среда, 28 ноября 2012 г.


Իմ հաղթանակների օրը

նվիրում եմ հրեշտակ դարձած Հայկիս 20 ամյակին




Տիկին Գոհար, փակեք աչքերն ու հաշվե՛ք մինչև տասը:
- Չէ, լա՛վ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

1

- Երազումս մի աղջիկ երեխա էի գրկել, ո՜նց էի սիրում, ո՜նց էի սիրում, ու պատկերացնու՞մ եք, ինքս ինձ բարձրաձայն ասում էի. «ես էս երեխային Աննայի չափ եմ սիրում»,- շոկոլադի սալիկը կոտրատելով պատմում էր Գոհարը՝ ակնարկելով քրոջ աղջկան:
- Երազում երեխան լավ չի,-սուրճը բաժակների մեջ լցնելով ասաց աշխատակցուհին,- հիվանդություն է:
- Եթե արթնացել ես ու  լավ է եղել, ուրեմն այսօր մի լավ բան կլինի,- Մարիամն էր, Գոհարի ամենամոտ ընկերուհին:
- Տեսնես առավոտվա սուրճից ավելի համեղ բան կա՞...
- Չէ- չկա, առավոտյան սուրճն անմահական է,- միաբերան արտասանեցին աղջիկներն իրենց հնարած կանոնն ու ծիծաղեցին:
- Էսօր երեկոյան մեր տուն կգաս, Ռաֆի ծնունդն է, բայց նվեր չբերես,- հենց մյուս ընկերուհին սենյակից դուրս եկավ, շուտասելուկի պես վրա բերեց Մարիամը:
-Առանց նվեր ծնունդ է լինու՞մ,- ծիծաղեց Գոհարը:
Տուն գնալիս՝ ճանապարհին մտավ խանութ, կոնյակ ու մի երկու քաղցր բան վերցրեց, հո դատարկ ձեռքով չի՞ գնալու:
Հայրը դիմավորեց դռների մեջ:
- Խորովածի լավ միս եմ առել, էսօր խորովե՞մ, թե՞ մնա շաբաթ.
- Պապ ջան, էսօր ծնունդի եմ, թո՛ղ մնա:
Գոհարն արագ հաց սարքեց հոր համար, կարգի բերեց՝ առանց այդ էլ ամեն ինչ իր տեղում բնակարանը:
- Պապ ջան, արի, հացդ կեր,- ու մտավ իր սենյակ՝ զգեստափոխվելու:
Մարիամը դուռը բացեց,
- Արի, սրանք ինչի՞ ես բերել, չասացի՞ չբերես, արի, արի, ֊ առաջնորդեց Գոհարին հյուրասենյակ:
Ա՛յ քեզ բա՜ն, հյուրասենյակում տոնական սեղան չկար դրված, բազմոցին էլ Ռաֆն էր ու Ռուբենը՝ գլխավոր երկրաբանի բաժնի նոր աշխատողը: Տղամարդիկ կանգնեցին, ու դա ավելի շփոթեցրեց Գոհարին:
- Ռուբե՛ն, մենք իրար գիտենք, բայց ուրախ եմ օֆիցիալ ծանոթանալու համար:
Գոհարն այնպես էր ամաչում, որ միայն կարողացավ շշնջալ,- Գոհա՜ր...
- Մարիա՞մ, սա՞ էր Ռաֆի ծնունդը,- ընկերուհու ետևից խոհանոց մտավ Գոհարը.
-Ասաց, չի ուզում աշխատանքի տեղում կամ դրսում հանդիպել, էնպես լա՜վ տղա է , Ռաֆի դասընկերն է, - Մարիամը շարունակեց ինչ-որ բան փնտրել պահարանում՝ խուսափելով ընկերուհու հայացքից:

