Մանչուկը ձեռքն առաջ մեկնած
վազվզում է ու բան չի մնում
հուսահատությունից արտասվի,
քանի որ ձյան փաթիլը
ափին չհասած՝ հալչում է։
Եղևնին ժպտում է
ճյուղերին ապաստանած
սպիտակ շերտին
ու վախենում,
որ քամին ուր որ է կգա՝
անխնա կթափահարի իրեն։
Քամին լուռ ու մունջ
ծվարել է ձորում,
հոգնած նայում է
գետակի ջրերին,
որ ձյան փաթիլների
ամեն հպումից
սառցե վերմակ են երազում։