понедельник, 12 октября 2026 г.

 Երազային իրականության մեջ  

 հույզերը մոգական են ,    

բախումները ՝ խոցելի

ամպերը՝ խորհրդանշական, 

հպումներն ՝ անհասանելի, 

հակադրությունները՝ գլխիվայր, 

կերպարանափոխությունը՝ տեսանելի, 

անհետացումը՝ տեսողական... 

ՈՒ ես՝ այս ամենի ֆոնին՝ շոշափելի ,

 փխրուն էակս

 հագել եմ զգեստն անշոշափելի ամոթխածության ,  

գլխիվայր կախվել ամպերից

ու  ծաղիկներ է կաթում մարմնովս։ 

Սա հոգեբանական փորձառություն է

 ու ես հանկարծ հասկանում եմ, 

որ իմ մեկուսացած վիճակում 

հայելին  այսկերպ է արտահայտում 

հոգուս ու ապրումներիս փոխազդեցությունը։ 

Արի, կարոտել եմ քեզ։

https://www.facebook.com/share/p/1bGSWhYzqd/

12 հոկտեմբերի, 2026թ.     


вторник, 2 июня 2026 г.



Տարիներիս

դարսած տրցակը

թերթում եմ համոզմամբ,

որ կգտնեմ քո մասին

ինչ որ հուշում,

բայց ՝ ապարդյուն։

Պիտի ետ տամ

առնվազն հիսունը,

որ հասնեմ քեզ։

Չկաս ոչ մեկում,

իրական՝ չկաս։

Հոգիս,որ միշտ 

տասնհինգ տարեկան է,

ժպտում է այդ իրականությանն

անհամաձայն,

թե՝ բա այն անկյունում,

որ ինձ պահ ես տվել,

ի՞նչ հիշողություն ես փայփայում։

Ու պատմում է

անվանդ, ձայնիդ,

ու էլի բաների մասին,

որ անմեղ գաղտնիք էին  ։ 

Իմ պատկերացումներում, 

անսահման, անսահման հեռվում

  ժպտուն աչքերով

այն պատանին է։

Ժամանակը մշուշշվել է, 

անցել է կուտակված հեղձուկը:

Ես հիմա այն աղջիկը չեմ... 


02 հունիսի, 2026թիվ.       


суббота, 13 декабря 2025 г.


Երեկ, տուն վերադարձիս, 

էլեկտրասյանը հենված

Տոնածառ նկատեցի։ 

Սկզբում մտածեցի ՝

հա, ինչ անենք, 

երևի փոքր էր՝ նորն են գնել։ 

Հետո, ողջ երեկո 

հավասարակշռությունը կորցրած 

այդ տոնածառի հետ էի,

որովհետև զանգուլակները կախ էին 

ու լույսերն էլ՝ վրան ։

Ինչու՞, դեռ ամանոր էլ չէ, 

Ինչո՞ւ... 

Իմ երազներում 

միշտ հնչում է 

խորապես հուզիչ

նույն մեղեդին, 

ուր անբառ երգվում է 

դեռ չիրականացած սիրո մասին, 

պատմվում է , 

որ մենք կարող ենք

գրկել մեկին, մեկ֊միակին, 

համբուրել, 

զգալ մարմինների դող, 

բայց միևնույն ժամանակ 

իրար չհպվել։ 

Սա անհասանելիության 

զգացողություն է,

ու մեզ իր նուրբ, 

անբառ նոտաներով տանում է 

աներևույթ սահմանագիծ, 

ուր դու ինձ հետ ես, 

ուր կարոտի, 

սիրո հավերժության 

փոխանցումն է 

առավոտյան իրականություն , 

որ  միայն 

մեր երազներում է։ 

Բացում եմ աչքերս , 

ու այս ապրումների կողքին 

տեղավորում եմ 

երեկ երեկոյան 

տունդարձին նկատածս 

միայնակ տոնածառն

ու վառում եմ լույսերը։ 

Տաք սուրճի հետ 

վայելում եմ երազիս պատմությունն 

ու ժպտում պատուհանից թարթող 

նեոնային լապտերին, 

որի մասին մոռացել են 

էլեկտրիկները։ 

Կյանքը հիասքանչ է։ 


Արաքս Հակոբյսն

13 դեկտեմբերի, 2025 թ