Ռուբենը հետաքրքիր էր խոսում՝ ռուսերեն շեշտադրությամբ, էնպես էլ անուշ հոտ էր գալիս: Կարծես մի պայմանավորվածություն լիներ. բոլորը խոսում էին իրենց մասին: Գոհարը զարմանում էր ինքն իր վրա, թե ո՞նց այդքան շուտ վերագտավ իրեն ու կարծես թե համաձայն է, ինքն էլ չգիտի թե ինչի՞...
Հրաժեշտ տվեցին տանտերերին ու իջան աստիճաններով: Ռուբենն, իհարկե, չէր թողնի Գոհարին վերադառնալ տուն միայնակ:
-Թույլ տուր ուղեկցեմ,- ասաց:
«Ինչու՞ ոչ»՝ մտածեց Գոհարը և գլխի շարժումով համաձայնության նշան արեց:
-Երևի թե հոգնեցրինք մեր գործերից խոսելով,-նկատեց Ռուբենը փոքր ինչ ժպիտով:
-Ո՜չ, ո՛չ, ամեն ինչ նորմալ է,-Գոհարը դեռ շարունակում էր խուսափել կողքով քայլող տղամարդու հայացքից:
-Դա սովորական է: Տղամարդիկ միշտ էլ սիրում են զրուցել գործերից, նույնիսկ տոնական սեղանի շուրջ:
-Բայց պարզվեց, որ մենք տոնական սեղանի շուրջ չէինք հավաքվել,-քմծիծաղեց Գոհարը:
-Դու սխալվում ես, - Ռուբեն կանգ առավ՝ բռնելով Գոհարի ձեռքը: Այն այնպես տաք էր, ինչ որ ուժ էր գալիս նրանից ու Գոհարն իրեն շատ հանգիստ էր զգում: - Մեր ծանոթանալն արդեն տոն է:
Ռուբենը չէր խուսափում նրանից, նրա հայաքում մի գաղտնիք էր թաքնված, որ ուզում էր դուրս ժայթքել բառերի հետ, բայց դեռ ժամանակը չէր:
-Մի մերժիր ինձ և եկ մի փոքր զբոսնենք,-հնչեց Ռուբենի խոսքը:
Վերջապես Գոհարը բարձրացրեց աչքերը:
-Լավ,-համաձայնեց նա, չփորձելով ետ քաշել ձեռքը Ռուբենի ջերմ ափից:  
Նոյեմբերյան երեկոյի ցուրտն անկարող էր սողոսկել նրանց հագուստից ներս, անգամ քամին չէին զգում, որ նրանց մազերը մեկ-երկու խառնելով հեռացավ ու կորավ մթնշաղում տարուբերվող ծառերի ետևում:

Շատ հաճելի էր Ռուբենի ձայնը՝ հավատ ներշնչող: Ամեն խոսքից Գոհարը մտքում երկար-բարակ մտածում էր, բայց միայն արտաբերում էր այո, կամ … ավելի շատ՝ այո: Երջանկությունը ջերմացրել էր արյունը, դարձել հաճելի խռովք, և ժպիտի ու շիկնանքի ձևով դուրս էր հորդում նրանից:

- Քեզ հավանել եմ առաջին իսկ պահին, որ տեսել եմ, ուզում եմ իմ կինը լինես, հարստություն չեմ խոստանում,աստղեր ու լուսին էլ չէ, բայց սեր ու հավատ՝ վստահեցնում եմ:

Երկար քայլեցին քաղաքի փողոցներով, չնկատելով էլ դրանք ծանո՞թ են, թե ոչ: Իրար ձեռքից բռնած, երբեմն կանգնելով ու իրար աչքերի մեջ նայելով, քայլում էին աղջիկն ու տղան և ծրագրում իրենց ապագան:
Կեսգիշերն անց էր: Մոտեցան Գոհարենց շքամուտքին:
- Երրորդ հարկի այն պատուհանները մերն են:
-Բարձրանա՛նք.

