суббота, 16 ноября 2013 г.

Երազանքի օդապարիկներ


Ճախրում է խատուտիկի թերթիկը, բոլոր ծաղկաթերթերրից անկշիռն ու միակ թռչել կարողացողը: Նրա սպիտակ, թափանցիկ օդապարիկները քամու թևով տարածվում են ամենուր: ՈՒ մարդիկ, ում բակում կամ տանը  հայտնվում են, հրճվանքից բացականչում են՝ «նամա՜կ ունենք ստանալու..»

Ուզում եմ լինել այս օդապարիկի ուղևոր, որ  ինձ տանի դեպի վեր, ամպերից էլ վեր, տանի բոլոր այն վայրերը, ուր միշտ երազել եմ լինել, տանի նրա մոտ, ում անունը վաղուց իրավունք չունեմ տալու... միայն վերադարձի պայմանով...

կարոտել եմ Հայկիս...


воскресенье, 10 ноября 2013 г.

Սպասում...














Տիրոջ
անտարբեր հայացքը սահելով եկավ , բևեռվեց կատվի վրա, որ չգիտես ցրտի՞ց, թե՞ վախից կծկվել,  միալար մլավում էր:
Փիսոն այդ հայացքից սթափվեց, ցատկեց տեղից,  դուրս փախավ քամու հարվածներից բացուխուփ անող դռնից:

Անկողնուց վեր կենալուց ետ սպասում ունի: Արդեն երկու ժամ հագնվել, նստել է պատշգամբի ճոճաթոռին:

Կողքի փոքրիկ սեղանին սպասուհին մաքրած մանդարին, կաթով սուրճ, դառը շոկոլադե սալիկ, տորթի մի կտոր է դրել: Ոչնչի ձեռք չի տվել: Մատների մեջ խաղացնելով rothmans-ի գլանակն ակնդետ նայում է դարպասին... սպասում է....
« Պիտի որ գան, այսօր կիրակի է, - մտորում է անձայն:

 Փիսոն վերադարձավ, կրկին տեղավորվեց  կարպետին: Զգում է, որ լավ բան չի սպասվում այդ տեղատարափից, շրխկոցների շառաչյունից:

Տիրոջ մթագնած մտքերն ունակ չէին ընկալելու ոչինչ։ Նա այդպես էլ, ամեն ինչին անտարբեր, շարունակեց նստած մնալ ճոճաթոռին՝ իբրև ժամանակի ուրվական


воскресенье, 20 октября 2013 г.

Արտասուքե աղբյուրը



Ո՜նց չի սիրում այս ընդհանուր լողավազանները. պիտի բոլորի աչքի առաջ մերկանա, բոլորի հետ մտնի նույն ջուրը, մարմինը նախանձով տնտղող հայացքներն էլ չասած: Միակ լավ բանը բուժիչ պղպջակներն են, որ ծակծկում, խուտուտ են տալիս մաշկը, մարմինը ընդարմացնում: Ինքը փակում է աչքերը, մոռանում ամեն ինչ ու բոլորին:
Այստեղից դուրս կգա, կքայլի պուրակում: Կնստի հոր ծանոթ նկարչի կողքին, կզրուցի հետը, ամեն հետաքրքրվողի էլ կաբացատրի, որ նկարների մեջ գերիշխող դեղինը քաղաքին շատ պակասող արևն է: Պատկերացնելով այդ պահին նկարչի հպարտ կեցվածքը, ինքն իրեն ժպտաց:
Մեկ ժամը շատ արագ անցավ:
Ոչ նկարիչն է իր տեղում, ոչ էլ նրա անհասկանալի դեղինով կտավները: Նստեց նստարանին:

Սիրուն քաղաք է Ցխալտուբոն, կանա՜չ-կանա՜չ կիպարիսների մեջ: Բնակիչները սպիտակամաշկ են, գեղեցիկ: Սկզբում զարմացած էր. բոլոր կանայք սևազգեստ են ու սև գլխաշորերով: Իր ենթադրությունը, թե քաղաքը սուգի մեջ է, բարեբախտաբար հերքվեց: Ուղղակի մոդա է սև գույնը:
Անշտապ քայլերով դեպի իրեն է գալիս բարձրահասակ, սիրուն աչք-ունքով մի երիտասարդ: Տեղավորվեց նստարանին ու, ինչպես վաղուցվա ծանոթի, ողջունեց.
-  კომენტარი პირველმა (գամար ջոբա):
- Բարև, здравствуйте:
- Дато, то есть Давид:
- Алла,- ակամայից ասաց անունն ու երկուսով միաժամանակ փռթկացրեցին:
- Армянка, отдыхаете, я из Тбилиси? А где Разо?:
- Его нету, я из Еревана, родители на процедурах,  жду пока придут, - իր նստարանին մենակ նստելը անգիր արածի նման արդարացրեց ու էլի երկուսով ծիծաղեցին:
Դաթոն ճանապարհաշինարար է: Ավարտել է գործերն ու մեկնելուց առաջ որոշել է հրաժեշտ տալ նկարիչ բարեկամին: Դե, քանի որ նա էլ էստեղ չի, իրեն մնում է վեր կենալ ու շարժվել դեպի հայրենի քաղաք, թե՞...
Ալլան մտովի թարգմանում էր Դաթոյի խոսքերը.
- Կուզե՞ս քայլենք մի քիչ, մեքենաս այգու մյուս կողմում է, համ էլ ինձ կճանապարհես:
Դաթոյի ինքնավստահ պահվածքը հավատ  էր ներշնչում: «Այդպես ավելի լավ կլինի»,- մտածեց աղջիկն ու վեր կացավ:
Քայլելով հասան ոլորապտույտ աստիճաններին ու սկսեցին իջնել: Դաթոն սկսեց մի պատմություն:
- Արքայազնը սիրահարված էր մի գեղջկուհու: Ամեն հնարքի դիմում է, որ աղջկա սիրուն արժանանա, սակայն ապարդյուն: Աղջիկը չի սիրում ու չի սիրում նրան: Սիրուց տանջված պատանին գալիս, ծառերի տակ նստում է ու քնով անցնում: Գիշերը շատ ցուրտ է լինում: Առավոտյան պալատականները նրան գտնում են սառած: Աղջիկը լսում է լուրը, գալիս է, ու ի զարմանս ներկաների, այդ պահին տղայի աչքերից արտասուք է հորդում: Աղջիկը համտեսում է արցունքն ու սիրտը ճմլվում է: Նա հասկանում է, որ արդեն սիրում է: Պատանուն այդ վայրում էլ հողին են հանձնում: Որոշ ժամանակ անց գետնի տակից սկսում է ջուր դուրս գալ: Աղբյուրի գերբնական ուժի համբավը տարածվում է ողջ երկրով մեկ ու նրա սահմաններից դուրս: Ժամանակների միջով այն անցել ու մեզ է հասել: Ով խմում է այդ ջրից, սկսում է սիրել:
Բազալտե աստիճանները տարան մի ընդարձակ հրապարակ, ուր մշտադալար թփերի մեջ քարե ցայտաղբյուր է առանձնանում:
- Չե՞ս ուզում փորձել.
- Վախենում եմ:
- Սիրելը վախենալի չէ:
- Շուտ է...

Ինչքա՜ն հաճելի է լռությունը:
Ալլայի աչքերը ժպտում են, Դաթոյի ձեռքերը՝ համոզում, երկուսի շուրթերը՝ դողում...
Ժամանակն է հրաժեշտի:






понедельник, 30 сентября 2013 г.

Մի բուռ Արև



Աշնան օր է, 
Արև է, տաք:
Այգիներում բերքահավաք, 
Խաղողակութ:

Լավ, վեր կենամ,
Ես էլ գնամ 
Բարկ արևից շողեր քաղեմ
Ու ամբարեմ:

Ու թե հանկարծ
Մեկին պետք գա,
Չեմ վարանի, մի բուռ արև
Սիրով կտամ:


30 սեպտեմբերի, 2013թ

вторник, 17 сентября 2013 г.

Հոգիս է մրսում



Ուզում եմ գրկես ու կրծքիդ հպես,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...

ՈՒ հասկանում եմ. կարոտից է սա,
Իմ ցուրտ օրերի մենակությունից
Հոգի՞ս է մրսում, թե ցուրտ է դրսում...

17.09.2013թ




Ուզում եմ գրկես ու հպես կրծքիդ,
Քո տաք ձեռքերով մարմինս շոյես,
Համբուրես, տիրե՜ս...

կարոտել եմ քեզ ու չեմ հասկանում
հոգի՞ս է մրսում, թե՞ ցուրտ է դրսում...

17.09.2013թ.








воскресенье, 8 сентября 2013 г.

