Բարև՛, Ալեքսանդր.
Գիտեմ որ Հայաստանի ժամանակով առավոտյան 8-ին է թռիչքը:
Բարի ճանապարհի մաղթանքիս կցում եմ մի նամակ, որ պիտի կարդաս, երբ ինքնաթիռն օդում լինի:
Ուզում եմ նամակս հետդ բարձրանա երկինք ու այնտեղ ընկերդ լինի: Կարծում եմ համաձայն ես: Միգուցե այդպես քեզ համար կարճ լինի ճանապարհը. Ինչևէ , ես սա անում եմ ուզենալով ու հիմա կփորձեմ գրել: Նախորոք ասեմ, որ այն չեմ վերընթերցելու, եթե կլինեն սխալներ, չես նկատի… այսպես..
Ահա առաջին առաջարկը, որ անում եմ,.
Ես երբեք չեմ եղել Փարիզում, այն ինձ համար անհնար մի բան է ու որոշեցի տեղավորվել քո մտքում ու հետդ գալ… իմ ներկայությունը քեզ կազատի այն տհաճ իրողությունից, որ ճանապարհի ընկերներդ քեզ անցանկալի մարդիկ են, քանի որ զբաղված կլինես ինձ պատմելով այն ամեն զգացողությունների մասին, որ կապված են թռիչքի հետ:
Շատ վաղուց ինքնաթիռ չեմ նստել ու հիմա մի քիչ շփոթված եմ…
… դու կտեսնես կապույտ երկինքը, որ քո աչքերի գույնն ունի … ու մի վհատվիր, որ Ալեն Դելոնի նման չես, նա ինձ այնքան ել գեղեցիկ չի թվում, առավել ևս, նա երբեք ինձ չի ասի «բարև Աստղիկ ջան», այո՛…
Ես կլինեմ Փարիզում աշնանը,
Ուր կապույտ երանգ կլինի ամենուր,
Քանզի քո աչքերում կլինեմ ես՝
Որ գույնն ունեն կապույտ անծիրի….
(սա քեզ էքսպրոմտ՝ խենթության հաջորդ արտահայտումը)
Ես ուզում եմ տեսնել թե ինչպիսին են ամպերը վերևից ու դու այդ մասին էլ ինձ կպատմես::
Հետո օդանավի աղջիկները քեզ կհյուրասիրեն ու դու կվերցնես ինչ որ մի հյութ, նախընտրիր ցիտրուսային, ես դրանք եմ սիրում:
8 օր կլինես Փարիզում ու այդ օրերը ավելի կհեռացնեն քեզ ինձանից, ու որպեսզի չտխրեմ, երբեմն կնայես հայելուն, որքան էլ որ չես սիրում: Չէ՞ որ ամեն օր պետք է սափրված լինես ու այնտեղից ինձ կժպտաս: Ես այստեղ կզգամ (պիտի ասեմ որ այն պահերին, որ դու ինձ նամակ ես գրում, ես այստեղ ահավոր կարմրում եմ (դու ասում ես կարմրվում…): Ու երբ ստուգում եմ փոստը, ժամանակի առումով սխալված չեմ լինում: Ու այն օրն էլ, որ լուսադեմից առաջ զարթնել էի, ձայն էի լսել ու կարծում եմ դա քո ձայնն էր. ահա այդպես…
Այնուհետև. Եթե կունենաս ժամանակ, գոնե մեկ անգամ կքայլես Սեն գետի ափով ու կողջունես նրան իմ կողմից ու կասես, որ ես շատ կուզենայի իրեն տեսնել ու հիմա նա պիտի այնպես տպավորվի քո աչքերում, որ ինձ տեսանելի լինի:
Ամեն գեղեցիկի մասին այդ քաղաքում դու կպատմես ինձ, երբ կունենաս այդ ժամանակը:
Ես տալիս են անունդ բարձրաձայն ու ուզում եմ դու այն լսես, այսպես ՝ ԱԼԵՔՍԱ՛ՆԴՐ … Ասել եմ չէ՞, ինչ հաճույքով եմ գրում անունդ… դու միակ Ալեքսանդրն ես, որ ես ճանաչում եմ ու միակ մարդն ես, որ ունի կապույտ աչքեր ու կարողացել է իմ խենթ հոգուն արթնանալ ներշնչել:
Գիտե՞ս, ես իհարկե դա չեմ անի, բայց ուզում եմ ամեն քայլափոխի ասել, որ դու կաս ու գնում ես կարևոր գործեր անելու մեր երկրի համար, մեր Հայաստանի, որին երկուսս էլ սիրում ենք: Խնդրում եմ, մի փորձիր ընդմիջել ինձ քո համեստությամբ:
Իսկ քո հետ եկողները չէ՞ որ գոռոզանում են հենց այդ մտքից, չնայած միայն Փարիզում լինելու համար են գալիս… այսինքն, չգիտեմ…):
Քանի՞ ժամ է թռիչքը… ես առանց ձանձրանալու շատախոսում եմ … դե ես 20+ տարեկան եմ ու այդ պատճառով հիմա անօգնական վիճակից մի քիչ արցունքոտվում եմ ,
Անհուն կարոտ է իմ հոգում
Ու ես թախծում եմ, անվերջ թախծում
Ալեքսանդր, մեր նամակագրությունը հասկանալու համար ես դեռ ժամանակի պահանջ ունեմ, բայց և՛ ուզում եմ գրել, և՛ ստանալ, ու թե ինչու՞, չեմ ուզում մտածել այդ մասին … դե հիմա ինչ կմտածես իմ իմ մասին, ես հանկարծ փոշմանեցի որ քեզ գրում եմ այս նամակը… չեմ ուզում այսպես…
Սակայն քեզ խոստացել եմ, ետ չեմ նայում. հաշվում եմ մինչև 7 ու… ահա, շարունակում եմ.
Չե՞ս ուզում մի քիչ ննջել… ավելի հարմար տեղավորվիր նստատեղում. այո, լավ է… ես չգիտեմ գուշակու՞մ եմ, թե՞… ժպտա՜, ես դա էի ուզում, մերսի՜…
Երևի այդ քաղաքում բոլոր կանայք գեղեցիկ են, օդը ներծծված է անուշահոտություններով… ու չկան բարդույթներ … Փարիզն ես այդպիսին եմ պատկերացնում …
Ինձ թվում է այդ 8 օրերը հավիտենական են լինելու, ինչու՞… չէ՞ որ ինձ ու քեզ անհրաժեշտ քո համակարգիչը քեզ հետ է, իմը՝ իմ տանը…
Այս օրերին ես դառնալու եմ համակ ուշադրություն ու կպչելու եմ հեռուստացույցին.: Միգուցե պատահականորեն ինչ-որ մի խենթ օբյեկտիվ քեզ նկարի՞ ինձ համար՝ առանց քո գիտության …
Ալեքսանդր, խնդրում եմ, երբեմն-երբեմն կգտնես ինձ համար ժամանակ, ես, ես… ես… կարծես թե սիրտս նվաղում է այս պահին… ու՞ր եմ գնում քեզ հետ, ի՞նչ է կատարվում ինձ հետ… ու ինչե՞ր եմ գրում հիմա ես քեզ ու ինչու՞… հավանաբար ասում եմ բաներ, որ մտածում են միգուցե, բայց բարձրաձայն չեն ասում, իսկ խենթերը ասում են. ահա, պարզվում է ես գրում եմ քեզ, բայց ինքնաարտահայտվում եմ,…լավ է ես հիմա ավարտեմ աս նամակը:
Ժպտա ինձ ու… ես էլ եմ ուզում ժպտալ … ԱԼԵՔՍԱ՛ՆԴՐ… եթե քո անունը լիներ ավելի երկար, միևնույնն է, ես այն հաճույքով եմ արտասանում…
Քեզ հաջողություններ եմ ցանկանում, անհոգ օրեր ու վայելիր Փարիզը բոլոր հնարավոր պահերին:
Բարի՜ վայրեջք:
Շատ սիրով, լայն ժպիտով ու արդեն կարոտով՝ Աստղիկ
ՓԱՐԻԶ ԻՆՁ ՀԱՄԱՐ
Ես կլինեմ Փարիզում աշնանը,
ՈՒր կապույտ երանգ է ամենուր.
Քանզի քո աչքերում կլինեմ ես,
Որ գույնն ունեն կապույտ անծիրի...
....................................................................
Աչքերիդ կապույտ անծիրում
Փարիզը ես տեսա աշնանը,
Ու Սենը ես տեսա գիշերով
Աչքերիդ կապույտ անծիրում...
Սենի հայելին աստղազարդ,
ՈՒ աշտարակը Էյֆելյան,
Աչքերիդ կապույտ անծիրում
Ինձ համար Փարիզ են նկարում...
Տեսնում եմ հայացքդ սևեռուն
Սենի խոր ջրերին հառած,
Իսկ նա կարծես թե մոլորվել
ՈՒ էլ չի գնում առաջ...
Դու պատմում ես նրան այն մասին,
Որ փոքրիկ աղջիկ եմ ես հեռվում,
Որ փոքրիկ աղջիկ եմ ես հեռվում,
Ու կապույտ աչքերիդ անծիրում
Իր տեսքով Փարիզ եմ ես փնտրում...
Իմ սիրտը նվաղած, վիրավոր
Խոսքիդ գգվանքին է կարոտ,
Գորովանք, քնքշանք է հարկավոր
Իմ սրտին նվաղած, վիրավոր...
Ահա Փարիզ, Սեն. միատեղ
Գիշերվա լույսերով ողողված՝
Աչքերիդ կապույտի անծիրով
Ինձ համար Փարիզ են նկարում...
նոյեմբերի 29, 2008թվական
Շատ գեղեցիկ եք գրել: Հետաքրքիր էր մտնելը մարդու մտքի մեջ ու շատախոսել:
ОтветитьУдалитьու այդպես 3 ժամ :)
ОтветитьУдалитьմերսի Տարոն ջան,