Բնակարանի դռան մոտ Ռուբենը ձեռքերի մեջ առավ Գոհարի գլուխն ու նայեց աչքերին: Խոսքե՞ր: Արդեն ավելնորդ էին: Լռել էին փողոցի ձայները, որ անդադար սղոցում են մարդու ուղեղը: Ա՜խ, որքա՜ն հաճելի էր ազատվել այդ աղմուկից: Լռության մեջ երկու շնչառություն էին, երկու սրտերի խփոց... Ռուբենը համբուրեց աղջկան...

Գիշերը կրկնվող երազի նման էր: Անընդհատ հիշում էր իրենց զրույցները, Ռուբենի ռուսերեն շեշտադրությունն, օծանելիքի բույրը... իսկ շուրթերը դեռ այրվու՜մ էին, ի՜նչ երանություն ...
Գոհարը շտապ վեր կացավ անկողնուց, առանց հողաթափերի վազեց դեպի գրասեղանը, փոքրիկ օրացույցի վրա կարմիր գրիչով օղակեց նոյեմբերի 29-ը, ժպտաց իր հայտնագործությանն ու հանգիստ մտավ անկողին:

2

-Սրտիկս, ես գնացի,- խելոք կմնաք, շուտ կգամ,- հայացքով շոյելով վերմակի տակից ընդգծված կնոջ փորիկը, հուշիկ համբուրելով ականջի բլթակը՝ շշնջաց Ռուբենն ու ուղղվեց դեպի ննջարանի դուռը:
Գոհարը կիսաքուն երջանիկ ժպտում էր:
- Կսպասենք, դու հանգիստ եղիր,- արտաբերեցին կիսաբաց շուրթերը,- մի ժամ էլ պառկեմ ու վեր կենամ:
Աչքերը բացեց մեջքի սուր ցավից: Անտանելի էր: Վերմակը ետ գցեց, որ վեր կենա, չկարողացավ, ոտքերն ընդարմացել էին, շարժել չէր կարողանում,- Ռուբե՜ն...,- ու այդպես կծկված տապ արեց անկողնում:
Մի քանի վայրկյանից ցավը մեղմացավ, անցավ: Փորձեց, ոտքերի զգացողությունը վերականգնվել էր, վեր կացավ տեղերից ու գնաց խոհանոց: Մի բաժակ ջուր խմեց, ասես ոտքերն էլ ամրապնդվեցին: Մտքում միայն մի հարց էր՝ մի՞թե դա հենց այն է, ինչին սպասում են, պետք է անհապաղ զանգել Ռուբենին:
- Բարև Ձեզ, պարոն Սեդրակյան, Ռուբենին կկանչե՞ք, այո, շնորհակալություն, լավ եմ, լավ ենք…, ա՜խ…
Էլի նույն ցավերը, բժշկուհին ասել էր հենց անծանոթ ցավեր ունենաս, շուտ կգաս հիվանդանոց,- Ռուբե՜ն,- թույլ տնքաց Գոհարն ու ամուր բռնեց սեղանից...
Դուռը բացվեց ու հևիհև ներս ընկավ Ռուբենը:
- Սեդրակյանի մեքենայով եմ, գնում ենք հիվանդանոց ...
Բժշկուհին շփոթված էր: Ցավերի հաճախականությունը մոտ է ծննդաբերության, բայց Գոհարի մարմինը՝ ոչ: Միգուցե կեսարյա՞ն անեն, երեխային կորցնելու վտանգ կա: Զանգեց վիրաբույժին:
- Ուշ է վիրահատության համար, պետք է բնական ճանապարհով ծննդաբերի, ամուսնուն կանչե՛ք, - մտախոհ ասաց վիրաբույժը:
- Գոհարի մոտ խնդիրներ կան, Երեխան արդեն ֆիքսվել է, իսկ համապատասխան չափսեր չկան, պետք է վիրաբուժական միջամտություն, եթե ոչ, երեխային կորցնելու վտանգ կա, ուզում ենք, որ դուք էլ ներկա լինեք:
Ռուբենը լվացվեց, հագավ բուժքրոջ տված խալաթն ու գլխարկը: Շատ մտահոգ էր: Նա ինքն էլ անհանգստանում էր կնոջ ու երեխայի համար, բայց պիտի հավաքվի, որ Գոհարը ոչինչ չզգա: Ո՞վ կպատկերացներ, որ կարող է ներկա գտնվել իր զավակի լույս աշխարհ գալուն: Աչքերը լցվեցին, բայց միայն մի պահ, արագ սթափվեց, ինքը ուժեղ էր պետք Գոհարին:
Կինը ցավերից կծկվել էր ու անձայն տնքում էր, արցունքները գլոր-գլոր հոսում էին աչքերից: Ռուբենին որ տեսավ, ամաչությունից ուզեց վեր կենալ պառկած տեղից.
- Էս ու՞ր, աղջիկ ջան, ամուսնուդ բերել ենք որ քեզ ուժեղ զգաս...
Հայացքը հառեց բժշկուհուն, որտեղ և՛ խնդրանք կար, և՛ պահանջ, և՛ համաձայնություն:
-Գոհար ջան, դու ուշադիր լսիր ինձ, մենք հիմա միասին պիտի օգնենք ձեր բալիկի ծնվելուն :
Ռուբենը բժշկուհու ցուցումով կանգնեց կնոջ գլխավերևում, բռնեց ձեռքերը: Նրա տաք ու հուսադրող, չէ՛, վստահություն փոխանցող ձեռքերնջ ամեն ինչ էին Գոհարի համար: Ու նա ապավինեց դրանց՝ ջանալով ամեն կերպ կատարել դրանցով իրեն հասնող հրահանգները…

