четверг, 2 ноября 2017 г.

Եթե ուզում ես ապրեմ






Վերադարձրու
Ճայթող
Ժպիտդ.
Եթե, իհարկե, ուզում ես... 

       Տղամարդը ծխում էր։
       Կինն աչքերը հառել գետնին,
զգում էր ծուխը, որ դուրս էր գալիս նրա ռունգերից։ Նախանձեց այդ սիգարետին։ Մարմնով դող է անցնում, երբ պատկերացնում է, որ իրեն կարող է համբուրեն սիգարետի համով այդ շուրթերը։ Խելագարվելու բան է։
Տղամարդը վերադարձավ սենյակ, մոտեցավ կնոջը, վեր հանեց բազմոցից՝ գրկեց։
Համբույրը կլանեց նրանց։ Կինը համբույրի հետ շնչում էր սիգարետի հոտը, որ արտաշնչելիս խուլ հևոցի էր վերածվում։ Դրանից տղամարդն ավելի էր ցանկանում կնոջը :

       Անկառավարելի է դարձել: Պատճառը կես գավաթ օղին է, որ պարպեց մի շնչում:
      ֊ Գևորգ-շշնջում են շուրթերը, Գևորգ - հևում է սիրտը, Գևորգ - ճչում է հոգին, Գևորգ- գալարվում է մարմինը...  մթագնել է ուղեղն ու միայն՝ Գևո՜րգ, Գևո՜րգ... դու չգիտե՜ս...

       - Գ՞ամ ետևիցդ
       - Մերոնց ի՞նչ ասեմ, էն էլ էս ժամին.
       - Մի բան մտածիր...

         Անզոր է այս ձայնին դիմակայել։
        Շտապ֊շտապ հագավ ջինսե տաբատը, վրան գցեց դեղին բլուզը, վերցրեց մեքենայի բանալիներն ու դուրս վազեց։
        Դռան ուժգին խփոցից մայրը տեղից վեր թռավ, ասես գլխին հարվածեցին, բայց մնաց նստած։

        «Դուրս արի բակ, գալիս եմ» հաղորդագրություն գրեց ու միացրեց մեքենայի շարժիչը։
        Օղին իր գործն անում էր։
        Լիանայի աչքերի առջև շարժվող լույսեր էին, ականջներում ազդանշաններ ու այդ ամենի միջև Գևորգը՝ մազերը ետ սանրած, կարմիր պոլոյով՝ քիչ անփույթ իջած ջինսերին, իբր անտարբեր, բայց քննախույզ՝ մինչև ոսկորները թափանցող հայացքով, պարտադրող հարցական ժպիտո՜վ... Օ՜ֆֆֆ... ու՝  «Եկել եմ»...
Եվս մի շրջադարձ՝ տեղ կհասնի...
       Շրջանը մեծ վերցրեց, որպեսզի չհարվածի դիմացի ծառին,  ղեկը թեքեց, ու...
Գևորգը իջել  բակ՝ ծխում էր։ Քայլելով հասավ փողոցի սկզբնամաս ու տեսավ, թե ինչպես  սպիտակ Audi֊ն հարվածեց  մայթեզրին։
Վազելով հասավ մեքենային, ամբողջ ուժով պոկեց դուռը,  բացված բարձիկների միջից դուրս հանեց աղջկան...
      Գրկեց ու կանչում էր.
      ֊Լիան, Լիանա, Լիի, բացի՜ր աչքերդ, խնդրում եմ...
      Շուրջբոլորը մարդիկ էին՝ վախեցած , կարեկցող,  անհանգիստ,...
      Ինչ որ տեղից հայտնվեց շտապ օգնության մեքենան։ Աղջկան տեղավորեցին  պատգարակին, Գևորգը բժշկի սաստող ձայնին անհնազանդ նստեց կողքին, բռնեց ձեռքը
      ֊Գևո՜րգ, ֊ հազիվ լսելի կանչեց աղջիկը, ֊ Գև՜...սիրում եմ... քեզ ու ...
      - Ես էլ քեզ եմ սիրում, Լիան ջան, ամեն ինչ լավ կլինի, հիմա կհասնենք...

       Արդեն քանի ժամ է։ Որերորդ գլանակն է ծխում, ետ ու առաջ քայլում երկար միջանցքով։
       Վիրահատարանի դուռը բացվեց, դուրս եկավ վիրաբույժը. 
       ֊ Եկեք ինձ հետ, ֊ դիմեց Գևորգին։
       ֊ Եթե ուժեղ լինի՝ կապրի, ֊ասաց, ֊ գանգային ներքին տրավմաներ ունի։  Երբ բերեն հիվանդասենյակ, թույլ կտան այցելեք։
       Գևորգը վերադարձավ միջանցք, գլխիկոր նստեց նստարանին։

       Երեք տարի առաջ էր, որ ծանոթացան։ Ինքը սուպերմարքեթի դռների մոտ տեսավ մի քանի տոպրակներով բեռնված երիտասարդ կնոջն ու ակամայից ժպտաց։
       ֊ Կուզե՞ք օգնեմ։
       ֊ Ձեռքիս ամբողջ գումարը ծախսեցի, տաքսիի փող չմնաց, ֊մեղավոր ժպտաց կինը։
       ֊ Ուրեմն իսկապես պետք է օգնել, ֊ ծանր տոպրակները վերցնելով ինքն առաջ անցավ, ֊ եկե՛ք, ձեզ տեղ կհասցնեմ։
        Ողջ ճանապարհին կինը լուռ ժպտում էր։ Շքամուտքի մոտ, երբ ինքը տոպրակներն էր իջեցում, խոստացավ սուրճ հյուրասիրել, եթե վերև բարձրանա։


       Կոկիկ, հարդարված բնակարան էր։ Հանդիպակած  պատերին Պիկասոյի երկուական գծանկարներ էին, մի անկյունում PETROFF դաշնամուր, մյուսում՝ բարձր պատվանդանով ժամացույց, հնաոճ փափուկ կահույք, սպասքով ու գրքերով ծանրաբեռնված պահարաններ։
Մինչ ուսումնասիրում էր գրքերը, կինը սուրճ պատրաստեց, միրգ, շոկոլադ դրեց սեղանին։
       ֊ Լիանա է անունս, մայրիկիս հետ եմ ապրում։ Երեկ գյուղ է  գնացել, ֊ ու երկչոտ ավելացրեց, ֊ ամուսինս քանի տարի է դրսում է...
       ֊ Ես էլ Գևորգն եմ, Մյունխենում եմ ապրում, եկել եմ ծնողներիս տեսության։
       ֊ Գինի՞, կոնյա՞կ...
        - Գարեջուր, եթե կա...        
        Դուքից՝ դուի անցումը հեշտ եղավ։ Խոսեցին, ավելի մտերմիկ զրուցեցին՝ ասես վաղուցվա ծանոթներ։
         ֊ Ես դուրս գամ պատշգամբ, ֊ սիգարետի տուփը հանեց գրպանից, հարցական նայեց ու տեղից վեր կացավ։
          Լիանան մեղմ ժպտաց, որ և՛ ամոթխած էր, և՛ սպասողական, և՛ կանչող։
         Հետո եղավ համբույր, հետո...

          Գևորգը մտավ հիվանդասենյակ, կանգնեց Լիանայի կողքին, բռնեց ձեռքը։
          ֊ Այստեղ եմ, զգու՞մ ես։ Պետք է չկանչեի քեզ էս կեսգիշերին...
          Շնչող ապարատը ֆսսում էր, դիմագծի ոչ մի շարժ, ասես անհաղորդ ամենին, միայն մոնիտորի գրաֆիկական հաճախականությունն էր հուշում,  որ միատոն շնչում է։
         Գևորգը մոտ քաշեց աթոռը, նստեց, ու սկսեց հիշեցնել իրենց ծանոթությունից, պատմեց, որ վերադարձել է ընդմիշտ, որ իր հետագա ծրագրերում Լիանան տեղ ունի։
        Թե՞ օրվա ծանրությունից, թե՞ ապրումներից, չզգաց, ինչպես քնով անցավ։

       ֊ Քնացրու ինձ, հիշու՞մ ես ինչպես.
       - Ըհը, շրջվիր ինձ մեջքով, միայն վախենամ քեզ դիպչելու  գայթակղությանը չդիմանալ...
       - էլ միի, պինդ գրկիր ինձ, ավելի պինդ, ցավացնելու աստիճան:
      Գրկեց Լիանայի մեջքը, կիպ սեղմեց իրեն, այնպես, որ իրենց միջև տարածության չմնաց։

       Արթնացավ բարձր ձայներից։ Սենյակում իրարանցում էր։ Իրեն դուրս հրավիրեցին, դուռը վրա բերեցին։
       Միջանցքում  մի կին լուռ արտասվում էր։  Կողքին փոքրիկ, մոտ երկու տարեկան աղջնակ կար՝ տիկնիկը գրկին։
      ֊ Մի լացիր, տատիկ, ֊ լսվեց  մանկան թոթովախոս ձայնը։
      Հայացքը սահեց, կանգ առավ երեխայի վրա։ Ծանոթ, շատ ծանոթ դիմագծեր էին, իր մանկության ալբոմի հիշողություններից։





Նկարները՝ Ալիկ Ասատրյանի

03 նոյեմբերի, 2017թիվ         


Комментариев нет:

Отправить комментарий