воскресенье, 10 мая 2020 г.

Երբևէ հիշու՞մ ես ինձ



     Մառախուղ էր, 
միասին բարձրացանք բլուր. 
 հիշում եմ ամպը։ 
Եռանդուն շարժումներով 
չոր փայտերով 
փոքրիկ խարույկ վառեցիր. 
 հիշում եմ հևքդ։ 
Գրկեցիր մեջքս 
ու նստեցինք քարին. 
հիշում եմ տրոփը սրտիդ ։ 
Փչում էիր մազերիս 
ու աննկատ համբուրում. 
 հիշում եմ շունչդ ։ 
Ձեռքերս առար 
քո ավելի մեծ ձեռքերով 
ու պարզեցիր կրակին. 
 հիշում եմ ջերմությունդ։
Շշնջում էիր, 
սովոր, հազար անգամ լսած, 
շատ ծանոթ խոսքեր էին. 
 զգում էի բառերդ։ 



   Հիշեցրու 
ի՞նչ էիր ասում, 
շատ կարևոր է, 
չէ՞ որ միասին էինք երազում։ 

          10 մայիսի 2020թ.      

суббота, 2 мая 2020 г.



Մի հեզիկ աղջիկ
դողում է հրճվանքից. 
 Հաուզերի աղեղը
քամում է մեղեդին
թավջութակի լարերից՝
շոյում ունկը նրա։

  Հանդիպելու՞ է սիրելիին։ 
Անցած կյանքում
այսօրը
ժամադրություն են նշանակել։



02 մայիսի, 2020թ.      

воскресенье, 19 апреля 2020 г.




Բառերս
Հոգի են ուզում
Բանաստեղծելու համար։ 

Իմ
Մուսան
Երկար բացակա է։

Չգիտեմ
 որ
Ամպերում է խճճվել։ 


       19 ապրիլի, 2020թ.            

суббота, 11 апреля 2020 г.




Ստվերի նման
Ձուլվել է մայթին
Ուրուն Հադեսի. 

Անձայն, 
Ու անփույթ, 
Անտարբեր,
Անկյանք, 
Անշարժ
Ու անձև... 

Էլի եկել է...
11.04.2020

воскресенье, 22 марта 2020 г.


հոգիս 
մի անտես 
շղարշ է հագել 
ու 
լայն ժպտում է 
գարնան գույներով՝
աշխարհին, 
մարդուն 
ու 
բնությանը...



вторник, 21 января 2020 г.




Իմ սիրուն,  Լուսե,
Թագադիր, պայծառ,
Ամենաժպտուն,
Ամենախոսուն,
Բանաստեղծական։

Փաթիլ՝ ձմեռվա,
Կանաչ՝ գարունքի,
Արև՝ ամառվա,
Սյուք՝ վաղ աշունքի,
Արշալույս՝ օրվա։

Կարոտել եմ քեզ։

21 հունվարի 2020 թիվ.    

четверг, 31 октября 2019 г.



Ցողն
 արթնացավ
աշնան արևի 
շողի համբույրից 
ու հուրհրատեց  
դեղին տերևի 
նախշուն  մատներին ՝ 
ոնց ադամանդե
ակնը մատանու։

Քամին 
իր խանդի
գագաթնակետին
ուզեց այդ գանձը  
իրենով անել.
գութը կորցրած
զարկեց ճղներին, 
պոկեց տերևը, 
տարավ վեր
ու՝ վար ։

Հեքիաթն ավարտվեց։ 
Արցունքի կաթիլ
դարձավ ցողիկը, 
անզորությունից 
հոսելով դեպ ցած՝
փարվեց մայր հողին։ 
Արևի շողի
համբույր կար շուրթին։ 


Նոյեմբերի 1, 2019 թվական