- Տղա է, - ուրախ բղավեց Ռուբենը՝ չնկատելով բժշկուհու խեթ հայացքը:
Գոհարը քնքշորեն կրծքին էր սեղմել նորածնին ու երջանկությունից փայլում էր: Հայկը ծնվել էր իր ու Ռուբենի ծանոթության օրը, նոյեմբերի 29-ին՝մեկ տարի անց:

3

Հիվանդասենյակի դուռը ծեծեցին: Ռուբենի «մտե՛ք»-ին պատասխան՝ սենյակ մտավ բուժող բժշկուհին:
- Տիկին Գոհար, վաղը վիրահատվում ենք,- ականջին հաճելի հանգիստ տոնով սկսեց նա,- մենք ուժեղ ենք չէ՞,- ու շոյեց սրսկումից կապտած ձեռքը,- այս պահից ոչինչ չուտեք ու չխմեք, ու՝ հանգիստ եղեք: Նայեք աչքերիս, ամեն ինչ լավ է լինելու, դե՞, դե՞...
Մի ձեռքը բժշկի ափում, մյուսը՝ ամուսնու, արցունքները զսպած կոպերի տակ՝ Գոհարը ժպտում էր անբնական ժպիտով ու չէր զգում թե որքան ամուր է սեղմում Ռուբենի ձեռքը:
- Վաղը սենյակը հանձնելու եք,-դիմեց բժշկուհին Ռուբենին, մի անգամ էլ ժպտաց Գոհարին- բարի մնացեք, մի՛նչ առավոտ:
- Դու մի քիչ ննջիր, ես մի հատ ծխեմ ու գամ,- բժշկուհու հետ դուրս գնաց Ռուբենը:
Գոհարը փորձեց պառկել: Ո՛չ, խառը մտքեր են, անհանգիստ վիճակ, մենակ չի ուզում մնալ:
Միջանցքում միայն հերթապահ քույրն էր ու մի հիվանդապահ: Արդեն քանի անգամ ետ ու առաջ էր անում ողջ երկարությամբ՝ չնկատելով, թե որքան արագ է քայլում:
- Վա՞տ եք զգում...
- Ինձ վաղը վիրահատելու են...
- Գիտեմ, ,- ու ժպտաց, որ նշանակում էր «ոչնչից մի վախեցեք»:
Միջանցքի ծայրից գալիս էր Ռուբենը, օ՜, աստված, Երվանդի հետ է, իր դասընկերոջ:
- Գոհա՜ր...
Միանգամից փլվեց Երվանդի գրկում: Երվանդը հայացքով լռեցրեց Ռուբենին.
- Գնա՛նք, գնանք սենյա՛կ.
- Երվանդ ջան, էս որտեղի՞ց, ո՞նց...
- Ընկերոջս հորն են վիրահատել, սպասասրահում տեսա Ռուբենին... էս ինֆարկտը ո՞նց ես հաջողացրել:
Հարցուփորձ արեց նրա ընտանիքից, հետո անցան իրենց պատանեկությանը, վերհիշեցին դասընկերներին , Երվանդի սերերին (իրեն էլ էր հետամտում անպիտանը), առանց իրար հերթ տալու պատմում էին ու այդ ամենը՝ ընդմիջելով ծիծաղով: Ռուբենը երախտապարտ հայացքով նայում էր Երվանդին. «ինչ լավ մարդ ես դու, աստված քեզ ուղարկեց»:

Հեռուստացույցով Նունե Եսայանն էր երգում, կարծես ձյան մասին էր.
- Ուզում եմ քնել, հոգնեցի, լույսը չանջատես, լա՞վ...
Ռուբենը վաղ առավոտյան գնաց Նորքի եկեղեցում մոմ վառելու՝ ի հաջողություն սպասվող վիրահատության: Երբ վերադարձավ, Գոհարը լվացված, մազերը հարդարած ու նոր խալաթով նստած էր աթոռին:
- Ամեն ինչ հավաքել եմ, - ցույց տվեց դռան անկյունը:
Եկավ բուժքույրը, անվասայլակ էր բերել.
- Չէ, ես ինքս կգնամ,- բռնելով ամուսնու ձեռքը, սենյակից դուրս եկան:
Վիրահատարան տանող վերելակի մոտ ժպտաց ամուսնուն, համբուրեց ձեռքերը...
- Ես չեմ վախենում, չմտածե՛ս...
****

- Տիկի՛ն Գոհար, հաշվե՛ք մինչև տասը.
- Չէ, լավ է «Հայր մերը»,- մտքում որոշեց Գոհարը:

- Գոհա՜ր, Գոհա՜ր,- լսվում էր հեռվից տղամարդու ձայնը:
Մի ծանրություն էր զգում կրծքավանդակում, մտածեց որ իրեն արդեն անզգայացնում են, իսկ ձայնն էլի կանչում էր.
- Գոհա՜ր, բացի՛ր աչքերդ..
Լուսավոր, իրեն անծանոթ սենյակ էր, գլխավերևում տղամարդու դեմք էր, աղոտ նմանեցրեց Հրայրին: Աչքերը չդիմացան վառ լույսին ու նորից փակեց:
- Շնորհավորում եմ նոր սիրտդ, դու հերոսուհի ես,- Տղամարդը Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժն էր:
Փորձեց պատասխանել, բայց ինչ.որ բան կոկորդում խանգարում էր խոսելուն:
Մտքում բարձրաձայն արտասանեց. «նոյեմբերի 29, Հրայր, դու էլ Աստվա՜ծ ես» ....

понедельник, 5 ноября 2012 г.


Եկել ես այցի ցերեկով
Երիցուկներ ես բերել դաշտային,
Սիրում եմ - չեմ սիրում ես խաղում
Սավանի վրա Աննայի :

Աշխարհը կիզակետ ունի՝
Ուր Աննան է, դու
Ու թերթիկներն երիցուկների՝
Սիրո աղոթքից մաշված :
........
Ամեն անգամ երազն այս
Աննայով շաղախված մաս-մաս,
Լույսի ու մութի եզերքում՝
Կփնտրես գիշերներում բոլոր...

... Իսկ այգաբացին մի պահ,
Երբ նինջը կհաղթի աչքերիդ,՝
Քամին շուրթերդ կշոյի
Շշունջ համբույրով սավանի: