среда, 9 января 2019 г.

Մոնթե Մելքոնյան մարդ֊երևույթի մասին պատմում են բազմազան  պատմություններ ու աչքերիս առջև հառնում է  մի կերպար, որ ապրում, կռվում, սիրում ու երազում էր ինչպես զինվոր։
Զինվոր կոչումը նրա էությունն էր. «Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդուն, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»։
Ինձ՝ Հայոց բանակի զինվորիս պարտավորեցնում են այս խոսքերը։ Նրան նմանվելու միտում չունեմ , նպատակս է նրանից սովորել ճիշտ զինվոր լինել ու զորացրվելուց հետո էլ միշտ մնալ հայրենիքի սիրով տոգորված զինվոր։
Ես մեղրեցի եմ։ Ծնվել եմ նրա չլինելուց հետո։  Գիտեմ որ պանծալի հերոսամարտիկ է եղել, ազգանվեր հայ։ Այս ամենից զատ նա նաև զուսպ ու համեստ է եղել։ Երբեք  իրեն ցուցադրելու, մեծամտանալու նպատակ չի ունեցել։
Այս մասին լսել եմ պապիկիցս։
1991 թվականին Մոնթեն, Սեդան ու ամերիկահայ մի  երիտասարդ Ռոբերտ անունով գալիս են Մեղրի ու հյուրընկալվում մի ընտանիքում, որտեղ երեք տղաներ են մեծանում։ Ողջ գիշեր նա երեխաներին պատմում է ազգայնանվեր հերոսների, ԱՍԱԼԱ կազմակերպության,  հայաստանյան կարոտի  ու իր մասին միայն անունը՝ Մոնթե։  Առավոտյան շրջում է Մեղրիի սարերում, մագլցում ժայռերի կատարները, բարձրանում հին բուրջերը ու ամբողջ ժամանակ հրճվալից բացականչություններ է անում։
Մեղրի գետի հունով  իջնում է մինչև սահման, կանգնում կամրջին, որի տակով  ջրերը գնում,  խառնվում են Արաքսին։ Երկար, սևեռուն նայում է մայր գետին ու բարձրաձայն արտասանում Ռաֆայել Պատկանյանի «Արաքսի արտասունքը».

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին֊հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պտրում եմ...

Հետզհետե ձայնն ավելի հուժկու է հնչում ու հաստատակամ։
«Կգա ժամանակ, որ փշալարը Արաքսի այն ափին կլինի», ֊ դիմում է իր ուղեկիցներին։
Երեկոյան հրավիրվում են հարսանիքի, որտեղ բաժակ է բարձրացնում ու  ասում , որ մեծ երազանք ունի՝ քայլել Հայաստանի ողջ սահմանով, տեսնել բոլոր գետերը, ոտքերով զգալ նրանց սառնությունն ու հոսքի ուժը, ճանաչել հայաստանաբնակ հային ու նրա ոգին։ Ու այդ ամենը ուզում է  վերցնի, որ միշտ հայ մնա ու գեներով փոխանցի իր զավակներին։
Ու այդ ընթացքում , երբ նա խոսել է, սրահում խիստ լռություն է տիրել։ Հարսանքավորները ոտընկայս ծափահարել են։
Որոշ ժամանակ անց, թերթերում նրա նկարը տեսնելուց հետո են միայն  մարդիկ իմանում, որ իրենց այդ օրերի հյուրը եղել է Մոնթե Մելքոնյանը։
Այսպիսին եմ ես ճանաչում Մոնթե Մելքոնյանին. ազգասեր, հայրենասեր, անաչառ, հանդուգն , անկոտրուն, խելացի, սիրող, զուսպ, համեստ, օրինակելի...
Եթե մեզանից յուրաքանչյուրը իր մեջ կրի նրա զինվոր տեսակը, մեր միտքը ավելի հեռուն կգնա, բազուկը՝ կուռ կլինի, ազգը՝ հաղթական, բանակը՝ հզոր։

Комментариев нет:

Отправить комментарий