суббота, 5 мая 2012 г.

Մամայի հոտ ա գալիս



Կինը անտրամադիր մտավ աշխատասենյակ:Գնաց դեպի իր գրասեղանը, պայուսակը կախեց աթոռից: Դարակից հանեց գրանցամատյանը, բացեց, բայց արագ վեր կացավ.
- Սուրճ կուզե՞ք, - դիմեց բաժնի վարիչին
- Հա,- գլուխը տմ
տմբացրեց Սարգսյանը: Ուզեց հարցնել ու՞ր էր, բայց գերադասեց լռել՝ իմանալով որ անտեղի կլինի,- իմը շաքարավազով կանես:
Սուրճը տաք էր ու հաճելի դառը: Առավոտից բան չէր դրել բերանը, մտածում էր պիտի անալիզ հանձներ, էն էլ… է՜հ, մարդ պիտի բախտ ունենա, բա՜խտ…
- Լալա, քեզ են ուզում,- մի բան գտածի նման ասաց Սարգսյանը, նրան մեկնելով լսափողը.
- Մերսի:
Սրճեփն անջատեց,- նախանձ, մի ապարատի եղածն ի՞նչ ա, որ չես ուզում իմ համար բերել տալ, կարծես քո գրպանից ես վճարելու,- մտածելով,հեռախոսին մոտեցավ կինը.

- Ո՞նց ես, գնացի՞ր հիվանդանոց,- մորաքույրն էր:
- Ոչ մի բան էլ չկար, - ու էլ չկարողացավ շարունակել,  փղձկաց…
- Ի՞նչ եղավ, ո՞վ էր… զանգե՞մ Վահանին,- հարցրեց Սարգսյանը .

- Չէ, ջուր տվեք,- մի կերպ ասաց կինը,-
Սարգսյանը վերցրեց ձեռքից տու-տու անող լսափողն ու դրեց տեղը.

Ջուրը խմեց, հավաքեց իրեն ու նստեց տեղը.
- Կարո՞ղ ա ճնշումդ ա, գնա՞մ ջերմուկ բերեմ.
- Եթե դժվար չի,- ասաց կինն ու ուրախացավ իր՝ սենյակում մենակ մնալու մտքից.
Ինքը երազում տեսել էր, որ երկու ոտքով կանգնած էր ձմերուկի մեջ, հավատում էր, դրա համար գնաց  բժշկուհու մոտ: Թեսթ արեցին, մի գիծ էր, - «է՜, բա գլուխս ինչո՞ւ է հաճախ պտտում» ...

Սարգսյանը ներս մտավ, ետևից էլ Վահանը.
- Աստծո սիրուն, Լալային տիրություն արա, տուն տար.
Կինը մի կերպ ժպտաց ամուսնուն, որ նշանակում էր «բան չի պատահել»:

Վահանը մտավ հյուրասենյակ:
- Դե ասա տեսնեմ ինչ է եղել.
- Ծաղիկի մոտ էի, կասկածներս սխալ դուրս եկան.
- Դու հանգստացի, ամեն ինչ լավ կլինի, թեյ բերե՞մ, թե՞ սուրճ, - համբուրեց կնոջն ու գլխով ցույց տվեց բազմոցը.
- Չէ, ուզում եմ քնել:
Անցան ննջարան: Կինը հանվեց, մտավ անկողին: Վահանը ծածկեց ուսերը վերմակով,
- Դու քնիր, ես գնամ մի քիչ աշխատեմ, վաղը գծագրերը պիտի հանձնեմ:

Կարծես թե մեկը մտավ վերմակի տակ ու քնքուշ փաթաթվեց իրեն .
-Հայկ ջա՞ն, եկա՞ր ,մամայի բալա, - ու ամուր գրկեց իր առաջնեկին...: 
 
Երբ  մենակ էր լինում ննջարանում, Հայկը գալիս էր մոտը, խաղում էր իր Տիմոշա արջուկով, լսում հերթական հեքիաթն ու ամեն անգամ պինդ գրկելով մորը, խորը շնչում էր ու ասում՝ «ինչ լավ ա, մամայի հոտ ա գալիս»...
Վախենում էր աչքերը բացել:
Ամուր գրկեց երեխային որ զգա նրա ներկայությունը, որ հավատա ուրիշներին անտեսանելի ու անհավատալի իր իրականութանը:
- համովս, սիրտս, անուշս, կյանքս, բալե՜ս… մի քիչ խաղանք, հետո հեքիաթը, հա՞...

