среда, 18 октября 2017 г.

Լուսոն




      Լուսոն նստած տաբուրեդկին, կորոլյոկ էր քչևում ու քթի տակ մռթմռթում.
֊ 100 շար անեմ, էս տարվա համար բոլ ա։
֊ Մաամ, սարոչկաս հարդուկե՞լ ես, ֊ ձեն տվեց Հարութը
֊ Հա, աթոռի գլխով գցած ա,֊ պատասխանեց Լուսոն ու շարունակեց մտորել, ֊ էս տարի ոչ մեկին էլ չեմ բաժանելու, դրանց մի տեսեք, հանցա իրանք քաղաքացի են, ես՝ գեղացի... ուղիղ շուկա եմ տանելու։
     Հարութը հագած֊կապած, մազերը թեք սանրած՝ իջավ աստիճաններով։ Լուսոյի աչքերը փայլեցին.
-  Վա՜խ, պատկերդ պաչեմ.
-  Համով բան կեփես, կարող ա մենակ չգամ տուն, ֊ հեռախոսից չկտրվելով, կողքովն անցավ որդին, ֊ էդ շորերդ էլ կփոխես, ֊ ավելացրեց վերջում։
֊ Գնա է, իսկական հորդ կտորն ես, ֊ սիրտը կոտրված մտքում ասաց Լուսոն ու գլուխը կախ շարունակեց գործը։
      Ամեն ձմեռ, Նոր տարվա բերան, բերքը տանում էր Երևան։ Իջնում էր ամուսնու ողորմածիկ եղբոր տանը։ Հարևանները գիտեին արդեն, գալիս՝ առնում էին, էլ շուկա չէր հասնում։
      Տեգոր կինը՝ Ռուզանը, իրան պահում էր տանը, ինքը գնում աշխատանքի։ Իրիկունը գալիս էր, տեսնում տունը՝ մաքուր, ամանները՝ լվացած, ճաշը՝ տաք֊տաք  պատրաստ։ Հաց էին ուտում, սերիալները հերթով նայում, սկի խոսալու ժամանակ չէր մնում։ Լուսոյին միշտ թվում էր, որ Ռուզանը իրան վերևից ա նայում։ Մոռացել ա որ նույն դասարանցի են եղել, դպրոցում իրա շարադրությունները Լուսոն էր գրում, քաղաքացի ա դառել, պադումա՜եշ...
Հարութի համար սվիտեր էր առել, բերել տուն, ասաց՝ «գյուղում էդ բաց գույնի  սվիտերը որտե՞ղ պիտի հագնի, դա տուր Սևակին, ես դրա տեղը երկու ուրիշը կտամ, տար, թող հագնի՝ մաշի...»։ Ինքը գնաց նորից նույնիցը առավ, բերեց ճամպրուկի մեջ թաքցրեց. «Էդ էր պակաս Հարութս Սևակի հագած շորով ուրախանա...» ։
      Աչքերը թրջվեցին, թևքովը մաքրեց... Սառեց մի պահ. հագին Ռուզանի տված ժակետն էր։
       Սուս ու փուս վեր կացավ, գնաց մրգով լիքը կողովների կողմը, սկսեց մեծերը ջոկել.
֊ 5 շար Ռուզանիս համար քչևեմ, նոր գնամ խանութ։

18 հոկտեմբերի, 2017թիվ    



1 комментарий:

  1. Պատմությունը գրել եմ մեղրեցու առօրյա֊խոսակցականով, բառերը մի քիչ էլ երկարացնելով կարդացեք, մի քիչ միամիտ երանգով ու կլսեք մեղրեցու խոսքը 😃


    Քչևել՝ կլպել, կեղևը հանել

    ОтветитьУдалить