդպիսի մի ժպիտի նա պատասխանեց բարձրաձայն.
- Աղջիկներս են, սիրուն են չէ՞...
- Իհարկե, - պատասխանեց ժպտացող ուղևորը:
- Ես իմ երեխեքից չեմ կշտանում,- շարունակեց մամաս...

Ես ու քույրս աչք-ունքով սաստում էինք, բայց նա մեր գովքն էր շարունակում անել...

ՄԱՄ ՋԱՆ, ԷՆՊԵՍ ԵՄ ԶԳՈՒՄ ՔՈ ԿԱՐՈՏԸ 🥀🌺🌻

ՄԱՄ ՋԱՆ, ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ🌾🌼💮


понедельник, 24 февраля 2014 г.

Ցնծու՜մ եմ

.


Դու եկար՝ երբ մթնշաղ էր,
Դարձավ երեկո, հետո՝ գիշեր:
Գիշերը դարձավ անծայր,
Դարձավ մերը:

Արթնացա՝ գնացել ես.
Երեկվա դատարկ օրս
Ներկում եմ գույներով,
Որ թողել ես բազմոցիս:

Ցնծու՜մ եմ...

25 փետրվարի, 2014թվական


«Դիոնիսոս», ակրիլ, կտավ, 70x70