- Չէ, մամ ջան, էսօր հեքիաթ մի պատմիր, ես քեզ կարևոր բան եմ ասելու, ես ապերիկ եմ ունենալու, ուզում եմ որ անունը Տիգրան լինի:
- Է՜, Հայկ ջան,- հառաչեց կինը.
- Հա՜, ճիչտ եմ ասում, հավատա, ու ես էսօր վերջին անգամ եմ եկել, դու էլ ինձ չսպասես, ես հետո կգամ Տիգրանի հետ ու միշտ իրեն կպաշտպանեմ:
- Մի՜… մի գնա, ես քեզ թաքուն կպահեմ, ոչ մեկը չի իմանա քո մասին, մնա հետս էլի, մի՜…,- թախանձում էր կինը արցունքների միջից.
- Լալա,- Վահանն էր դռան ետևից.
Հայկը ամուր սեղմվեց մորը, մեկ անգամ էլ շնչեց նրա բույրը, համբուրեց ու ինչպես հուշիկ մտել էր անկողին, այնպես էլ դուրս սահեց
, գնաց դեպի պատն ու անէացավ:

- Բժշկուհի Ծաղիկն է զանգում,- զգուշորեն դուռը բացելով կանչեց Վահանը,- ասում է շատ կարևոր է.
- Հիմա,- արագ հագնելով հողաթափերն ու վերցնելով խալաթը՝ դեպի հյուրասենյակ շտապեց կինը
- Լալա ջան, մաղարիչ ունենք,- նոր գրասեղանս հավաքելիս նայեցի թեստին, երկրորդ գիծն էլ ա երևում, աննշմար ա, բայց ես տեսնում եմ…
Էլ ոչինչ չէր լսում…
Մի կում հեղձուկ էր կանգնել կոկորդում- : Մի կերպ հենվեց բազմոցի թևքին.... « երկու գի՜ծ…»
երկու գի՜ծ ա,- ու փլվեց ամուսնու գրկում .
… Կինը վերջին վեց ամսվա մեջ առաջին անգամ երջանկությունից էր լացում..
- Երկու գիծը գիտե՞ս ինչ ա, Վահան, երեխա՜ …

... Մամայի հոտ ա գալիս...




ՀԱՅԿՍ








6 комментариев:

  1. Կյանքը շարունակականույունն է... Ակնթարթն անցյալ է, իսկ մասնիկը ակնթարթի՝ աներևույթ ներկան: Կյանքը հաղթանակն է մահվան դեմ: Շնորհակալ եմ Արաքս ջան:

    ОтветитьУдалить
  2. Շնորհակալ եմ, Արմեն ջան, ես կրկին երջանիկ եմ, դու գիտես

    ОтветитьУдалить
  3. Ի՜մ Արաքս,ճիշտ է,ամեն դեպքում կյանքը իր շարունակականությամբ հաղթանակ է......ու երանի այդ հաղթանակները անթիվ ու շատ,շատ լինեն ու բոլորի համար լինեն...

    ОтветитьУдалить
  4. Իմ հաղթանակը Տիգրանս է,շնորհակալ եմ, Նելլի ջան :)

    ОтветитьУдалить
  5. Արաքսիա ջան ,այո կյանքը շարունակվում է....կյանքում,թող միշտ դու բուրես,....արցունքներս այս պահին խեղդում են,բայց ամուր գրկում եմ քեզ...Աստված օրհնի ու պահպանի քո փոքրիկ ,բայց գեղեցիկ ու երջանիկ ընտանիքը.....

    ОтветитьУдалить
  6. Շնորհակալ եմ, Անուշ ջան: Բոլոր, բոլոր մայրերին եմ երջանկություն ցանկանում,

    ОтветитьУдалить