вторник, 18 сентября 2018 г.






Ես՝ սիրո երգիչ,
Դու՝ սիրո գերի։
Սերն  ընդհանուր է։ 

Ես ու Դու 
երկչոտ, 
փակագծից ներս։

Երգչի զիլ ձայնին 
գերին ունկնդիր,  
թողին՝ հեռացան։ 

Արդյունքում  մենք ենք՝ 
սիրով տոչորված 
ու բազմապատիկ։

18 սեպտեմբերի, 2018թ.    

воскресенье, 15 июля 2018 г.



     Ասում են, իբր ծղրիդը երգում է, իբր՝ սերենադ։
     Միգուցե ուրիշ տներում իրոք երգում է:       Մեր տան ծղրիղը ձայն չունի, լսողությունից էլ թույլ է՝ անկապ ծղրտում է։
      Ես մտածում եմ, ինքը ծղրտում է՝ չի թողնում կենտրոնանալ, մտքիս թելը կտրում է։
      Լույսը վառում եմ՝ սսկվում է, անջատում, գնում եմ ձայնի ուղղությամբ՝  լռում է... օֆ, զզվացրեց., գոնե  երաժշտական ռիթմ ունենար, գոնե քայլերգի նման մի բան... հը՞...


(Շարունակելի) 

воскресенье, 10 июня 2018 г.




Հոգումս 
ամբարած պատրանքներին
 ազատ եմ թողնում։ 
Էլ ուժ չունեմ։ 

Արևի շողեր 
փնջեք 
ինձ համար... 
մրսում եմ 

11 հունիսի,  2018թ.      

понедельник, 4 июня 2018 г.



Ու՞ր մնաց ժամանակն այն,  
երբ օտար չէինք... 
Փորձում եմ 
վերհիշել  
քեզ հետ կապող 
բոլոր եզրերը. 

 Աչքերդ կկոցած՝ 
հիպնոս էր, 
ու ես պլշած 
սահում էի գիրկդ։ 
Մատներիցդ   
հորդող էներգետիկ ուժն  
եռք էր տալիս 
արյանս։ 
Շուրթերիդ թրթիռն՝  
երբ ժպտում էիր,  
տակնուվրա էր անում 
հոգիս։ 
Ձայնիդ  բարիտոնը 
շոյում էր ականջս 
Հայդնի սոնատների 
հնչեղությամբ։
Հայացքդ 
համբույր էր անընդմեջ՝
սեթևեթ բառերիս 
պատասխան։  

Ուզում եմ 
ըմբռնել .
 իրակա՞ն է ներկան, 
հիմա՝  ես կա՞մ, թե՞՝  չկամ...

04 հունիսի,  2018թ.           

среда, 18 апреля 2018 г.



Ասում են,  
երբ արևը վառում է 
կծելու աստիճան՝ 
անձրև է գալու... 

Հիմա,  
Երբ  այդքան ջերմ բաներ ես ասում
սիրտներս խոցելով, 
ի՞նչ է սպասվում... 

Մի՛ լացացրու ...

18 ապրիլի,  2018 թիվ.   

вторник, 3 апреля 2018 г.



Հոգսը 
ծանրացել հոգուս, 
հատել է  ուժերս,  
ընկճել՝ հավատս, 
խճճել հոգնության 
լաբիրինթում։

Աստված իմ, 
առ ինձ ափերիդ մեջ՝
ջերմացրու,
գորով տուր, 
կորով տուր՝
որ ապրեմ էլի։ 

04  ապրիլի, 2017 թիվ   



вторник, 20 февраля 2018 г.



Ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն
Հարցերը չկան
Երբ միասին  ենք. 
Դու
Շարունակիր
Լինել իմ մուսան։