Նանե




Նանեն չէր կարողանում սեղանից օգտվել: Մի զույգ աչքեր դիմացից պլշած իրեն էին նայում, հետո մի զույգը դարձավ երկու, երեք ... շատ: Արդեն իրենց շարքի մարդիկ էլ էին նայում, վա՜յ, ի՜նչ ամոթ է: Ողջ սրահում բվվում էր մի շշուկ-. «ո՞վ է ...», և ես դեռ գրական եմ ասում, Եղեգնաձորի բարբառով հնչում է՝ «վա՞վ ի էդ աղջիկը»:
Հուսահատ ու անզոր հայացքը կախ էր գցել, բան չէր մնում, որ լացեր:
-Հուսիկ եղբայր,- զիլ հնչեց թամադայի ձայնը,- մեզ ներկայացրու էդ խորոտ աղջկան, որ կողիդ ես նստացրել, չե՞ս տենում բոլորին հետաքրքրում է թե վա՞վ ի։
Հորեղբայրը մի ձեռքն առավ գինու բաժակը, մյուսով գրկեց Նանեի ուսերն ու տեղից վեր կացավ:
- Մեր Աշոտի աղջիկն ի, գլուխդ բարձրացրու, Նանե ջան, ընչի՞ կամչնաս:
Խեղճ աղջիկն ավելի ամաչեց, բայց հորեղբոր հուսադրող ձայնն ու իրեն նստարանից վեր հանող ձեռքը ստիպեցին գլուխը բարձրացնել՝ նայել առաջ:
Հաջորդ օրը ողջ քաղաքը ճանաչում էր իրեն:


*******
Ժիրայր


Չէր կարողանում աչքերը կտրել աղջկանից.  տեսնես ո՞վ է, հաստատ իրենց քաղաքից չէ, գյուղերից էլ չի լինի, ուրիշ է, լրիվ ուրիշ։ Ինչքա՜ն նուրբ է, փոքրիկ, մեծ֊մեծ աչքերով,  սպիտակամաշկ ...
֊Ես Ժիրայրն եմ, արի պարենք, ֊առանց այլևայլության բռնեց աղջկա ձեռքից, պարահրապարակ տարավ։
Նանեն էր, հանդիսության տիրոջ ազգականուհին, բոլոր֊բոլորից տարբեր, ուրի՜շ...
֊արի փախչենք, գնանք՝ կորչենք մթության մեջ։ 

Նանեի ականջներում քամին սուլում էր Գրիգի լյա մինոր վալսը ու նա ինքնամոռաց պտտվում էր Ժիրայրի շարժումներին համընթաց...



*******
Նոյեմբերյան արևը վերջին ճիգերով իջել էր Կարմիր սարին ու հուրհրատում էր երջանկությունից։ Ներքևում տեղ-տեղ տերևաթափ, դեղին-կարմիր հագած անտառն էր, որ քամուն լռացրել էր, որպեսզի սիրահարներին լսելի ու տեսանելի լինի գետնին թափված տերևների խշշոցը։ 
    Երկնային մի լույս առաջնորդում էր դեպի եկեղեցի։ 
    Ձեռք֊ձեռքի մտան գավիթ, ապա՝ խորան։  Ակամայից դարձան իրար. Նանեն՝ երկչոտ, արցունքի կաթիլն աչքերին,  Ժիրայրը՝ վստահ,  գորովալից հայացքով։ 
֊ Տե ՞ր ես, 
֊ Տե ՞ր եմ։ 
֊ Հնազա՞նդ ես
֊ Հնազա՜նդ եմ... 
Արցունքի կաթիլը մեծացավ,  ծանրացավ, ցայտեց Նանեի այտին... 

Ծառերը, Ժայռերի կարմիրը, անգամ Արևը՝ ղողանջում էին, ողջունում նորապսակներին...

******

Նանեն հորեղբորը խնդրեց ետ գնա, վախեցավ որ կբարկանա, եթե Ժիրայրին տեսնի ավտոկայանում, բայց նա լրջորեն որոշել էր աղջկան նստացնել երթուղային ավտոբուս, նոր գնալ աշխատանքի։
Ավտոբուսը եկավ, հորեղբայրը գնաց, իսկ Ժիրայրը չէր երևում։ 
Նանեն կպել էր պատուհանին. հիմա, ուր որ է, կգա, խոստացել է...
Երթուղայինը շարժվեց, իր հետ տանելով արտասվող Նանեին, որ  ոչ մի տեղ չէր կարդացել վատ ավարտով հեքիաթներ:

Ժիրայրի սիրտը գիշերը...



пятница, 6 сентября 2013 г.

Ցավը

Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».


- Մի՛ արա մամայիիիս...

- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...


Սեղմած բռունցքներով, արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ: Մտքում հորը պատմում էր, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»