вторник, 26 сентября 2017 г.

Ուղերձ՝ առ երկինք


 
    Ես էի օգնել,  որ դու քեզ հնարեիր։ 
    Քո օգնությամբ էլ ես ինձ հնարեցի։
    Սիրում էինք...
    Մեր հեքիաթը տևեց ութ ամիս. սկզբում՝ ուղղակի, հետո՝ իմիջիայլոց, հետո՝ բուռն, հետո... հետո մեզանից մեկը սայթաքեց։ Մյուսի մեկնած ձեռքն ամուր չբռնեց...  սահեց դեպի անդու՞նդ, թե՞ հոդս ցնդեց հեքիաթը:
    ՈՒ՝ չկաս ԴՈւ։
    Այս ընթացքում ամեն կերպ փորձել եմ պատասխանել ինձ տանջող «ինչու՞ներին», հասկանալ։ Հիմա գիտեմ ու չեմ բարձրաձայնի։
   Կարևորը՝ մեր հնարած կերպարներն անխոս հասկանում էին իրար։ Մեկի լինելը  պայմանավորված  էր մյուսի գոյությամբ։
   Այսօր երկու ամիս է՝ չկաս։ ՈՒ հիմա ես իմ  մեջ արդարացնում եմ քո չլինելը։

   Ես քեզ ազատում եմ ինձանից։     
   Թևածի՜ր ...  




 

понедельник, 4 сентября 2017 г.



Հիմա եկել՝
Հիշողություններս ես
Մաս֊մաս թարմացնում։
Հավաքում եմ բոլորը,
Շարում ժամանակի
Իրենց տեղերում.
Մեկը խունացած է,
Մեկը՝ փոշոտ,
Մյուսը՝ ճաք տված...

Սոսնձած ոչինչ չեմ սիրում։
Չստացվեց...

пятница, 1 сентября 2017 г.

Կարոտ



Դու՛՝ գիտե՞ս
ինչ ասել է «կարոտ ».

Երբ ամեն բջիջդ տենչում է
Ու ունայնություն է ապարդյուն...
Երբ մատներդ փնտրում են
Ու չեն գտնում հպվելու համար...
Երբ լեզուդ նվվում է անունը
Ու արձագանք՝ չկա։
Երբ աչքերիցդ կաթող արտասուքը
Լվանում է տեսիլքը...
Երբ մի օր իրականությանը 
խոստովանում ես
որ պարտվել ես
Ու մահանում է հավատդ։

Ա՛յ, սա է «կարոտը»։
Իմ սպասումը հոգնել է արդեն ՝
Ե՛տ արի...

вторник, 29 августа 2017 г.



Իմ երազներում
Ինչ որ լինում է՝
Իմ ուզելով է։

Ուրեմն այսօր,
Ճիշտ կեսգիշերին՝
Երազիս արի։

30 օգոստոսի, 2017թ.

четверг, 24 августа 2017 г.

Գնա՜



Անցած ժամանակին
Ես պահ եմ տալիս
Միայն ժպիտը,
Ասած ջերմ խոսքը,
Սիրով համբույրը,
Մատների խաղը դողով մարմնական...,
Աչքերի փայլը,
Ու այն ամենը՝
Ինչի մեջ լույս կա ...

Իսկ սպասումը...
Այն ժամանակի
Կորուստ է իզուր։
Գնա՜...
Ետ առ
Ամեն ցավացրածդ րոպեն
Ու հետդ տա՜ր  ...


среда, 23 августа 2017 г.

Այնքան իրական



Մեր զրույցների
Ընդմիջումերում՝
Համբույր էր,
Գգվանք,
Մատների խաղ էր,
Արյան եռք էր, կիրք...

Այնքան իրական,
Այնքա՜ն իրական...








пятница, 18 августа 2017 г.

Գիշերային



Գիշերն
Ակնկալում էր
Սիրո շշունջներ՝
Երբ եկավ իմ տուն։

Տեսավ՝ մենակ եմ,
Պինդ գրկեց  մեջքս
Ու տարավ երկինք՝
Աստղեր հաշվելու...

Խո՜ր շնչեցի...
Փակեցի աչքերս,
Փարվեցի կրծքին
Ու անխոս տրվեցի մթությանը...